Երեկ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը «Փակագիծ» ակումբում մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության դիվանագիտությունը որակեց «հայկական կոմպլեմենտար գաղտնի դիվանագիտության կռախ եւ դիմակազրկված» (կապված Արցախի 7 գավառների հետ): «Տալ այդ 7 գավառները, նշանակում է տալ Ղարաբաղը` ամեն ինչ կամ ոչինչ», ասաց պրն Հակոբյանը եւ հստակեցնելով իրենց տեսակետը նշեց. «Այս երեւույթը մենք անվանում ենք, բնորոշում ենք արցախյան վիկինգների մեծամոլական հալյուցինացիա` քաղաքակրթական տգիտության եւ խավարի ֆոնի վրա...», եւ ՀՀ նախագահին խորհուրդ տվեց նման խորհրդատուներին «ուղարկել պատմության աղբարկղ»: Մանրամասն վերլուծելով հայ-ռուսական նոր փոխհարաբերությունները կապված ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի արած հայտարարության հետ, որակեց այսպես. «Շագրենյան կաշվով նման քաղաքական գործիչները ավանտյուրիստներ են եւ Ռուսաստանին հարկավոր է հասկացնել, եթե դուք մեզնից պահանջում եք կոմպլեմենտարիզմից բեւեռացվել, կրիստալիզացվել, ռուսական բացարձակ կողմնորոշման վրա, ուրեմն բարի եղեք 1-ին հերթին ձեր քաղաքական սիրախաղերը ազերի եւ օսման թուրքերի, եվրոպացիների եւ ամերիկացիների հետ կրիստալիզացնել, մեզ համար ապահովեք հաղորդակցության սեւծովյան միջոցների այլընտրանք...»: Պարոն Հակոբյանը առաջարկեց Ռուսաստանից պահանջել` Արցախի ինքնորոշման կարգավիճակը եւ մեկ գունդ առայժմ պահել Ջավախքի բնակչության անվտանգության համար: Մարքսիստները, ըստ նրանց ղեկավարի, մշտապես ասել են. «ՌԴ-ն մերն է, ՀՀ-ն ձերը...» եւ շատ ուրիշ արտահայտություններ մեջբերելով հստակ 4 պայման առաջարկեց, որ եթե դրանք չնդունվեն, ապա հայերը կգնան ՆԱՏՕ. «Չենք թույլ տա, որ Հայաստանը խոշոր պետությունների դիվանագիտական զոհասեղանին մատուցվի որպես ընծահավ» եւ «թող Արեւմուտքն այստեղ պլացդարմ ստեղծի»...
Անդրադառնալով նոր հակակրիմինալ շարժմանը` պրն Հակոբյանը այն անվանեց «դատարկ ֆրազոլոգիա» եւ մեջբերեց 99 թ.-ից արած հայտարարությունը. «Կրիմինալ քաղաքական աղբը, թափթփուկների հոծ զանգվածները մղվում են իշխանություն: Ժամանակն է նրանց կանգնեցնել: Հետեւում համապետական կործանիչ ճգնաժամ է...»: Մարքսիստը խոր ուսումնասիրություն է կատարել եւ եզրահանգել, որ «դոլար-դրամ խաղերը կապ ունեն հակակրիմինալ շարժման հետ, եթե ձեռներեցն ու «նրանց փոփոխական եւ հաստատուն կապիտալի անձեռնմխելիությունը» ապահովված չեն, կապիտալը հոսում է դուրս, իսկ ընդդիմությունը հայտարարություններ է անում. «Կուլակաթափ ենք անելու` նպաստում է կապիտալի արտահոսքին...»:
Բացի դրանից մարքսիստները էլի շատ բացասական երեւույթներ են տեսնում մեր երկրում, դա է «լոբիինգային պառլամենտարիզմի քաղաքականությունը, երբ կնքահայրերը պառլամենտ են ուղարկում իրենց կամակատարներին, ովքեր պաշտպանում են օլիգարխիկ կապիտալի շահը: Սա օրհասական կլինի ազգի համար», զգուշացնում է Դավիթ Հակոբյանը ու Լենինին մեջբերելով ասում. «Մենք կկտրենք այն հարուստների ձեռքերը, ովքեր ձեռք կմեկնեն իշխանությանը»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ