«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2006-10-19 | #200, 2006-10-20 | #201, 2006-10-21


ՀԱՄԱՐՁԱԿ ՈՒՂԵՐՁ, ՈՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ ՉՀԱՍԿԱՑԱՎ

Վարդան Օսկանյան, «Ինթերնեշընըլ Հերալդ տրիբուն», Հրապարակվել է 2006թ.-ի հոկտեմբերի 19-ին

Երեւան, Հայաստան: Հայաստանը պետք է ուրախ լինի անցյալ շաբաթ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից օրենսդրության ընդունմամբ, որը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանության հերքումը հանցագործություն է համարում:

Ֆրանսիայից եկող ուղերձը հստակ է. քանի դեռ Թուրքիան հրաժարվում է իր սեփական անցյալին բացեիբաց նայել, այլոք են ստիպված լինելու դա անել: Մյուս կողմից, եթե Թուրքիան ոտք դնի ճանաչման ու հաշտեցման դժվարին ուղու վրա, ապա դա մյուսների համար առիթ կհանդիսանա, որպեսզի մի կողմ քաշվեն եւ թույլ տան գործընթացներին սեփական հունով զարգանալու:

Փոխարենը մենք տխրությամբ ենք նկատում, որ այս զորեղ ուղերձը Թուրքիան չի ուզում հասկանալ: Այն շարունակում է իրեն պարուրել առասպելներով, փախչել անցյալից եւ դրանով իսկ խուսափել ապագայից:

Հետեւելով Թուրքիայում տեղ գտած արձագանքներին կարելի է ասել, որ անազնվություն է, երբ մի երկիր, որը չի թույլատրում ազատ խոսքը եւ քրեորեն պատժելի է դարձնում իր իսկ (հետեւաբարՙ նաեւ մեր) պատմության որոշակի մասերի ուսումնասիրումն անգամ, այդքան վրդովվածություն է դրսեւորում մի օրենքի հանդեպ, որը քրեորեն պատժելի է համարում այդ նույն պատմության մերժումն ու հերքումը:

Ի վերջո, փաստացի, դժվարին բանավեճը պետք է հենց Թուրքիայում տեղի ունենա, այլ ոչ թեՙ Ֆրանսիայում, կամ Շվեյցարիայում: Թուրքիայում է, որ ազատ ու անկաշկանդ երկխոսության կարիք է զգացվում, ինչը բացարձակապես բացակայում է: Նրանք, ովքեր գոչում են «պամությունը թողեք պատմաբաններին», փակում են պատմաբանների բերանը:

Միեւնույն ժամանակ, Թուրքիան կրքոտ կերպով մերժում է քննարկումներում որեւէ երրորդ երկրի ներգրավումը, որն իրականում պետք է տեղի ունենա թուրքերի ու հայերի միջեւ:

Հայերից առավել ոչ մեկ չի ցանկանում, որ այս երկխոսությունը տեղի ունենա: Այնուհանդերձ, Թուրքիան անհնարին է դարձրել այսպիսի փոխանակումները մեր երկու ժողովուրդների ու պետությունների միջեւ: Խոսքի սահմանափակումներից զատՙ մեր սահմաններն են մնում փակ: Մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ էլ չկան:

Այլ խոսքերով, հնի կողքին նոր փորձառությունների կուտակման, նոր հիշողությունների, նոր փոխգործակցության համար ոչ մի հնարավորություն չկա: Փոխարենը, կան անվտանգության շարունակվող մտահոգություններ մի հարեւանի հանդեպ, որը չի մերժել այդպիսի պետական բռնությունը:

Քանի Թուրքիան շարունակում է իրեն անկյուն դնել, այն կաշկանդում է այս տարածաշրջանի ապագան եւ իր ազդեցությունը թողնում թեՙ իր, թեմեր ժողովրդի վրա: Ավելին, այն ծայրահեղականները, որոնք լավ են հասկանում հանդուրժողականությունից, բացությունից ու մերձեցումից բխող մեծ ռիսկերն ու դրանց գինը, դրանից ավելի են քաջալերվում:

Մենք միակ հարեւանները չենք աշխարհում, որ հարաբերություններում խնդիրներ ունեն: Բայց հենց այն պատճառով, որ կողք-կողքի ենք ապրում, պետք է կամենանք ու պատրաստ լինենք անցյալը հաղթահարելու:

Ֆրանսիայի կողմից 20-րդ դարի առաջին ցեղասպանության սկզբունքային ճանաչումը հարյուր հազարավոր ֆրանսահայերինՙ ցեղասպանության վերապրածների ժառանգներին վերադարձնում է այն արժանապատվությունը, որից զրկված են եղել թուրքական կառավարության այն պնդումների պատճառով, թե այն բռնությունները, որոնցով իրենք անցել են, չափացուցված առասպելներ են:

Կասկած չկա, որ եթե «ցեղասպանություն» բառը 1915թ.-ին գոյություն ունենար, այն կօգտագործվեր աշխարհով մեկ հրապարակվող թերթերի հարյուրավոր հոդվածներից յուրաքանչյուրում: Տեսեք, թե որքան հաճախ է այն օգտագործվում այսօր նկարագրելու իրադարձություններ ու դեպքեր, որոնք իրենց ծավալով ու ապանդի աստիճանով շատ ավելի փոքր են:

Երբ կառավարությունը որոշում է ձերբազատվել իր իսկ բնակչությունից քաղաքական խնդիր լուծելու նպատակով, դա ցեղասպանություն է: 1913-1916թթ.-ի ԱՄՆ դեսպանը Թուրքիայումՙ Հենրի Մորգենթաուն «ազգի սպանություն» կոչեց այն, ինչին ականատես էր լինում: Այլոք այն «ցեղի սպանություն» էին կոչում: Նրանք այդպես էին կոչում, որովհետեւ ցեղասպանություն բառը դեռեւս գոյություն չուներ:

Օսմանյան կառավարիչներին գահընկեց անողները, ժամանակակից Թուրքիայի առաջին ղեկավարները, ներառյալ Քեմալ Աթաթուրքը, իրականում այս հանցագործությունները կատարողներին զինվորական դատարանով դատապարտման ենթարկեցին: Այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը, որը ժառանգել է իր հիմնադիրների ազգայնականությունը, բայց ոչ նրանց հիշողությունը, անասելի գումարներ է ծախսում համոզելու աշխարհին, որ այդպիսի բան տեղի չի ունեցել:

Եվ ոչ միայն գումարներ: Այսօր պատմությունը ժխտելու ու նորովի գրելու նրանց շարունակվող համառությունը նրանցից ժամանակ է խլում եւ նրանց հեղինակությանը վնասում: Այսօրվա թուրքերը չեն կրում ոճրագրոծների մեղքը, եթե վերջիններիս պաշտպանելու եւ նրանց հետ նույնանալու ընտրությունը չեն կատարում:

Սա քաղաքական իրականությունը է, որում թեԹուրքիան, եւ թեՀայաստանը գոյություն ունեն այսօր միջազգային հանրության շրջանումՙ իրենց ներկայիս սահմաններով: Մերՙ հարեւաններ լինելը քաղաքական իրականություն է: Քաղաքական իրականություն է այն, որ Հայաստանը Թուրքիայի անվտանգությանը վտանգ չի սպառնում: Եվ ի վերջո, իրականություն է, որ այսօրվա Հայաստանն այսօրվա Թուրքիային կոչ է անում դիվանգիտական հարաբերություններ հաստատել:

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար որեւէ նախապայման չի ներկայացրել: Ոչ էլ Հայաստանը դեմ է Թուրքիայիՙ ԵՄ անդամակցությանը: Մենք կցանկանայինք, որպեսզի Թուրքիան բավարարեր ԵՄ բոլոր ստանդարտները: Մենք կցանկանայինք, որպեսզի Թուրքիան ԵՄ անդամ դառնար, որպեսզի մեր սահմանները բացվեին եւ մենք կարողանայինք համագործակցել ապահով ու բարգավաճ տարածաշրջան կառուցելու գործում:

Մենք կարող ենք միայն ենթադրել, որ Եվրոպան կակընկալի Թուրքիայից, որը լրջորեն է վերաբերվում իր ԵՄ անդամակցությանը, որպեսզի այն հաշտվի իր անցյալի հետ: Քչերն են թուրքական հասարակությունում սկսել ներզնման ու ուսումնասիրման դժվարին գործընթացը: Մենք կարող ենք միայն ողջունել այդ գործընթացը:

Էական է, որպեսզի միջազգային հանրությունը օրենքները չշրջանցի, կուրորեն չվերաբերվի, իր չափանիշների եզրը չիջեցնի, այլ փոխարենը շարունակաբար իր ձեռքը մեկնի, անցյալը հաղթահարելու իր օրինակը, իր պատմությունը տրամադրի, որպեսզի հայերն ու թուրքերը, բոլոր եվրոպացիները առաջ ընթանան նոր պատմություն կերտելու ճանապարհով:

Վարդան Օսկանյանը Հայաստանի արտաքին գործերի նախարարն է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4