Քանի դեռ մեր քաղաքական վերնախավին ձեռնտու չէ լրատվամիջոցների անկախությունն ու տեղեկատվության ազատությունը, միջազգային որեւէ կառույց ի զորու չէ առաջադեմ երկրների լրատվամիջոցների օրենսդրական փոփոխությունները եւ էթիկական նորմերը թեկուզ մասամբ Հայաստանում կիրառելի դարձնել: Որքան էլ մեծ լինեն այդ կառույցների ցանկություններն ու հնարավորությունները, նրանց գործողությունները կդոփեն տեղում ու շոշափելի հաջողություններ չեն նկատվի: Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ժողովրդավարության ծրագրերի պատասխանատու Բլանկա Հանչիլովան կարծում է, որ վիճակը հուսահատեցնող է, սակայն հուսալքվելու փոխարեն հարկավոր է ամեն կերպ հարթել գլխավոր խոչընդոտներըՙ աջակցելով լրատվամիջոցներին ու միավորելով շահագրգիռ կազմակերպություններին: Որպես կանոն, մեր լրատվամիջոցները ծայրաստիճան քաղաքականացվում են առավելապես խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ, ինչը միջազգային կառույցներին հուշում է քաղաքական ուժերի եւ լրատվամիջոցների հետ քննարկումներ անցկացնել դրանցից քիչ ավելի վաղ: «Արտիկլ 19» կազմակերպությունը երեկ հրավիրել էր «Խոսքի ազատությունը Հայաստանում 2007 թվականի նախագահական ընտրությունների շեմին» կլոր սեղանը, որի ընթացքում լսվեցին տարբեր կարծիքներ ընտրությունների ընթացքում ԶԼՄ-ների վիճակի, օրենսդրական դաշտի, ինքնակարգավորման, տեղեկատվության ազատության եւ այլ հարցերի վերաբերյալ: Ընտրությունների ընթացքում հեռարձակվող լրատվամիջոցների եւ տպագիր մամուլի խնդիրներն ավելի կսրվենՙ առաջիններն ավելի խիստ կվերահսկվեն, իսկ երկրորդներն ավելի կտառապեն թերթերի առաքումը խոչընդոտող լիցենզավորման օրենքներից: Դրանց կավելանան նաեւ միակողմանի լուսաբանումները, բազմակարծության պակասը, հասարակության կարծիքի հետ հաշվի նստելու բարդությունները եւ այլն եւ այլն: Այդ շիլաշփոթի մեջ միակ լույսն ու հույսը կարող է դառնալ սահմանադրական դատարանն իր ընդունած օրենսդրական փոփոխություններով: Գուցե դրանք մեր քաղաքական ուժերին հեռու պահեն «աքլորակռիվներից»: Ինչպես ասում ենՙ կապրենք, կտեսնենք:
Իսկ երեկվա քննարկման ժամանակ ելույթ ունեցան մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Շավարշ Քոչարյանն ու Գեղամ Մանուկյանը, «Երեւանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը, փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, «Տեղեկատվության ազատության կենտրոնի» տնօրեն Շուշան Դոյդոյանը, Ա1+ հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը, «Նոյյան տապան» լրատվական գործակալության տնօրեն Տիգրան Հարությունյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը եւ ուրիշներ:
Կուսակցությունների կեսը ֆինանսական հաշվետվություն է տվել, կեսըՙ մերժել
Հայաստանում գրանցված 23 քաղաքական կուսակցությունների ծրագրի, կանոնադրության եւ ֆինանսական հաշվետվության մասին սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 10 հարցում անելիս «Տեղեկատվության ազատության կենտրոնի» տնօրեն Շուշան Դոյդոյանը մի քանի ղեկավարներից լսել է զգայացունց խոսքեր: Օրինակ, «Ազգային միաբանությունից» եւ «Ժառանգություն» կուսակցությունից նրան խորհուրդ են տվել դիմել հարկային ծառայություն, իսկ «Արիական միաբանության» նախագահը նրան կասկածել է լրտեսության մեջ: Երկար բացատրություններից, վստահություն ներշնչող խոսքերից հետո Արմեն Ավետիսյանի կասկածամտությունը նահանջել է, ներողություն է խնդրել ու անկեղծորեն պատասխանել է իրեն տված հարցին: Ինքն իրեն գերազանցել է «Հայ երիտասարդական կուսակցության» նախագահ Սարգիս Ասատրյանն ասելով. «Դուք ո՞վ եք դարձել, որ նման տեղեկություն եք ուզում, հո նախագահի վերահսկողական ծառայությունից չե՞ք»: Ինչքան էլ նրան բացատրել են, որ հարցումն արվում է ոչ թե դրամաշնորհային ծրագրով, այլ քաղաքացիական նախաձեռնությամբ, ոչինչ չի փոխվել: Ամենաօրինավորը եղել է «Օրինաց երկիրը»ՙ առաջին պատասխանը ստացվել է այդ կուսակցությունից, հետո «Ազգային ժողովրդավարական» կուսակցությունից, «Հանրապետական», «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի ժողովրդական», «Դաշինք», «Ազգային ժողովրդավարական միություն», «Հայ արիական միաբանություն»: «Բարգավաճ Հայաստանն» իր զրոյական հաշվետվությամբ մտնում է այս տասնյակի մեջ, քանի որ նոր է ձեւավորվում:
Իրենց գործունեության մասին որեւէ տեղեկություն չեն հաղորդել «Արդարություն», «Հայ երիտասարդական», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն», «Ազգային ինքնորոշում միավորում», «Միավորված աշխատանքային», «Հայաստանի կոմունիստական», «Սահմանադրական իրավունք», «Հանրապետություն», «Ժողովրդական» կուսակցությունները:
Թերի են եղել, ինչպես արդեն նշեցինք, «Ազգային միաբանություն», «Ժառանգություն» կուսակցությունների տեղեկությունները, իսկ ՀՀՇ-ն ներկայացրել է միայն ծրագիրը, ֆինանսական հաշվետվության համար հղում անելով «Տարեգիր» թերթի վրա:
«Ցանկացանք պարզել, արդյոք 23 կուսակցությունները, որ շուտով սկսելու են իրենց գովքն անել, պատրա՞ստ են հաշվետու լինել իրենց գործունեության մասին: Մեր ունեցած տվյալները կհրապարակենք, որպեսզի մարդիկ իմանան ու՞մ են իրենց ձայնը տալու»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ