Դա պայմանավորված է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի հակասական դիրքորոշումով»
Հայոց ցեղասպանության ուրացումը պատժող օրինագծի Ֆրանսիայի խորհրդարանում քվեարկության նախօրեին, երբ թուրքական թերթերը դատապարտում էին ֆրանսիացիներին, Ստամբուլում հրատարակվող «Ռեֆերանս» օրաթերթը վերոհիշյալ վերնագրով անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների հարցին: Այս թերթի հոկտեմբերի 12-ի համարում հրապարակված հոդվածը կարելի է համարել յուրատեսակ հայացք Հայաստանին Թուրքիայից: Թեեւ հոդվածագիր Սելմա Շիմշեք Բեքթաշը զերծ չէ չափազանցություններից, այնուամենայնիվ նրա հոդվածը ուշագրավ է հատկապես Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղային գծի, ինչպես նաեւ Հայաստանի շրջափակման աննպատակահարմարության առումով:
Ահա թե ինչ է գրում նա. «Վերջին 24 տարիներին 17 երկիր ցեղասպանության հարցում պաշտպանեցին Հայաստանի թեզը: Ամեն առիթի դեպքում հայերի ցեղասպանությունը «այսպես կոչված» համարող Թուրքիան Հայաստանի դեմ պաշտոնապես շրջափակում է կիրառում: Սակայն, շնորհիվ երկու ժողովուրդների երկխոսության «այսպես կոչված» է դարձել նաեւ շրջափակումը: Դրա վկայությունը Կարսի քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուի հետեւյալ խոսքերն են. «Ստամբուլից Երեւան չվերթեր են կատարվում: Հայաստանում վաճառվող ապրանքների 70 տոկոսը թուրքական է: 70 հազար հայաստանցիներ աշխատում են Թուրքիայում: Իսկ մենք չենք հասկանում թե սա ինչ շրջափակում է: Թուրքիան իր դռները բացել է Հայաստանի առջեւ, միայն Կարսի սահմանն է փակ, ինչի հետեւանքով մեր քաղաքը տարիներ շարունակ զրկվել է եկամուտից, ապրուստից ու ներդրումներից»:
Երբ մենք ուսումնասիրություն էինք անցկացնում Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղային նախագծի առնչությամբ, հանդիպեցինք քաղաքապետին, իսկ նա այսպես ամփոփեց հետզհետե զարգացող առեւտրական երկկողմ հարաբերությունների հակադրումը Հայաստանի դեմ 1993-ից ի վեր կիրառվող շրջափակմանը: Ինչպես նշեց Ալիբեյօղլուն, կարսեցիների համար առաջնայինը ոչ թե երկաթուղային այդ նախագիծն է, այլ Թուրքիայի հայկական սահմանի բացումը: Նույն տեսակետին է նաեւ Հայաստանը:
Ակնհայտ է, որ նշված նախագծի իրագործման դեպքում Հայաստանը կհայտնվի դժվարին կացության մեջ: Նրա սահմանները ցեղասպանության պնդումների պատճառով փակ են Թուրքիայից, իսկ Լեռնային Ղարաբաղի օկուպացման պատճառով Ադրբեջանի հետ: Ավելին, Իրանի հետ սահմանամերձ շրջանները բնակեցված են ազերիներով, ինչը Հայաստանին նեղն է գցում եւ փաստորեն մեկուսացնում է:
Հայաստանը, գիտակցելով որ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղին կհանգեցնի շրջափակման եւ մեկուսացվածության խորացմանը, հստակ պահանջ է դնում` բացել թուրք-հայկական սահմանը, որովհետեւ սահմանի բացումով նա կգործարկի Կովկասից եւ Միջին Ասիայից դեպի Չինաստան ձգվող առկա երկաթգիծը, դառնալով տարանցիկ միջանցք:
Այս նախագիծը, որին դեմ է Հայաստանը, սփյուռքահայերի ճնշման հետեւանքով մերժվեց ԱՄՆ Սենատում: Այսպիսով կանխվեց ամերիկյան «Էքսիմբանկի» նախատեսած 400 մլն դոլար վարկի հատկացումը նախագծին:
1993-ից Թուրքիան եւ Հայաստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ: Շրջափակման պատճառով ուղղակի առեւտուր նույնպես չի կատարվում: Ներկա պահին Թուրքիայի արտահանությունը Հայաստան կատարվում է Վրաստանով եւ Իրանով: Դրա ծավալը շուրջ 100 մլն դոլար է: Թուրքիան գլխավորապես սննդամթերք եւ շինանյութ է արտահանում, իսկ Հայաստանից անուղղակի ճանապարհով հումք է ներմուծում: Ներմուծման ծավալները կազմում են շուրջ 50 մլն դոլար:
Ըստ թուրք-հայ գործարար միության նախագահ Քաան Սոյաքի, Թուրքիայի եւ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները կարելի է հասցնել 500 մլն դոլարի, սակայն Թուրքիան, փակելով Հայաստանի առջեւ Կարսի սահմանադուռը, հակասական մոտեցում է դրսեւորում եւ կրում է զգալի կորուստներ: «Շրջափակում կոչված այս սխալի համար, ասում է նա, վճարում են միայն կարսեցիները, որովհետեւ Ստամբուլը բաց է Հայաստանի առջեւ: Քանի դեռ հայ-թուրքական սահմանը բաց էր, առեւտուրը զարգանում էր երկու երկրների միջեւ: Հիմա կորցնում է ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Թուրքիան: Թուրք գործարարներն ստիպված երկար ճանապարհ են կտրում: Դա բարձրացնում է ապրանքի գինը: Իսկ Հայաստանը պարտադրված գնում է փչացած ապրանք, այն էլ թանկ գնով: Եթե սահմանը բացվի, ապա երկու երկրները Միջին Ասիայի եւ Չինաստանի շուկաներ համատեղ դուրս գալու լայն հնարավորություն ձեռք կբերեն: Թուրքիան առիթը բաց թողեց Տեր-Պետրոսյանի, հիմա արդեն բաց է թողնում Քոչարյանի օրոք: Թեեւ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում հարաբերությունները մի քիչ ավելի սրվել են, սակայն նրան հաջորդելու է ավելի ազգայնական իշխանություն»:
Սոյաքը միաժամանակ նշեց, որ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղին որքան էլ համարվի հայ-թուրքական սահմանի այլընտրանքը, բացառվում է դրա կառուցման հավանականությունը, որովհետեւ Կովկասում ծավալվում են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի տարաձայնությունները: Այնուհետեւ նա շարունակեց. «Այս երկու երկրները հաշտեցման եզրին չեն հանգել, առանց դրա Կովկասում հազիվ թե իրագործվի երկաթուղային որեւէ նախագիծ: Մ. Նահանգները դեմ է նախագծին, որովհետեւ պահանջում է հայ-թուրքական սահմանի բացումը: Այս նախագիծն արդեն սահմանի փակ լինելու պատճառով է առաջ քաշվել: Եթե դա բաց լիներ, ապա ԱՄՆ-ը չէր առարկի Վրաստանի տարածքով երկրորդ երկաթգծի անցկացմանը: Սակայն նա ներկա պահին չի ուզում կորցնել Հայաստանը»:
Ուշադրություն հրավիրելով Ռուսաստան-Վրաստան լարվածության վրա, Սոյաքը ենթադրում է, որ դա կարագացնի թուրք-հայկական սահմանի բացումը: Նրա կարծիքով, եթե կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը եւ թուրքական կողմը ընդառաջ քայլ կատարի, ապա սահմանը կբացվի: Ինչ վերաբերում է ցեղասպանությանը, ապա դրա շուրջը ծավալվող բանավեճերն այն հարցը չեն, որ լուծվեն մեկ ակնթարթում»:
Հ. Չ.