«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2006-10-19 | #200, 2006-10-20 | #201, 2006-10-21


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ «ԳՈԼԱՅԻՆ ԵՐԱՇՏԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Իան Պորտերֆիլդը կրկնեց Էդուարդ Մարգարովի ցուցանիշը

Հայաստանի ազգային հավաքականը կրկին անհաջող է սկսել հերթական ընտրական մրցաշարը` 3 հանդիպումներում վաստակելով ընդամենը մեկ միավոր, չկարողանալով գեթ մեկ անգամ գրավել մրցակիցների դարպասները: Ընդհանրապես ընթացիկ մրցաշրջանում ՀՀ հավաքականում «գոլային երաշտ» է սկսվել: Տարեսկզբին Կիպրոսում Հենկ Վիսմանի գլխավորությամբ անցկացրած ընկերական երկու հանդիպումներում էլ մեր ֆուտբոլիստները չեն կարողացել գրավել Ռումինիայի եւ Կիպրոսի հավաքականների դարպասները` մրցակիցներին զիջելով միեւնույն 0-2 հաշվով:

Հայաստանի հավաքականը 7-րդ անգամ է մասնակցում աշխարհի (3 անգամ) եւ Եվրոպայի (4) առաջնությունների ընտրական մրցաշարերին: Եկեք մի հետադարձ հայացք նետենք եւ տեսնենք, թե ինչպիսին են եղել մեր հավաքականի ցուցանիշներն ընտրական մրցաշարերում անցկացրած առաջին երեք հանդիպումներից հետո:

Հայաստանի հավաքականին միայն մեկ անգամ է հաջողվել ընտրական մրցաշարը սկսել հաղթանակով: Դա 2000 թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարն էր, որի մեկնարկում մեր ֆուտբոլիստները Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեցին Անդորրայի հավաքականին: Հաջորդ տուրում կրկին Երեւանում, իսլանդացիների հետ խաղն ավարտվեց ոչ-ոքի (0-0), իսկ ընտրական 3-րդ հանդիպումում հյուրընկալվելիս ՀՀ հավաքականը զիջեց ուկրաինացիներին (0-2): Այսպիսով, մեկնարկային 3 խաղում մեր հավաքականը վաստակեց 4 միավոր: Դա առայժմ լավագույն արդյունքն է, որը հաջողվել է կրկնել 2004 թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Արգենտինացի Օսկար Լոպեսի գլխավորությամբ մեկնարկում մեր հավաքականը նախ Երեւանում ոչ-ոքի (2-2) խաղաց ուկրաինացիների հետ, ապա հյուրընկալվելիս զիջեց հույներին (0-2): Իսկ 3-րդ խաղում արդեն Միխայ Ստոյկիցայի գլխավորությամբ հավաքականն իր անդրանիկ հաղթանակը տարավ` պարտության մատնելով Հս. Իռլանդիայի ընտրանուն (1-0):

Բոլորից անհաջողը ֆրանսիացի Բեռնար Կազոնիի գլխավորությամբ 2006 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկն էր, որում մեր թիմն առաջին երեք հանդիպումներում էլ պարտվեց Մակեդոնիայի (0-3) եւ Ֆինլանդիայի (0-2, 1-3) հավաքականներին:

Ինչպես եւ Իան Պորտերֆիլդի օրոք, 1996 թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում էլ մեր ֆուտբոլիստներին Էդուարդ Մարգարովի գլխավորությամբ չի հաջողվել առաջին երեք խաղերում գրավել մրցակիցների դարպասները: Այդ տարի հավաքականն ընտրական մրցաշարը սկսեց բելգիացիների հետ արտագնա խաղում կրած պարտությամբ (0-2), ապա Երեւանում ոչ-ոքի (0-0) խաղաց Կիպրոսի հավաքականի հետ եւ վերջինիս զիջեց մրցակցի դաշտում (0-2):

Երկու անգամ մեր հավաքականն ընտրական մրցաշարը սկսել է գոլազուրկ ոչ-ոքիով: 1998 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկում, Երեւանում մեր ֆուտբոլիստները ոչ-ոքի են խաղացել պորտուգալացիների հետ Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Իսկ 2002 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Վարուժան Սուքիասյանի օրոք հաջողվել է դարպասն անառիկ պահել նորվեգացիների հետ արտագնա խաղում:

Ստորեւ ներկայացնում ենք ընտրական մրցաշարերի մեկնարկային 3 տուրերում մեր հավաքականի ցուցանիշները:

Սերբիայի հավաքականը 44-րդ ընտրանին էր, որի հետ մրցեց Հայաստանի հավաքականն իր 15-ամյա պատմության ընթացքում: Այսօրվա դրությամբ մեր հավաքականի հաշվեկշիռն այսպիսին է` 95 խաղ, +18=22-55, 69-172:

Ընտրական մրցաշար

 ԽՀՈՊԳՄՄարզիչ
1996 ԵԱ30120-41Էդուարդ Մարգարով
1998 ԱԱ30212-62Խորեն Հովհաննիսյան
2000 ԵԱ31113-34Սուրեն Բարսեղյան
2002 ԱԱ30123-51Վարուժան Սուքիասյան
2004 ԵԱ31113-44Օսկար Լոպես, Միխայ Ստոյկիցա
2006 ԱԱ30031-80Բեռնար Կազոնի
2008 ԵԱ30120-41Իան Պորտերֆիլդ

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4