Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի Հայաստանի եւ Թուրքիայի ֆոտոլրագրողների «Մերհաբարեւ» առաջին համատեղ լուսանկարչական ցուցահանդեսը: Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում (ԼԿԻ-ն նաեւ ծրագրի աջակիցն է) ծնված գաղափարի արդյունքում Հայաստանի «Պատկերֆոտո» եւ Թուրքիայի «Նար» գործակալությունների հինգական լրագրողներ նկարահանել են Ստամբուլն ու Երեւանը: Ծրագրի կազմակերպիչները համոզված են, որ իրարից մեկուսացված, փակ սահմաններով եւ դիվանագիտական հարաբերություններից զուրկ երկրները այս կերպ կծանոթանան իրար: Երեւանում ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ նոյեմբերի 2-ը, որից հետո կներկայացվի Գյումրիում եւ Ստամբուլում: Ստացված տեղեկության համաձայն, ծրագրի շրջանակներում կտպագրվի նաեւ հայերեն, թուրքերեն եւ անգլերեն եռալեզու ֆոտոալբոմ:
Գ. Գ.