«Media.am» կայքէջից տեղեկանում ենք լրագրողական հերթական մրցույթի մասին եւ հերթական անգամ հիասթափվում հրամցվող ժամանակացույցից. լրագրողական աշխատանքները ներկայացնելու վերջնաժամկետը 2006-ի հոկտեմբերի 22-ն է: Այս անգամ խոսքը ՄԱԿ-ի գործունեությունը լուսաբանելու համար լրագրողական մրցանակներ շնորհող մրցանակաբաշխության մասին է: Իսկ հիասթափվում ես, որովհետեւ մեկ տարվա ընթացքում տպագրված գործերը լրագրողներից պահանջվում է գտնել ու ներկայացնել հոկտեմբերի 18-22-ը (առաջին անգամ հայտարարությունը կայքում երեւացել է հոկտեմբերի 18-ին), 21-ն ու 22-ն էլ շաբաթ-կիրակի են: Է, արի ու մի մտածի, որ ինչպես այլ մրցույթների դեպքում է պատահում, այս անգամ էլ հատուկ այնպիսի ժամանակացույց են ընտրել, որ շատ քիչ թվով լրագրողներ տեղեկանան-դիմեն, իսկ կազմակերպիչներն էլ նախօրոք գիտեն, թե ո՞ւմ են տալու մրցանակը: Հիասթափվելը հիասթափվում ես, բայց այլեւս չես զարմանում, քանի որ միջազգային կազմակերպությունները տարիների ընթացքում այնպես տեղայնացան Հայաստանում, այնպես հարմարվեցին, որ սովորեցին մեզ նման տնավարի աշխատել ու ծանոթ-բարեկամին լավություն անելու կամ ընդհանուր շահերով առաջնորդվելու գործելակերպը մեզանից լավ իրենցով արեցին: Այլապես ավելի լուրջ կվերաբերվեին իրենց հայտարարած մրցույթների տեխնիկական մանրամասներին:
Մ. Խ.