Բաթումում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում արդեն կայացել է 6 տուր: Մրցաշարի մասնակից հայ շախմատիստներից լավագույն արդյունքի են հասել Ռոբերտ Աղասարյանը եւ Մանվել Պետրոսյանը: Մինչեւ 12 տարեկան շախմատիստների մրցավեճում Ռոբերտը բավական վստահ է հանդես գալիս: Նա անցկացրած 6 պարտիաներում վաստակել է 5 միավոր եւ ընթանում է առաջատարների շարքում: Աղասարյանն առայժմ անպարտելի է, իսկ վերջին 3 տուրերում անընդմեջ հաղթանակներ է տոնել ռումինացի Աուրելիան Դանի, վրացի Մերաբ Ցոմայայի եւ պերուացի Յորգե Կորիի նկատմամբ: Հայ շախմատիստն ընդամենը կես միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող հնդիկ ՖԻԴԵ-ի վարպետ Սրինաթ Նարայանանից եւ ադրբեջանցի Ուլվի Բաջարանիից: 7-րդ տուրում Ռոբերտը կմրցի 4,5 միավոր ունեցող հնդիկ շախմատիստ Շահ Ֆենիլի հետ:
Առաջնությունում հաջող էր մեկնարկել նաեւ ՖԻԴԵ-ի վարպետ Սամվել Տեր-Սահակյանը, որը հանդես է գալիս մինչեւ 14 տարեկանների մրցաշարում: Նա առաջին չորս պարտիաներում ընդամենը կես միավոր էր կորցրել: Սակայն հաջորդ պարտիաներում Սամվելը վաստակեց ընդամենը կես միավոր: Նա նախ առաջին պարտությունը կրեց Կանադան ներկայացնող Շիյամ Թավանդիրանից, ապա ոչ-ոքի խաղաց եգիպտացի Քարիմ Վագայխի հետ: Այս անհաջողությունները մեր շախմատիստին մրցաշարային աղյուսակում ստիպեցին նահանջել: Նա 4 միավորով իր հայրենակից Հայկ Թամազյանի հետ բաժանում է 14-15-րդ տեղերը: Իսկ 14 տարեկանների մրցաշարի առաջատարը Սամվելին հաղթած Շիյամ Թավանդիրանն է, որն ունի 5,5 միավոր:
Ամենակրտսեր տարիքային խմբում հանդես եկող Մանվել Պետրոսյանը անհաջող էր մեկնարկել` 3 հանդիպումներում վաստակելով ընդամենը 1 միավոր: Եվ ահա վերջին չորս պարտիաներում Մանվելը պարզապես հրաշալի խաղաց` հաջորդաբար հաղթելով մրցակիցներին: Այդ հաղթանակների շնորհիվ նա այժմ մրցաշարի առաջատարների թվում է: Նա 7 հնարավորից վաստակել է 5 միավոր եւ միանձնյա առաջատար Մոհինեշին զիջում է մեկ միավորով:
Հայ շախմատիստներից երկրորդ արդյունքն ունի Հովիկ Հայրապետյանը, որը եւս պարտություն չի կրել: Նա վաստակել է 4,5 միավոր մինչեւ 16 տարեկանների մրցաշարում: Այստեղ առաջատարներն են ուկրաինացի Վլադիմիր Օնիշչուկը եւ վիետնամցի Տրունգսոն Նգույենը, որոնք ունեն 5,5-ական միավոր: Վատ հանդես չեն գալիս նաեւ Հրանտ Մելքումյանն ու Յուրի Համբարձումյանը (երկուսն էլ` մինչեւ 18 տարեկաններ), Հայկ Թամազյանը (14 տ.), Հովհաննես Գաբուզյանը (12 տ.), Նորայր Թորոսյանը (10 տ.) եւ Գրիգորի Կոստանյանը (8 տ.):
Աղջիկների մրցաշարում հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքի են հասել Նունե Դարբինյանը (16 տ.) եւ Սուսաննա Գաբոյանը (10 տ.), որոնք 6 հնարավորից վաստակել են 4-ական միավոր: Նունեն միակ պարտությունը կրել է 2-րդ տուրում, իսկ վերջին 2 հանդիպումներում հաղթանակներ է տոնել: Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում եռիշխանություն է. առաջատարները վաստակել են 5-ական միավոր: Սուսաննա Գաբոյանն էլ վերջին երկու պարտիաները շահեց: