«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2006-10-19 | #200, 2006-10-20 | #201, 2006-10-21


ՍԿՍՎԵԼՈՒ Է ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ (1800-2000 ԹԹ) ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ

Հայաստանի ամերիկյան համալսարանում 1999-ից սկսած «Հայ մատենագրութեան թուային գրադարան» նախագծի արդյունքում ստեղծվեց 5-18-րդ դարերի հայ դասական գրականության էլեկտրոնային տարբերակը, որով հնարավորություն ընձեռվեց հայ դասական գրականության առավել տարածման ու ճանաչման: Եվ ահա ՀԱՀ-ից տեղեկանում ենք, որ «Հայ մատենագրութեան թուային գրադարանը» (www digitab.am) Թուրփանջյան ընտանիքի հիմնադրամի նվիրատվությամբ սկսում է 1800-2000 թթ. արեւմտահայ եւ սփյուռքահայ գրականության թվայնացումը, ինչպես նաեւ արեւմտահայ գրականության թվային գրադարանի ստեղծումը:

Հոկտեմբերի 10-12-ը ՀԱՀ-ում տեղի ունեցավ աշխատանքների ընթացքը համակարգող գիտական խորհրդի (Կարո Արմենյան` ԱՄՆ, Հենրիկ Բախչինյան, Վազգեն Գաբրիելյան, Սուրեն Դանիելյան, Ալբերտ Մակարյան, Ալբերտ Շարունյան` Հայաստան, Հարություն Գեւորգյան` Փարիզ, Ժիրայր Դանիելյան` Լիբանան, Մարկ Նշանյան` Նյու Յորք, Գրիգոր Պլըտյան` Ֆրանսիա, Պողոս Սնապյան` Լիբանան, Հարություն Քյուրքչյան` Հունաստան) անդրանիկ նիստը` ճշգրտելու թվայնացման սկզբունքները, հեղինակային եւ նրանց` թվայնացման ենթակա աշխատությունների ցանկերը, աշխատանքային փուլերը, հեղինակային իրավունքի հետ կապված տարբեր խնդիրներ:

Արեւմտահայ եւ սփյուռքահայ գրականության թվայնացումը անկասկած կնպաստի մեր ժողովրդի մյուս հատվածի գրական ժառանգության ավելի մատչելիությանը:

Կարծում ենք, որ այս հրաշալի ծրագիրը առավել ամբողջական եւ մասնագիտական արդյունավորում կստանար, եթե համակարգող գիտական խորհրդի կազմում ընդգրկված լինեին նաեւ մի շարք ուրիշ գրականագետներ սփյուռքից եւ Հայաստանից, ինչպես Երվանդ Ազատյանը, Օշին Քեշիշյանը եւ Գեւորգ Բարդակչյանը ԱՄՆ-ից, պոլսահայ գրականության լավագույն մասնագետ Կարո Աբրահամյանը Լիբանանից, Յուրի Խաչատրյանը Երեւանից:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4