Կիոտոյի արձանագրության արդյունքներն ու եզրակացությունները երեկ դարձյալ քննարկվեցին Երեւանում, Թեքեյան մշակութային կենտրոնում: Հիշեցնենք, որ սա Եվրոհանձնաժողովի տարածաշրջանային ծրագիրն է:
Կլիմայի փոփոխության Կիոտոյի արձանագրության շրջանակային կոնվենցիային Հայաստանը միացել է 1993 թվականի մայիսին: Զարգացող երկրների համար (նրանց թվում եւ Հայաստանը), Կիոտոյի արձանագրությունը ջերմոցային գազերի արտանետումների կրճատման պարտավորություն չի սահմանում, բայց պարտավորեցնում է տնտեսության մեջ կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կնպաստեն ջերմոցային գազերի կրճատմանը: Սպասվում է, որ ՄԱԿ-ի զարգացման կազմակերպության կլիմայի փոփոխության ծրագիրը Մաքուր զարգացման մեխանիզմների ստեղծման համար տեխնիկական աջակցություն կտրամադրի Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին եւ Մոլդովային: Կառավարության որոշմամբ բնապահպանության նախարարությունն արդեն նշանակել է Մաքուր զարգացման մեխանիզմի գործընթացը համակարգող լիազորված ազգային մարմին:
Երեւանում Նուբարաշենի աղբավայրով արդեն մեկնարկել է մաքուր զարգացման մեխանիզմների ստեղծման գործընթացը: 8 մլն դոլար արժողությամբ այս նախագիծը ֆինանսավորում են ճապոնացիները: Աղբավայրում առաջացած ջերմոցային գազերը կորսացվեն, կայրվեն գազային շարժիչներում եւ միաժամանակ էներգիա կստացվի: Նուբարաշենում նախատեսվում է 16 տարվա ընթացքում 100 հզ. տոննայով կրճատել մեթանի արտանետումները: Ծրագիրն իրականացնելու է ճապոնական «Շիմիզու» շինարարական կորպորացիան:
Սակայն սա մաքուր զարգացման միակ ծրագիրը չի լինի Հայաստանում: Հաստատման փուլում են այլ նախագծեր եւս: Օրինակՙ «Միկա ցեմենտ ՓԲԸ»-ում իրականացվելու է ցեմենտի արտադրության տեխնոլոգիական պրոցեսի օպտիմալացման հաշվին արտանետումների կրճատման նախագիծը: Մշակվում են Լոռու մարզում համայնքային անտառապատման, անտառվերականգնման, Հայաստանի տարբեր շրջաններում փոքր ՀԷԿ-երի ստեղծման նոր ծրագրեր:
Նուբարաշենի նման նախագիծ է նախապատրաստվում Վանաձոր եւ Գյումրի քաղաքների կոշտ եւ կենցաղային թափոնների աղբավայրերում:
Կ. Դ.