«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2006-10-21 | #202, 2006-10-24 | #203, 2006-10-25


«ԱԴԱՆԱՆ» ԶԻՋԵՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Ադանան» անհաջող հանդես եկավ ՈՒԵՖԱ-ի գավաթի որակավորման 2-րդ փուլում, որի հանդիպումներն անցկացվեցին Լեհաստանի Խոժուվ քաղաքում: Մեր թիմը զիջելով մրցակիցներին, եզրափակեց ընտրական 3-րդ խմբի մրցաշարային աղյուսակը:

Արդեն մեկնարկային խաղում Հայաստանի չեմպիոնը 1-9 խոշոր հաշվով պարտվեց պորտուգալական «Սպորտինգին»: Մեր ֆուտբոլիստները չկարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ մրցակցին: Միայն մեկ անգամ Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու Արմեն Գյուլամբարյանին հաջողվեց գրավել մրցակցի դարպասը:

Երկրորդ խաղում հայ ֆուտբոլիստները 3-7 հաշվով զիջեցին «Խոժուվին»: Շնորհիվ Արմեն Գյուլամբարյանի եւ Արթուր Կարապետյանի խփած գոլերի «Ադանան» հաղթում էր 2-1 հաշվով: Բայց հետագայում մրցակիցը գերազանցեց մեր թիմին: 3-րդ գոլի հեղինակ դարձավ Արմեն Սանամյանը:

Ավարտական խաղում էլ «Ադանային» չհաջողվեց միավոր վաստակել: Այս անգամ մեր թիմը նույնպիսի 3-7 հաշվով զիջեց Մակեդոնիայի «Սկոպիեյին»: Գոլերի հեղինակներ դարձան Զոհրաբ Նիազյանը, Գրիգոր Կապուկրանյանը եւ Ռուբեն Երզնկյանը:

Այսպիսով, Հայաստանի չեմպիոնը դուրս մնաց հետագա պայքարից: Իսկ խմբի հաղթող ճանաչվեց «Սպորտինգը», որն էլ կշարունակի պայքարը պատվավոր մրցանակի համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4