2-րդ համազգային «Գործարար հայուհի-2006» առեւտրային ցուցահանդեսը կազմակերպվել եւ ֆինանսավորվել է USAID-ի` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների շուկայի զարգացման ծրագրի եւ «Լոգոս էքսպո» կենտրոնի հետ համատեղ: Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի երկու հարկերում շուրջ 62 գործարար կանայք եւ կազմակերպություններ ներկայացրել էին իրենց արտադրանքը` սննդամթերք, հագուստ, քարի եւ փայտի վերամշակում, կիրառական արվեստ, ձեռարվեստ, հուշանվերներ, գորգագործություն, ասեղնագործություն, հրատարակչական գործ եւ այլն:
Ուշագրավ էր հատկապես հայկական խավիարի տաղավարը: «Աստղունք» ՍՊԸ-ն ներկայացրել էր նոր սննդային ապրանքատեսակ` ձկան բնական հատիկավոր խավիար: Ինչպես տեղեկացրեց «Աստղունքի» հիմնադիր տնօրեն Ցոլվարդ Գեւորգյանը, իրենք զբաղվում են տեղական ձկների (սիգ, իշխան) բնական հատիկավոր խավիարի արտադրությամբ ընդամենը մեկ տարի: «Հայկական շուկան տեղական խավիարի կարիք չունի ու դա է պատճառը, որ առայժմ դժգոհ ենք մեր բիզնեսից: Հաճախ մեր խավիարը վերցնում են, կափարիչը փոխում ռուսականով ու 4-5 անգամ թանկ վաճառում, հենց դրա համար էլ չեմ ուզում իմ արտադրանքը հայկական շուկայում վաճառել: Այս մեկ տարում արտադրել ենք ընդամենը 500 կգ եւ համարյա չի վաճառվել: Այժմ փնտրում եմ դրսում գործընկերներ, որպեսզի լավ պիտակավորումով արտահանեմ»: Իսկ թե ինչո՞ւ «Աստղունք», տկն Ցոլվարդը անկեղծացավ. «Դրանք իմ յոթ թոռներն են` աստղերի շարքը, որը դեռ շարունակվելու է»:
Հայկական խավիարի արտադրությունը իրականացվում է բացարձակապես բնական նյութերի օգտագործմամբ, բացատրում էր տկն Ցոլվարդը եւ ավելացնում. «Դրանք խավիարին տալիս են հիանալի համային հատկություններ, որոնք նման են թառափի խավիարին: «Աստղունքի» խավիարը ենթարկվում է բարձր տեխնոլոգիական մշակման` անցնելով 22 տեխնոլոգիական փուլերով: Իր կալորիականությամբ «Աստղունքի» խավիարը (սեւ եւ դեղին) նույնիսկ գերազանցում է թառափի որոշ տեսակներից ստացվող խավիարին: Ասեմ նաեւ, որ մեր արտադրանքը դրական ազդեցություն է թողնում աղեստամոքսային տրակտի վրա, նպաստում է տղամարդկանց ակտիվության բարձրացմանը»: Տեղում համտեսելուց հետո բոլորը գոհունակություն էին հայտնում:
Ցուցահանդեսի միջոցով իրար ճանաչելու եւ գործարար կապեր հաստատելու համար կազմակերպիչներին շնորհակալական խոսք հղեց 1-ին անգամ բիզնեսով զբաղվող «M. ZAGA Jewellery LLC» կազմակերպության նախագահ Մարինա Արագչյանը: Ցուցահանդեսին զուգահեռ կին գործարարների համար կկազմակերպվեն բազմաթիվ խորհրդակցական միջոցառումներ` համագործակցության հետագա ուղիների մշակման նպատակով:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ