ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչեւ դեկտեմբերի 20-ը, ինչը հնարավորություն կտա նախատեսված ժամկետից` 2007թ.-ի հունվարի 1-ից, շուտ սկսել նոր գազատարի շահագործումը: Ինչպես հայտնեց գազատարի հայկական հատվածի շինարարության պատվիրատու «Բարձրավոլտ էլցանցեր» ընկերության տնօրեն Սահակ Աբրահամյանը, արդյունքում Իրանից Հայաստան կներկրվի տարեկան մոտ 1,7 մլրդ խմ գազ: Հայկական կողմի գազատարի շինաշխատանքներն իրականացնում է «ՀայՌուսգազարդ»-ը: Իրանից Հայաստան բնական գազի առաքման վերաբերյալ պայամանագիրը ստորագրվել է 2004թ.-ի մայիսին, Երեւանում: Ըստ այդ պայմանագրի, Հայաստանը Իրանից պետք է ստանա տարեկան 1,1 մլրդ խորանարդ մետրից ոչ պակաս գազ: Պայմանագրի գործողության ժամկետը 20 տարի է: Ներկրված գազի դիմաց Հայաստանը վճարելու է էլէներգիայով: