«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2006-10-21 | #202, 2006-10-24 | #203, 2006-10-25


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎՐԱՑ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Իսկ իրանական գազի ներմուծումը Վրաստան դեռ քննարկվում է

Երկուշաբթիՙ հոկտեմբերի 23-ին Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլուն, վերջինիս Իրան այցելության շրջանակներում, ընդունեց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Դեռեւս կիրակի Իրան մեկնած արտգործնախարար Բեժուաշվիլու եւ Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրիի այցելության նպատակը բանակցություններն են իրանական կողմի հետՙ երկու երկրների տնտեսական համագործակցության հարցերի կապակցությամբ: Իսկ ավելի կոնկրետՙ վրացական կողմը հետաքրքրված էր իրանական գազի եւ էլեկտրաէներգիայի ներմուծման հնարավորություններով:

«ԻՌՆԱ» գործակալության տեղեկացմամբ, երեկ Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին եւ իրանցի նրա գործընկեր Պարվիզ Ֆատահը ստորագրել են համաձայնագիրՙ իրանական էլեկտրաէներգիայի ներմուծման մասին, որտեղ տարանցման երկիր է Հայաստանը:

Հետաքրքրական է, որ Վրաստան-Իրան փոխհարաբերությունների նմանօրինակ զարգացումը հստակ ընդգծված պատճառներ եւ հիմք ունի երկու կողմի համար էլ: Եթե վրացական կողմն Իրանի օգնությամբ փորձում է Ռուսաստանի բնական գազից կախվածության վերացման հարցեր լուծել, ապա իրանական կողմը ճանապարհ է հարթում իրանական գազի արտահանման համար հարավկովկասյան երկրների տարածքով:

Ամեն դեպքում, Իրանի էներգետիկայի նախարարության տեղեկացմամբ, համաձայնագրի պայմաններով նոյեմբերի վերջից Իրանը Հայաստանի տարածքով Վրաստան կմատակարարի 50 ՄՎտ էլեկտրաէներգիաՙ մատակարարումը որոշ ժամանակ անց կհասցվի 300 ՄՎտ-ի: Ընդ որում, տարվա առաջին կեսին Վրաստանից ստացված էլեկտրաէներգիայի չափաբաժինն ամբողջությամբ տարվա երկրորդ կեսին Իրանից կվերադարձնի Վրաստան: Բացի այդ, իրանական կողմի ցանկությամբ եւ առաջարկով էլեկտրաէներգիա կարող է հասցվել մինչեւ Ռուսաստանՙ Վրաստանի տարածքով: Այդ նպատակով էլ երեք ամիս անց կայանալիք հանդիպմանը Իրանն ու Վրաստանը կհրավիրեն նաեւ Ռուսաստանինՙ առաջարկելով միանալ էլեկտրացանցին:

Ինչ վերաբերում է Վրաստանի համար ավելի հիմնարար նպատակ համարվող իրանական բնական գազի ներմուծմանը, ապա այդ առնչությամբ բանակցությունները դեռ չեն ավարտվել:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4