Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը մարդաշատ դահլիճում չի ընթանում, բայց ներկա մոտ երկու տասնյակ պատգամավորներն էլ չեն զլանում ելույթ ունենալ ու դրսեւորել փոխադարձ կանխատեսում-մեղադրանքներ ներկայացնելու հնարավորությունները: Հընթացս գնահատվեց նաեւ փոփոխությունների եւ դրանց քննարկման որակը մոտ երկու տասնյակ պատգամավորների կողմից: Վիկտոր Դալլաքյանի գնահատմամբ, «տեղի է ունենում ընտրական օրենսգրքի քննարկման իմիտացիա, այստեղ քննարկվում է մեկ հարցՙ ընտրությունները կեղծել ծրարներո՞վ, թե՞ առանց»: Փաստելով, որ արդար ընտրությունների մասին խոսում են նրանք, ովքեր կեղծել են 2003 թ. ընտրությունները եւ 2005 թ. հանրաքվեն, Դալլաքյանը վստահորեն կանխատեսեց, որ պաշտպանության նախարարը փորձում է ՀՀԿ միջոցով մեծամասնություն ստեղծել եւ անցնել հաջորդ քայլին, իսկ իշխանության նպատակը 2007 թ. խորհրդարանական ընտրությունները, ապա համապատասխան բազայի պարագայում նաեւ 2008 թ. նախագահի ընտրությունը կեղծելն է: Այդ դիտարկմամբ էլ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծում ներառված չէ երկու կարեւորագույն խնդիրՙ հանձնաժողովների ձեւավորում եւ համամասնական-մեծամասնական ընտրակարգերի համամասնություն: Առաջինի վրա տաբու է դրված, երկրորդն էլ քաղաքական առետրի խնդիր է, ըստ պատգամավորի:
Նրա խոսքում կրկին մեղադրանք հնչեց ՀՅԴ հասցեին, քանի որ կուսակցությունը 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու իր իսկ առաջարկի քվեարկությանը չի մասնակցել, ինչը, Դալլաքյանի գնահատականով, քաղաքական առեւտուր է ՀՅԴ-ին խոստացված մեծամասնական տեղերի դիմաց:
ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ, պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթում եղավ ասվածի պատասխանը. «Հնարավոր է, որ հենց մեղադրողին (Վ.Դալլաքյանին-«Ազգ») այսպիսի առաջարկ անելու համար խոսք են տվել մեծամասնական տեղ, օրինակ, Լոռու մարզում»: Հրանուշ Հակոբյանի վստահեցմամբ էլ այն տարածքը, որտեղից ինքն ընտրվել է վերջին 15 տարիներին, որեւէ ընտրակեղծիք չի արձանագրվել, եւ եթե իշխանությունն ու ընդդիմությունը ցանկանան, ընտրությունները չեն կեղծվի: Այդուհետեւ պատգամավորն իրավացիորեն նկատեց. «Նախընտրական տարում ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը վերածվում է քաղաքական շոուի: Ճիշտ կլիներ փոփոխությունները քննարկել ընտրություններից հետո 6 ամսում»: Իսկ այսօր Հակոբյանի կարծիքով խնդիրը հոռետեսության չեզոքացումն է եւ ժողովրդին ընտրությունների բերելը:
Շավարշ Քոչարյանը, կարեւորելով այն փաստը, որ նախագծում չեն համադրվել շրջանառության մեջ եղած բոլոր նախագծերի լավագույն կետերը` 100 տոկոս համամասնական ընտրակարգ, հանձնաժողովների հավասարակշռված ձեւավորում` 6-ական ներկայացուցիչ իշխանությունից եւ ընդդիմությունից, եւս մեկ անգամ արձանագրեց, որ ընտրական օրենսգիրքը անընդհատ բարելավվում է, ընտրություններըՙ անընդհատ որակազրկվում: Քոչարյանի, եւ ոչ միայն նրա, այլեւ եվրոկառույցների դիտարկմամբ հիմնական խնդիրը օրենքի կիրառումն է, որը պահանջում է իշխանությունների քաղաքական կամքի դրսեւորում:
Արշակ Սադոյանն էլ հավաստեց ընտրական օրենսգրքի անընդհատ փոփոխումն ու ընտրությունների գործընթացի ավելի ու ավելի խայտառակ դառնալը. «Դիտմամբ են անում, դիտմամբ փչացնում են ամեն ինչ»:
Ն. Պ.