«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2006-10-21 | #202, 2006-10-24 | #203, 2006-10-25


«ԱՊԱԳԱՅԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ ՁԵՐ ՁԵՌՔՈՒՄ ԵՆ», ԱՍՈՒՄ Է ԱՆՐԻ ԿՅՈՒՆԻՆ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աստիճաններով արկղեր են տեղափոխում. Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտում է դեսպան Անրի Կյունին: Նա Հայաստանից կմեկնի հոկտեմբերի 29-ինՙ «Էր Ֆրանս»-ի թռիչքով: Անրի Կյունիին հաջորդող դեսպանը հավանաբար Երեւան կժամանի երկուշաբթիՙ հոկտեմբերի 30-ին: Թե ովՙ Անրի Կյունին երեկ լրագրողների հետ հանդիպմանը չցանկացավ հայտարարելՙ սպասելով պաշտոնական հաղորդագրությանը: Պաշտոնական հաղորդագրություն չկա նաեւ այն մասին, թե որտեղ է աշխատելու Անրի Կյունին, սակայն ամենայն հավանականությամբ նա մի քանի շաբաթից Սլովակիայում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան կնշանակվի:

Անրի Կյունին մամուլի ասուլիսին ներկայացրեց դիվանագիտական առաքելության ընթացքում մեր երկրից ու ժողովրդից ստացած տպավորությունները, խոսեց Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության մասին:

Դեսպանի գնահատմամբՙ ֆրանսիացի ներդնողները գնալով ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի տնտեսության հանդեպ, Հայաստանի շուկան թեեւ փոքր է ու ցածր գնողունակություն ունի, սակայն երկիրը դուռ է դեպի Ասիա, Մերձավոր ու Միջին Արեւելք, Ռուսաստանի Դաշնություն: Իհարկե, փակ սահմանները խոչընդոտ են, սակայն, դեսպանի խոսքով, Հայաստանին զարգացման հեռանկարներ են սպասվում ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց: Հարցին, թե ինչ է անում Ֆրանսիանՙ Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու համար, եւ արդյոք Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում Ցեղասպանության մասին ընդունած օրինագիծը նպաստում է խնդրի լուծմանը, դեսպանը պատասխանեց. «Կարծում եմ, որ հայերը եւ միայն հայերը պետք է իրենց սահմանների ճակատագիրը որոշեն: Ձեր ապագան ձեր ձեռքում է, ձեր ապագայի բանալիները ձեզ մոտ են»: Իսկ ինչ վերաբերում է օրինագծին. «Ֆրանսիական օրենսդիր մարմնի ընդունած ակտը ես չէ, որ պետք է մեկնաբանեմ, ասաց Անրի Կյունին: Բայց ես լսում եմ, թե ինչ են ինձ ասում հայաստանցիները եւ երիտասարդները: Մի կողմից ասում ենՙ մենք շատ երախտապարտ ենք Ֆրանսիայի այս աչալուրջ պահվածքի համար: Բայց միաժամանակ ասում ենՙ մեր ապագան սերտորեն կապված է մեր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություն ունենալու հետ, եւ մենք կարծում ենք, որ մեզ անհամեմատ ավելի հեշտ կլինի մեր տարաձայնությունները երկխոսության, քան առճակատման միջոցով հարթելը»: Կյունիի գնահատմամբ, հայ հասարակությունը տարածաշրջանում ամենից հանդուրժողն է եւ հարեւանների հանդեպ ատելություն չունի, ինչն էլ զարմացրել է Հայաստան այցելած թուրք շատ գործիչների:

Արցախյան հակամարտության լուծման վերաբերյալ Կյունին ասաց, որ կայուն խաղաղության համար Ֆրանսիան շատ բան է անում, եւ «Ֆրանսիան երեւի թե այնքան է ներգրավված, ինչպես ոչ մեկը ներգրավված չէ այս թնջուկի կարգավորմամբ»: Ճիշտ է, նախագահ Քոչարյանը փաստել է, որ բացի հակամարտող կողմերի նախագահներից, ուրիշ ոչ ոք այդքան տեղյակ չէ խնդրին, որքան Ժակ Շիրակը, իրավիճակը, դեսպանի խոսքերով, նման է երաժշտության, որտեղ մեղեդին որոշում են երկու կողմերը, իսկ համանախագահներն ու միջնորդները սոսկ ներդաշնակ ուղեկցողի դեր են կատարում:

Անրի Կյունին հիացած է հայ մշակույթով, բնությամբ, սար ու ձորով: Նա ուրախ է, որ իր պաշտոնավարությունը Հայաստանում ավարտվել է իր երկրի նախագահ Ժակ Շիրակի պետական այցով, որտեղ նախագահը տեսել ու հասկացել է, թե Հայաստանում որքան շատ են սիրում Ֆրանսիան:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4