Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, Ֆրանսպրես գործակալության փոխանցմամբ, իր կարծիքն է արտահայտել Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրինագծի ընդունման առնչությամբ: Ազնավուրի կարծիքով, ժխտողականության դեմ օրենքը պետք է վերաբերեր բոլոր հանցագործություններին, այլ ոչ միայն հայերի դեմ գործված հանցագործությանը: Շառլ Ազնավուրի մոտեցմամբ, հիանալի է, որ մտածել են այդ մասին, բայց չպետք է մոռանալ մյուս ցեղասպանությունները:
82-ամյա շանսոնիեն իր ուրախությունն է հայտնել նաեւ գրականության բնագավառում թուրք գրող Օրհան Փամուքին Նոբելյան մրցանակ շնորհելու առնչությամբ: Ազնավուրը հատկապես ընդգծել է Օրհան Փամուքին նման մրցանակ շնորհելու հանգամանքը, քանի որ Փամուքն արդարացիորեն քննարկում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդիրը:
Ա. Հ.