Հազիվ թե Միխայիլ Սաակաշվիլին, որն ամերիկացի սենատոր Ջոն Մաքեյնի խորհրդով ծայրահեղ սրեց վրաց-ռուսական հարաբերությունները ՆԱՏՕ մուտք գործելու գործընթացն արագացնելու նպատակով, մտածեր, որ դրանով ջուր է լցնում նաեւ Ռուսաստանի նախագահական նախընտրական արշավի ջրաղացին, թարմ լիցք հաղորդում Պուտինի համար թե նրա դեմ մղվող պաքարին: Ռուս ժողովրդի ազգային ինքնագիտակցության անսպասելի զարթոնքն ընդունեց բացահայտ հականերգաղթային, ըստ էության հակակովկասյան բնույթ: Միաժամանակ կարճ ժամկետում սկսեցին ավելի հստակ դառնալ 2008 թվականի անողոք գոտեմարտի հիմնական մասնակիցների բանակները, նրանց գործողությունների կողմնորոշիչներն ու միջոցները:
Պուտինն այսօր վայելում է ժողովրդի մինչեւ 77 տոկոսի վստահությունը, եւ նրա կողմն են պետության ուժային բլոկի ներկայացուցիչները: «Ռազմաճակատի» մյուս կողմում են ելցինյան շրջանի շնորհազուրկ օլիգարխները` ռուսաստանաբնակ թե փախստական, այսպես կոչված նեոլիբերալները եւ, ինչքան էլ տարօրինակ թվա, ամեն տեսակ ծայրահեղական նացիոնալիստական շարժումները: Վերջին տեղական մասշտաբի ընտրությունները ցույց տվեցին, որ լիբերալների նկատմամբ ժողովրդի անվստահությամբ գրեթե կատարյալ է (շատ նահանգներում նրանց գոյությունը նույնիսկ չնկատվեց): Հետեւաբար, բնականորեն առաջացող այն հարցը, թե ի՞նչը «կփրկի» նրանց, ունի միայն մի պատասխան` երկրի ապակայունացումը, քաղաքական-սոցիալական խոր ցնցումները: Եվ այստեղ նրանց համար կրկին հրատապ է դառնում մի քանի տարի առաջ Բորիս Բերեզովսկու հռչակած կարգախոսը, ըստ որի պետք է միավորվել ե՛ւ կոմունիստների, ե՛ւ նացիոնալիստների, ե՛ւ առհասարակ բոլոր հակապուտինական «սատանաների» հետ, միայն թե խարխլվեն ներկայիս կառավարողի պաշտպանության հենակետերը: Քաղաքական աղմկահարույց սպանությունների շարքը, ըստ երեւույթին, այդ հակակրեմլյան դավադրության նախերգանքն է:
Խռովության իրագործման տեխնոլոգիայի տեսակետից «խոստումնալից» է Մոսկվայում նախատեսված «Ռուսական երթը»: Նպատակն է փողոց հանել հազարավոր մարդկանց: Թե ինչի՞ է ձգտում ամբոխը, պերճախոս վկայում են կարգախոսները` «Ռուսաստանը ռուսական երկիր է», «Ռուսական կարգ ռուսական երկրում», «Կոնդոպոգան հերոս քաղաք է», «Ռուս` դու իրավացի ես»: Դժվար չէ ենթադրել, որ դա առաջին հերթին ուղղված է կովկասցիների դեմ (ճիշտ կլինի, որ այդ օրը գոնե մոսկվացի հայերը տնից դուրս չգան): Խնդիրը մեկն է` ինչքան վատ Պուտինի համար, այնքան լավ մեզ համար: Պետք է հեղինակազրկել նրան:
Սակայն ո՞րն է ամենաուշագրավը այս պարագայում. թերթերը չեն բացառում, որ նման ելույթները եւս ֆինանսավորում են օլիգարխներն ու լիբերալները, կարեւոր չէ` արտաքին, թե ներքին: «Որ լիբերալներն օգտագործում են նացիոնալիստներին, բնավ էլ անհեթեթություն չէ»` հավաստում է նացիոնալիստական միություններից մեկի ներկայացուցիչը: Ջարդարարները կարող են սադրել իշխանությանը:
Եվս մի հանգամանք, որ աչքի է զարնում իրադարձությունների ներկա ընթացքի ֆոնի վրա: Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի նորերս անցկացված հարցման արդյունքներով, «դեմոկրատիայից» հոգնած ռուսաստանցիների 74 տոկոսը, ի հակակշիռ բազմակուսակցականության, արտահայտվել է ուժեղ ու արդյունավետ իշխանության օգտին: Սա էլ է վկայում, որ պուտինյան ժամանակաշրջանի ավարտը կարող է նշանավորվել դժվար կանխագուշակելի ազգացունց բախումներով: Եվ եթե հաշվի առնենք այն փաստը, որ ժողովուրդը Պուտինից բացի առայժմ չի ընդունում ոչ մի այլ ղեկավար քաղաքագետի, ապա ո՜վ ասաց, որ հիշյալ գործոնը չի աշխատի նրա երրորդ ժամկետի օգտին:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա