Այդ մասին հավաստում է առաջին 300 խոշոր հարկատուների ցանկը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հայաստանի թիվ 1 հարկատուն, համաձայն հարկային պետական ծառայության հրապարակած այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկի, շարունակում է մնալ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Գրեթե 23 մլրդ դրամ հարկային վճարումներով այս ընկերությունը մեծ տարբերությամբՙ մոտ 10 մլրդ դրամով առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող «Արմենտելից»: Վերջինս վճարել է 13 մլրդ դրամ, իսկ երրորդ տեղում գտնվող «Հայռուսգազարդը»ՙ 8,3 մլրդ դրամ:
Առավել խոշոր հարկատուների ցանկում հերթական անգամ հաստատուն 4-րդ տեղը զբաղեցնում է վառելիք ներկրող խոշորագույն «Ֆլեշ» ընկերությունը: «Ֆլեշի» վճարած հարկերը կազմում են 7,2 մլրդ դրամ: Նրան հաջորդում է վառելիք ներկրող մեկ այլ ընկերությունՙ «Քաղպետրոլսերվիսը» 6,4 մլրդ դրամով: «Ղ-Տելեկոմ» ընկերությունը բարձրացել է եւս 2 աստիճանով եւ 5,8 մլրդ դրամով զբաղեցնում է 6-րդ տեղը: Ծխախոտ ներկրող «Պարես Արմենիան» 7-րդն է 5,1 մլրդ դրամով: 8-րդ տեղում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» 4,4 մլրդ դրամով: Նշենք, որ վեց ամսվա տվյալներով «Հայաստանի էլեկտրական ցանցերը» 5-րդն էր 3,4 մլրդ դրամով: «Սալեքս գրուպը» վճարել է 3,5 մլրդ դրամ, եւ առաջատար տասնյակը եզրափակող «Գրանդ տոբակոն» 3,2 մլրդ դրամ: Նշենք, որ «Գրանդ հոլդինգի» մյուս ընկերությունըՙ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» վճարել է 2,9 մլրդ դրամ, իսկ «Գրանդ քենդին»ՙ 735 մլն դրամ: Հոլդինգի երեք ընկերությունները միասին վճարել են գրեթե 7 մլրդ դրամ, որը փաստորեն 5-րդ ցուցանիշն է:
Ներկրող խոշորագույն ընկերություն «Ֆլիտֆուդն» էլ ավելի ցածրՙ 97-րդ հորիզոնականում է հայտնվել 9 ամսվա տվյալներով: Եթե 6 ամսվա տվյալներով այս ընկերությունը գտնվում էր 66-րդ տեղում 309 մլն դրամ հարկային վճարումներով, ապա 9 ամսվա ցուցանիշներով այն զբաղեցնում է 97-րդ տեղը 319 մլն դրամ ցուցանիշով: Փաստորեն վերջին երեք ամիսների ընթացքում այս ընկերությունը վճարել է ընդամենը 10 մլն դրամ հարկ: Հիշեցնենք, որ այս ընկերությունը, որի սեփականատերն է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, գերիշխող դիրք ունի մի քանիՙ շաքարավազի, կարագի, էթիլային սպիրտի, հացահատիկի ապրանքային շուկաներում: Մեկ այլ խոշոր գործարարիՙ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպը» նույնպես շարունակում է խիստ համեստ դիրքեր զբաղեցնել այս ցուցակում: Այն ընդամենը 247-րդ տեղում է եւ վճարել է 133 մլն դրամ:
Ցույց տալու համար, թե որքան չնչին են վերոնշյալ երկու խոշոր եւ բոլորին հայտնի ընկերությունների վճարած հարկերը, նշենք, որ օրինակ Երեւանի պետական համալսարանը վճարել է 318 մլն դրամ եւ «Ֆլիտֆուդից» հետ է մնում ընդամենը 1 մլն դրամով եւ մեկ հորիզոնականով: Իսկ «Մուլտի գրուպին» գերազանցող հարկ վճարողներից են Երեւանի պետական բժշկական համալսարանըՙ 212 մլն դրամ եւ 147-րդ տեղ, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանըՙ 182 մլն դրամ եւ 180-րդ տեղ, «Ֆիլիպ Մորիս» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունըՙ 174 մլն դրամ եւ 187-րդ տեղ:
Նույն ԵՊՀ-ից զգալիորեն ավելի քիչ են վճարել աղի արտադրության մենաշնորհ ունեցող Ավանի աղի կոմբինատը, ցեմենտ արտադրող երկու խոշոր ձեռնարկություններըՙ «Արարատցեմենտն» ու «Միկացեմենտը» եւ բոլոր հայտնի տոնավաճառներն ու առեւտրի կենտրոնները, բացառությամբ Մալաթիայի տոնավաճառի: Թեեւ վերջինս («Ռաֆայել Տաթեւ» ընկերություն) վճարել է 330 մլն դրամ եւ գտնվում է 92-րդ տեղում, բայց ակնհայտ է, որ նրա, ինչպես եւ մյուս տոնավաճառների շրջանառությունն գրեթե ամբողջությամբ ստվերային է: Հաստատագրված վճարները տոնավաճառներում իրականացվող մանրածախ առեւտրի ծավալների համեմատ ծիծաղելիորեն փոքր են: Դա է պատճառը, որ «Հրազդան» տոնավաճառը 9 ամսում վճարել է ընդամենը 213 մլն դրամ, «Փեթակը»ՙ 168 մլն դրամ, «Հայաստան առեւտրի կենտրոն, Հայրապետյան եղբայրները»ՙ 110 մլն դրամ, իսկ մյուս տոնավաճառներն ընդհանրապես բացակայում են այս ցանկից:
Այն, որ հայաստանյան առաջատար բուհերը շատ ավելի պարտաճանաչ հարկատուներ են, քան խոշոր հոլդինգներն ու կոնցեռնները, դժբախտաբար, կարծես թե օրինաչափություն է դառնում: Վերջիններս ոչ միայն չեն ցանկանում իրենց շրջանառության ինչ-որ մաս դուրս բերել ստվերից, այլ ավելի խորն են ընկղմվում ստվերի մեջ: Դա թերեւս վերաբերում է նաեւ մյուս ոչ պակաս հայտնի եւ ակտիվ գործող տնտեսվարողներին:
Օրինակՙ հյուրանոցներից առաջին 300 խոշոր հարկատուների ցանկում ընդամենը երկուսն ենՙ «Արմենիան» եւ «Երեւանը», ընդ որում իրենց գործունեությանը ոչ համարժեք փոքր վճարումներով: Մինչդեռ, նկատի ունենալով, որ զբոսաշրջության համար բարենպաստ տարեշրջանն արդեն հետեւում է մնացել, պետք էր ենթադրել, որ այդտեղ կընդգրկվեին նաեւ մի քանի այլ հյուրանոցներ:
Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը 195-րդն է եւ 9 ամսվա ընթացքում վճարել է 168 մլն դրամ հարկեր: Երեւանի ալրաղացը 172 մլն դրամով 192-րդն է: «Մակրո Երեւան» զանգվածային սպառման ապրանքներ ներկրող եւ իրացնող խոշոր ընկերությունը 156 մլն դրամով 212-րդն է: Պաղպաղակի վաճառքի ամենաեռուն շրջանին հաջորդող ժամանակաշրջանում այս ոլորտի արտադրողներից «Շանթ պլյուսը» ընդամենը 208-րդն է այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում 157 մլն դրամ վճարած հարկերով, իսկ «Թամարան»ՙ 266-րդըՙ 120 մլն դրամով: Հանքային ջուր արտադրողներից 300 խոշոր հարկատուների ցանկում միայն «Ջերմուկ գրուպն» է, այն էլ 385 մլն դրամով եւ 82-րդ տեղով: Այս եւ մնացած այլ հանքային ջրեր մյուս շշալցնողները ընդհանրապես բացակայում են այս ցանկից: Շինարարական բուռն աճ արձանագրող երկրում 300 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված է ընդամենը երկու-երեք ընկերություն: Ինչպես տոնավաճառների, այնպես էլ շինարարության ոլորտում ստվերի նվազեցման բոլոր խոսակցությունները այդպես էլ մնում են խոսակցություններ, եւ գործնական ոչինչ չի արվում այս ոլորտները հարկման դաշտ բերելու ուղղությամբ: Մայրաքաղաքում բոլոր նախագծային աշխատանքներն իր ձեռքը գցող «Երեւաննախագիծն» ընդամենը 278-րդ տեղում է եւ վճարել է 114 մլն դրամ եւ այսպես շարունակ:
Այս ամենից հետո անհասկանալի է մնում, թե Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջով այսպիսի ցանկեր հրապարակող Հայաստանի կառավարությունը եւ հարկային ու մաքսային մարմինները, բացի ցանկերը հրապարակելուց, ինչ-որ բան ձեռնարկո՞ւմ են վիճակը շտկելու ուղղությամբ: Դատելով ստացվող պատկերից, կարելի է ասել, որ ոչ: Ուստի պատահական չէ, որ համախառն ներքին արդյունք-հարկեր հարաբերակցություն ցուցանիշով Հայաստանն ԱՊՀ-ում վերջին տեղերից մեկում է գտնվում: