Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հրատարակչությունը լույս է ընծայել արեւմտահայ բանաստեղծ Ռուբեն Սեւակի հատընտիրը:
Թանգարանի տնօրեն, գրքի խմբագիր Հենրիկ Բախչինյանը տեղեկացրեց, որ Ռուբեն Սեւակի պահպանված արխիվային նյութերի զգալի մասը գտնվում է թանգարանում եւ ամփոփված է բանաստեղծի անհատական ֆոնդում:
Սեւակին վերաբերող արխիվային առաջին նյութերը թանգարան են բերվել 1957 թ.: Այստեղ ամենաարժեքավորը Սեւակի բանաստեղծությունների ինքնագիր տետրն է` գրված Սիլիվրիում եւ Էրֆուրտում: Այնուհետեւ 1965-1990 թվականներին թանգարանը Սեւակի կնոջից` Յաննիից, եղբորորդուց` Հովհաննես Չիլինկիրյանից, դուստր Շամիրամից եւ այլ անձանցից ստացել է Սեւակի գրած եւ ստացած նամակների, բանաստեղծությունների ու թարգմանությունների ինքնագրեր, լուսանկարներ, փաստաթղթեր, անձնական գործածության իրեր:
Նորընծա հատընտիրը բովանդակում է գրողի շուրջ մեկ տասնյակ բանաստեղծությունների եւ մեկ արձակ գործի բնագրերն ու այդ գործերի ֆրանսերեն թարգմանությունները: Հատորյակում զետեղված են նաեւ ֆրանսիական պոեզիայից Ռուբեն Սեւակի կատարած թարգմանություններն ու դրանց բնագրերը:
Ռուբեն Սեւակ ինքնատիպ ոճի եւ խոսքի տեր տաղանդավոր մտավորականը ունեցավ գործունեության կարճ շրջան, բայց թողեց մեծարժեք գրական ժառանգություն:
Իր կարճատեւ կյանքի երեսուն տարիների ընթացքում, ավելի ճիշտ` իր «գրական կյանքի» ութ տարիներին Սեւակը հայ գրականության մեջ նվաճեց ծանրակշիռ տեղ:
Ռուբեն Սեւակը (Ռուբեն Չիլինկիրյան) ծնվել է 1885 թ. Պոլսի արվարձաններից մեկում` Սիլիվրիում: Նախնական կրթությունը ստացել է Ասքանազյան վարժարանում, այնուհետեւ երկու տարի հաճախել Պարտիզակի ամերիկյան վարժարան, 1901-ին ընդունվել Կ. Պոլսի Պերպերյան վարժարանը:
Պոետի հոգով օժտված պատանի Ռուբենը մեծ հետաքրքրություն է հանդես բերել նաեւ գիտության հանդեպ: 1905-ին Սեւակը մեկնել է Լոզան, որտեղ հետեւել է բժշկական դասընթացներին եւ փայլուն ավարտել 1911-ին: Այդ ընթացքում նա մոտիկից ծանոթացել է եվրոպական գրականության բազմաթիվ երկերի: Մասնակցել է նաեւ Լոզանի «Արմենիա» ուսանողական միության ձեռնարկումներին, մուտք է գործել գրական-ստեղծագործական աշխարհ` գրելով բանաստեղծություններ, որոնք տպագրվել են Կ. Պոլսի հայկական թերթերում: Առաջին բանաստեղծություններն ընդունվել են մեծ հետաքրքրությամբ եւ նրա համար հեղինակություն ապահովել:
1909-ին Ադանայի ջարդերը խորապես հուզել են Սեւակին: Այդ շրջանում գրած բանաստեղծությունները բացահայտում են նրա վիշտն ու հուսահատությունը:
1910-ին լույս է տեսել այդ կոտորածներից ազդված նրա առաջին եւ միակ տպագիր երկը` «Կարմիր գիրքը» խորագրով: Ժողովածուն ամփոփում է այդ նախճիրի ազդեցությամբ գրված երեք պոեմ` «Ջարդի խենթը», «Թրքուհին» եւ «Մարդերգություն»: «Ազատամարտ» օրաթերթում տպվել է Սեւակի «Բժիշկի գիրքէն փրցուած էջերը», որ բժշկական արձակ պատմությունների շարք է: Ռուբեն Սեւակը ամուսնացել է գերմանուհի Յանի Ապելի հետ: Նրանք ունեցել են երկու զավակ` Լեւոնը եւ Շամիրամը: Սեւակն աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում, այնուհետեւ ընտանիքի հետ վերադարձել է Կ. Պոլիս` բժշկական գործունեությանը զուգահեռ մասնակցել է գրական կյանքին: Կարդացել է առողջապահական հարցերին նվիրված դասախոսություններ:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Սեւակը որպես ռազմական բժիշկ զորակոչվել է օսմանյան բանակ, բայց ապրիլի 24-ի չարագուշակ գիշերվանից երկու ամիս չանցած ձերբակալվել է:
Նա տարագրվել է Չանղըր: Այստեղ, քիչ ժամանակ անց, թուրք բժիշկների պակասի պատճառով խնամել է թուրք հիվանդների: Նրան հաջողվել է մահից փրկել Չանղըրի կարեւորագույն անձնավորություններից մեկի դստերը: Աղջիկը սիրահարվել է Սեւակին, թախանձել է հորը` համոզել նրան ամուսնանալ իր հետ: Սեւակը մնացել է անհողդողդ. «Ի՞նչ օրինակ ենք ծառայելու մեր ժողովրդին», -ասել է բանաստեղծը:
Ռուբեն Սեւակը նահատակվեց 1915 թ. օգոստոսի 26-ին, նույն ժամանակ, ինչ Դանիել Վարուժանը` կիսելով շատ այլ մտավորականների, ինչպես եւ իր ժողովրդի ողբերգական ճակատագիրը:
Մեզ է հասել Ռուբեն Սեւակի ու Վարուժանի եղերական մահվանը վերաբերող մի թուրք սայլապանի հավաստի վկայությունը, որ թուրք ավազակները իրագործել են սոսկալի ոճիր` նրանց մերկացնելով կապել են ծառին եւ մորթել:
Ռուբեն Սեւակը մեծ եղեռնի նահատակ գրողներից ամենաերիտասարդն էր: Ցավոք անկատար մնաց նրա այնքա՜ն փայփայած երազը` հրատարակել իր բանաստեղծություններն ու արձակ գործերը` «Սիրոյ գիրքը», «Վերջին հայերը», «Քաոսը», «Բժիշկին գիրքէն փրցուած էջերը»:
Գրքի լուսավոր ծնունդը առիթ է մեկ անգամ եւս խնկարկելու պոետի հիշատակը, հաղորդակից լինել նրա անմահ խոսքերին:
ԱՐՓԻՆԵ ԱՍԼԱՆՅԱՆ