«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2006-10-19 | #200, 2006-10-20 | #201, 2006-10-21


ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՁԳՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՄԱՅՔԸ

Գրացիա Բաղդասարյան

Դաշտային ծաղիկների մի փունջ առինքնող ժպիտ է արձակում, որ մեղմորեն սփռվում-տարածվում է շուրջս: Իրականության մեջ սակայն այդ ծաղիկները չկան: Ժպիտը կողքիս գրքի էջերից բացվում-գտնում է ինձ: Գրացիա Բաղդասարյան անունը դեռ ուսանողության տարիների «Արվեստ» ամսագրի մեր սիրելի հեղինակներից էր: Շատ ավելի ուշ իմացանք, որ հիվանդ է ցավալի, անբուժելի հիվանդությամբ ու մի խուլ ցավ սեղմեց սիրտս, թեեւ ծանոթ չէի իրեն անձնապես:

Ինչպե՞ս հանկարծ այս դաշտային ծաղիկները միտքս եկան ու ինչո՞ւ ժպիտը մի կնոջ, որին չեմ տեսել կյանքում, աչքերիս առաջ է հիմա: «Հավերժ ներկան-բացական», -այսպես է խորագրված Գրացիա Բաղդասարյանի նորընծա գիրքը, որ հրատարակության պատրաստել է դուստրը` Հասմիկը: Գիրքը լույս է տեսել սահմանափակ տպաքանակով, մեկենասությամբ Նյու Յորքից Քեչեջյան ընտանիքի («Ասողիկ» հրատ. 235 էջ): Բացակա ներկայության խորհրդավոր այս զգացողությունը մտքի արգասի՞ք է ընդամենը, թե՞ «ապրելու իրավունք» ձեռք բերած աներեւույթ գոյություն, որի մեկնության համար մեր տկար հիշողությունն ենք վկայաբերում: Եթե հիշում ենք` իմա մտածում ենք, ուրեմն նա ապրում է, կա: Գրում ու տողերիս արանքում իմ երբեւէ չտեսած ժպիտը ուղեկցում է ինձ, սա ի՞նչ էՙ հիշողությո՞ւն է. շուրջս մտաէակներ, գաղափարներ տարածուն, իսկ լույսը դեռ սպասում է բացվելուն... Ուզում եմ վերականգնել արտաքին կերպարը հեղինակի, թերթում եմ գրքի էջերը. ամեն բաժին նկարով է բացվում, սակայն դեմքը հեռացած է ասես, տերեւների, շեղագծերի, ճերմակ թղթի տակ թաքնված, որից սակայն քնարական ու ռոմանտիկ կանացի կերպար է հառնում: Հասկացա, որ դեմք, դիմագիծ փնտրելն անիմաստ է: Հավերժ ներկա-բացական այլեւս արդեն հոգեւոր գոյություն, ներկայանում է իր ներքին կերպով, իր բնէությամբ: Փորձենք կրկին ճանաչել նրան: Կարդում եմ ընտրովի, նախ` իր հուշագրության բաժինը, ապա` իր մասին գրչակիցների խոսքերը, հետո մյուսները:

Ինչպիսի խնամքով ու ուշադրությամբ է մոտենում արվեստագետին, այո նախ եւ առաջ արվեստագետ-մարդուն, ապա` իր ստեղծածին, առանց խոսքի որեւէ շռայլության, բառի անհարկի գործածության: Ահա ուղեգրությունների շարքը, անդրօվկիանոսյան հանդիպումների իր հերոսները` Արամ Ղարաբեկյան, դիրիժոր, որ երկար տարիներ արդեն երաժշտի իր կենսագրությունը ամբողջացնում է Հայաստանում, ղեկավարում կամերային-սիմֆոնիկ նվագախումբը: Սակայն Գրացիա Բաղադասարյանը անծանոթ աշխարհ է բացում, նոր շերտ` ինքնանկար` հեղինակային խոսքի զուսպ մատուցմամբ: Կամ ցինկոգրաֆիայի փնտրվող վարպետ Քաջազը, հայ գեղանկարիչների գործերի լավագույն վերատպագրիչը, որ ԱՄՆ տեղափոխվելով է սակայն գտնում լիարժեք ինքնարտահայտում, նոր շնչառություն ու կյանք է առնում իր մեջ ապրող գեղանկարիչը, որ ամերիկյան եւ եվրոպական արվեստի աշխարհում ուշադրության է արժանանում եւ ցուցադրվում նշանավոր ցուցասրահներում: Իսկ կինը` Սաթենիկը, Նյու Յորքի հայտնի հանրային գրադարանի հայկական բաժնում գիտական մշակումներ է կատարում. այս առիթով հեղինակը Հայաստանում պատասխանատուներին հորդորում է ուշադիր լինել եւ նման հեղինակավոր հաստատությունում մեր մշակույթը ներկայացնելու առիթը չկորցնել:

Շուրջ 40 տարի Գրացիա Բաղդասարյանը «Արվեստի» էջերին է հանձնել իր հանդիպումների տպավորությունները, ստեղծել թատրոնի, պարարվեստի, կինոյի, գրականության, երաժշտության հայ եւ խորհրդային գործիչների բազում դիմանկարներՙ արված ոչ այնքան «գեղանկարի», որքան «գրաֆիկայի» սկզբունքով, բնորդին հավատարիմ, ազնիվ զգացողությամբ: Այսօր էլ նրա տողերի ջերմությունից բառերը մարմին են առնում, կերպար ու ձեւ, նրա «մարդաճանաչողության» ձիրքը բացահայտում է կերպարի ներքին բովանդակությունը, մտերմացնում նրա հետ. Վարդուհի Վարդերեսյան, Վերա Գորնոստաեւա, Սերգեյ Յուրսկի, Վերիկո Անջափարիձե, Հովիկ Դիվանյան, Լյուդմիլա Մոտալովա, Պարույր Սեւակ...

Կրթությամբ լրագրող Գրացիա Բաղդասարյանը, սակայն, աշխատանքային մկրտությունը ստացավ արվեստի քուրայում: Իր էությամբ նա նվիրյալն էր գեղագիտության աշխարհի եւ իր աշխատանքի հանդեպ ուներ յուրահատուկ ակնածանք, որի համար «Արվեստ» ամսագրի ստեղծագործական մթնոլորտն ունեցավ շատ էական դեր: Ինքն էլ ընտրված էր ճիշտ տեղում: Նա բացառիկ ունակություններ է դրսեւորել սկսնակ տաղանդներին տեսնելու եւ նրանց համարձակորեն ներկայացնելու պատասխանատու ասպարեզում: Գրքի խմբագիր Խաչատուր Ավագյանը գրում է. «Գրացիան «Արվեստի» լավ ժամանակներում մեր խմբագրության «մագնիսն» էր` ձգում-բերում էր օժտվածներին, խոստումնալից ջահելներին: Եվ ոչ միայն նրանց: Նրա հետ հանդիպելու, խորհրդակցելու էին գալիս արդեն անուն ու ճանաչում ունեցող արվեստագետներ, գրողներ, լրագրողներ: Եվ խմբագրությունը դարձել էր յուրատեսակ գեղարվեստական սալոն»:

Իր յուրաքանչյուր հրապարակում մանրամասն ու երկար ուսումնասիրությունների արդյունք էր: Չեխ հայագետ Լյուդմիլա Մոտալովային արժանին մատուցելու համար 2 անգամ այցելում է Չեխոսլովակիա, հանդիպումներ ունենում, նյութեր հավաքում, պատրաստվում է գիրք հրատարակել, ավա՜ղ, չի հասցնում:

Ի՜նչ նվիրում ու ի՜նչ գորով Պ. Սեւակի անձի ու բանաստեղծության հանդեպ: Պ. Սեւակին նվիրված Աճառյանի բառարանից, երբ պարզվում է, որ տասնյակ էջեր պոկված են, ինքը վերցնում ու բնագրային նմանությամբ տառ առ տառ արտանկարում է դրանք: Իսկ հուշը... զարմանալի կենդանի, անմիջական պատումը բանաստեղծական կերպարի վերակերտումն է, այնպես ճշմարիտ ու բնական, ինչպիսին ինքը Սեւակն էր` անհանգիստ տրոփը ժամանակի, բարոյականության բարոմետրը` հոգու մեջ իբրեւ զարթուցիչ կրողը:

«Արվեստի» խմբագրությունն իր հոգեւոր տունն էր, ինքն այնքան խանդաղատանքով է գրում, աշխատանքն ասես տոնի վերածած, այնպես է թվում, կարծես անձնական կյանք էլ չի ունեցել, իր տունն էլ վերածել էր արվեստի մի յուրատեսակ հավաքատեղիի: «Չեմ մոռանում նրա շվար հայացքը, տխուր ձայնը` «Արվեստը» փակվում է... Նրա համար մի ամբողջ աշխարհ էր, որ սուզվում էր խավարի մեջ»: «Արտասովոր հմայքի ու անտեսանելի ձգողության ուժի տեր», այսպես է նրան հիշում հրապարակագիր Մարգո Ղուկասյանը:

«Նրանով կարող էիր չափել մարդուն: Ու չէիր սխալվի: Նրա մարդկային-բարոյական, գեղագիտական-ստեղծագործական պահանջներին պիտի համահունչ լիներ իր շրջապատը: Եվՙ էր: Ու պատահական չէր նրա մաքրամաքուր հրապուրանք-մտերմությունը մեծ հոգեքննիչ Պարույր Սեւակի հետ», գրում է տարիների իր գրչակից-աշխատակից Էմանվել Մանուկյանը:

«Նվիրված, ոգեղեն, անբասիր ու համեստ, ներշնչված ու ներշնչող», այսպես են հիշում Գրացիա Բաղդասարյանին: Բյուրեղացած ներքին գեղեցկություններն ու ազնվությունը միայն կարող են զգացողության այսպիսի դաշտ ստեղծել, սա սովորելու բան չի, ոչ իսկ նմանակել-ընդօրինակելու, որովհետեւ ճշմարտապես հոգում ապրողն է դա` բնատուր-անհատականը, որով եւ օժտված էր «հավերժ ներկան-բացական»...

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4