Արձանագործ Արտո Չաքմաքչյանն իր արվեստը գնահատողներին հաճելի անակնկալ է մատուցում «Դիմապատկերներ» ալբոմով: Գիրքը (երկլեզվյաՙ հայերեն, անգլերեն) լույս տեսավ բոլորովին վերջերսՙ ուրբաթ օրը: Մինչ բովանդակային ծանոթությունն ալբոմն արտաքին տեսքով արդեն ուշադրություն է գրավում: Ակնահաճո զուսպ ձեւավորումըՙ սեւի ու ճերմակի հակադրությունը, ներքին ընդհանրացումների է մղումՙ արվեստագետի աշխարհայացքի, կենսըմբռնումների ու մտածողության ծալքերում: Նուրբ ճաշակի եւ ինտելեկտուալ մոտեցման այս հղացումն ամփոփում է արձանագործի ստեղծագործական աշխատանքի մեկ այլ արտահայտությունՙ դեմքեր ժամանակի եւ տարածության խորքից:
Այս ձեւի մեջ էլ Արտո Չաքմաքչյանը երեւում է իրեն բնորոշ սկզբունքովՙ գտնել եւ ներկայացնել կերպարի ամենաբնորոշ գիծը: Մարդու ներաշխարհի խուզարկուն, հոգեկերտվածքի թարգմանը կարողացել էՙ իր խոսքերով. «նվազագույն գծերի միջոցով հասնել առավելագույն արտահայտչականության»: Մտահղացման այս փորձն արդեն 60-ականներին արված մի շարք դիմանկարներում նրան հաջողվել էր: Պատկերագիրքը միավորական մի ժամանակաընթացքի վավերագիր պատմություն էՙ արված արվեստագետի ինքնատիպ ձեռքով, խոհուն մտքով: Բնակիչներն իր միջավայրի, արվեստի մարդիկ ենՙ հայ եւ օտարազգի, նաեւ անցյալի, ինչպես եւՙ պարզ մարդիկ (Օհան Դուրյան, Երվանդ Քոչար, Գուրգեն Մահարի, Ավ. Իսահակյան, Մարտիրոս Սարյան, Վազգեն Ա. կաթողիկոս, Մինաս Ավետիսյան, Վիլհելմ Մաթեւոսյան, Պերճ Զեյթունցյան, Հարություն Կալենց, Կոստան Զարյան, Տիգրան Մանսուրյան, Էդմոն Ավետյան...): Մթնոլորտը հետաքրքրանում է հեղինակիՙ ժամանակին թղթին հանձնած մեկնաբանություն-մակագրություններով: «Նկարելիս ես միշտ ընտրել եմ անձի ներաշխարհում թաքնված այն շերտը, որ ներքին զգացողությամբ համարել եմ առաջնային եւ անտեսել եմ մնացածը»:
«Դիմապատկերների» այս հրաշալի մատուցման եւ իրագործման համար երախտապարտ ենք «Սարգիս Խաչենց» հրատարակչությանը, «Նարեկացի արվեստի միությանը» եւ «Տիգրան Մեծ» տպարանին: Գրքի վերջաբանը հեղինակել է արվեստաբան Յուրի Խաչատրյանը:
Ընդարձակ անդրադարձ կարվի ավելի ուշ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ