Հակառակ դեպքում կհայտնվեք փողոցում
Երեկ 4 մանր երեխաներ գրկին Հայ արիական միաբանության գրասենյակ էին եկել Եղվարդ քաղաքի Արայի թաղամասի 3-րդ շարքի 24 բնակարանի բնակչուհի Ռուզաննա Բեժանյանը հարսի հետ: Նախօրեին նրանց են այցելել դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) աշխատակիցները, որոնց առջեւ վերջիններս դուռը չեն բացել: Աշխատակիցները սպառնացել են հաջորդ անգամ կոտրել դուռը: Բեժանյանի ընտանիքը մեկն է այն բազմաթիվ ընտանիքներից, որոնք իրենց միամտության, հաճախ նաեւ չիմացության պատճառով զրկվել են իրենց բնակարաններից: Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ մարդիկ բնակարաններից զրկվել են խարդախ բրոկերների հետ գործարքի մեջ մտնելու պատճառով: Այս մասին եւս «Ազգը» գրել է:
Բեժանյանի տղաները մասնակցել են արցախյան ազատամարտին, մեկն այժմ անդամալույծ է եւ այդպիսի վիճակում հոգում է չորս երեխաների հոգսը: Տկն Ռուզաննան պատմում է, որ ՄԱԿ-ի որոշմամբ հիշյալ հասցեի այդ բնակարանը հատկացվել է փախստականներին: Հինգ տարի այնտեղ ապրել է Ալբերտ Սարգսյանը, ապա ներքին կարգով վաճառել է Բեժանյաններին: Տկն Ռուզաննայի պատմելով, Ռուսաստանում ապրող Սարգսյանների ընտանիքը 7 տարի անց գալիս է Հայաստան եւ դիմում դատարան` բնակարանն ազատելու պահանջով: Ամուսինները հրաժարվում են, թե բնակարանի վաճառք է եղել: Օգնություն հայցող տկն Ռուզաննան ապշած է մեր երկրի արդարադատությունից. «Առաջին ատյանում վճիռը կայացրել են առանց ինձ եւ իմ փաստաբանի, վերաքննիչում որոշել են բնակարանից հեռացնել միայն ինձ, իսկ մյուս անդամներին թողնել»: Այսպես նրանց ընտանիքին սպառնում է փողոցում հայտնվելու սարսափելի հեռանկարը: Պարզ է, որ որեւէ ատյան օգնության ձեռք չի մեկնել հոգսաշատ ընտանիքին:
Դոնարա Մկրտչյանն էլ, որ ապրում է Նորքի 6-րդ զանգվածի 25 շենքի հարեւանությամբ գտնվող նախկին հացի փռի տարածքում, ներկայացրեց, թե իր ընտանիքը 93 թ-ից ապրել է այնտեղ, 2005 թ-ից էլ գրանցված են: Սակայն առանց իրենց տեղեկացնելու աճուրդ է եղել եւ բնակարանը, նրա խոսքերով, գնել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Տկն Դոնարայի խոսքով, իրենց ոչ միայն սպառնում են ԴԱՀԿ աշխատակիցները, այլեւ տունը ոստիկանների շուրջօրյա հսկողության տակ է:
Միակողմանի չլինելու համար կապվեցինք կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ: Տկն. Խառատյանը նշեց, որ սուտ է լուրը, թե տունը աճուրդի է հանվել: Նրա խոսքով, ինքը փռի տարածքը գնել է ԴԱՀԿ-ից, որը դա պարտքի դիմաց վաճառել է բանկին: Ազգագրագետի հավաստմամբ, այդ կինը չի ապրել հիշյալ վայրում, այլ ապրել է դիմացի շենքում: Հրանուշ Խառատյանը նշեց, թե ինքը տեղյակ չէ` ինչու են ոստիկանները հսկում տարածքը, միայն հավելեց, թե սեփականատեր իր եղբորը (տարածքը տկն Խառատյանի եղբորն է) տկն Դոնարան ներս չի թողնում. «Ենթադրում եմ ոստիկաններն այդ պատճառով են այդտեղ»:
Տուժած քաղաքացիների նախաձեռնող խմբի ղեկավար Նաիրա Շախգուլյանը կարծում է, որ մեր օրենսդրության մեջ բաց թողնված բառեր կան, որոնք թույլ են տալիս իրավաբաններին, օրինակ, քրեական օրենսգրքի 178 հոդվածն օգտագործել ըստ իրենց ճաշակի եւ ցանկության: Որպեսզի չինովնիկները չօգտվեն այս հանգամանքից, խումբը պատրաստվում է նոր օրենքի նախագծի առաջարկություն ներկայացնել ԱԺ:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ