«Իզվեստիայի» հարցազրույցը Արա Աբրահամյանի հետ
Հայաստանը մշտապես ձգտել է ջերմ եւ բարեկամական կապեր պահպանել Ռուսաստանի հետ: Այն մասին, թե Ռուսաստան-Կովկաս արդի հարաբերություններն ինչպես են անդրադառնում Հայաստանի տնտեսական իրավիճակի եւ Ռուսաստանում ապրող հայերի վրա, «Իզվեստիայի» թղթակցին պատմում է Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:
- Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս եք գնահատում Անդրկովկասում ներկայումս տիրող իրավիճակը:
- Այն շատ լրջորեն մտահոգում է ոչ միայն ինձ, որպես ՌՀՄ եւ ՀՀԿ նախագահի, ոչ միայն Ռուսաստանում ապրող ավելի քան 2 միլիոն հայերին, այլեւ հատկապես Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունեցող Հայաստանի Հանրապետության բնակիչներին: Ռուսաստանի եւ Վրաստանի (մեր երկու պետությունները միացնող տարանցիկ երկրի) հարաբերությունների սրումը միշտ էլ բացասաբար է անդրադառնում ինչպես Հայաստանի իրադրության, այնպես էլ Ռուսաստանում ապրող հայերի վրա: Իմ կարծիքով ոչ այնքան կշռադատված նպատակներ հետապնդող Վրաստանի ղեկավարությունը փորձում է այս տարածաշրջանը դարձնել Արեւմուտքի եւ Ռուսաստանի վտանգավոր մրցակցության գոտի: Սահմանի փակումը եւ Վրաստանի փաստական շրջափակումը անդրադառնում են դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ դեպի Ռուսաստան ապրանքների մատակարարումների վրա: Հայաստանը վաղուց արդեն վրաց-աբխազական հակամարտության զոհն է, հակամարտություն, որը հանգեցրել է երկաթուղային հաղորդակցության փակմանը:
Վերլուծաբաններից շատերը գտնում են, որ Վրաստանի թիկունքին կանգնած է Արեւմուտքը եւ առաջին հերթին Վաշինգտոնը, եւ որ հակառուսական ելույթների ներկայիս պոռթկումը ոչ այլ ինչ է, քան ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության նախերգանք, ինչը իր հերթին չի կարող չհանգեցնել տարածաշրջանում ուժերի հաշվեկշռի շատ լուրջ փոփոխմանը, այն էՙ լրջորեն կազդի ինչպես Հարավային Կովկասի երկրների, այնպես էլ սահմանակից Թուրքիայի եւ Իրանի վրա: Վրաստանի ղեկավարությունն իր գործողություններով փորձում է ի չիք դարձնել Հարավային Կովկասը Վաշինգտոնի եւ Մոսկվայի կառուցողական փոխգործողության ու համագործողության գոտի դարձնելու հնարավորությունը: Հարավային Կովկասը հակամարտության գոտի դարձնելու Վրաստանի ղեկավարության փորձը չի համապատասխանում Մոսկվայի եւ Վաշինգտոնի, Բաքվի ու Երեւանի շահերին, ոչ էլ հենց վրաց ժողովրդի շահերին:
- Ռուսաստանում նկատելիորեն ուժեղացել են հակավրացական տրամադրությունները: Վտանգ չկա՞ արդյոք, որ նման տրամադրվածությունը կարող է տարածվել նաեւ ուրիշ էթնիկական խմբերի եւ հետխորհրդային պետությունների, այդ թվումՙ Հայաստանի եւ ՌԴ հայ համայնքի վրա:
- Չնայած այն բանին, որ որոշակի շրջանակների եւ ԶԼՄ-ների ելույթները հակավրացական հիստերիայի բնույթ ունեն, Վրաստանի ներկայիս իշխանությունների ոչ մի հակառուսական գործողություն ռուսաստանցիներին չի ստիպի մոռանալ, որ Վրաստանի ժողովուրդը պատմամշակութային առումով մեզ համար եղբայրական ժողովուրդ է եւ որ բազմահազար վրացիներ անգնահատելի ավանդ են ներդրել ռուսական եւ խորհրդային պետության զարգացման մեջ, ասենք հիմա էլ ծանրակշիռ ավանդ են ներդնում ժողովրդավարական նոր Ռուսաստանի կազմավորման մեջ:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, արդի փուլում դրանք սկզբունքորեն այլ հիմք ունեն: Անկախ Հայաստանը Ռուսաստանի հետ անչափ սերտ եւ բարեկամական հարաբերություններ է պահպանում ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցության գծով: Պահպանվում են մեր պետությունների մշակութային ու հոգեւոր շատ սերտ կապերը, մեր եկեղեցիների սերտ համագործակցությունը: Հայաստանը Ռուսաստանի մերձավորագույն դաշնակիցներից մեկն է: Այդ փաստը վավերացված է համապատասխան համաձայնագրերով: Հայաստանը ԱՊՀ շրջանակներում մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրին: Նա Անդրկովկասում միակ երկիրն է, որի տարածքում ռուսական ռազմակայան կա: Հայ-թուրքական սահմանը Հայաստանի անկախացման պահից համատեղ պաշտպանում են հայ եւ ռուս սահմանապահները:
Հայաստանը երբեք իր հարաբերությունները այս կամ այն երկրի հետ չի բարելավել մյուսների հետ դրանց վատացման հաշվին: Ցավոք, հետխորհրդային տարածքում քաղաքական գործիչներից շատերը կարծում են, որ եթե իրենք ուզում են բարելավել հարաբերություններն Արեւմուտքի հետ, ապա դա անպայման պետք է անել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման հաշվին: Մինչեւ վերջերս դա տեղի էր ունենում Ուկրաինայում, այժմ մենք դրան ականատես ենք լինում Վրաստանում: Բայց մեզ թվում է, որ ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է զարգանան ինքնուրույնաբար, եւ ցանկալի է, որ հետխորհրդային պետությունները դառնան մեծ տերությունների համագործակցության գոտիներ եւ ոչ թե մրցակցության ու հակամարտությունների գոտիներ: Հենց այս ուղղությամբ են զարգանում Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-Արեւմուտք հարաբերությունները:
- Ինչպե՞ս եք վերաբերվում իրավակարգի մի շարք փութաջան տեղական մարմինների չափազանցություններին, այս կամ այն բիզնեսի տիրոջ ազգային պատկանելության հիման վրա տվյալ բիզնեսը զավթելու կամ գրեթե «էթնիկական զտումներ» իրականացնելու փորձերին:
- Ես կտրականապես դեմ եմ, որ մեր բազմազգ պետության մեջ էթնիկական, ռասայական կամ կրոնական պատկանելությամբ գնահատեն ամեն տեսակ գործողությունները, սահմանեն ինչ-ինչ արտոնություններ կամ խտրականություններ: Իշխանությունների բոլոր գործողությունները պետք է իրականացվեն օրենքի շրջանակներում: Ես լիովին պաշտպանում եմ այցագրային ռեժիմի եւ ներգաղթի ոլորտում կարգուկանոն հաստատելու իշխանությունների քաղաքականությունը: Բայց ես կտրականապես դեմ եմ մեր երկրում օրինական բիզնեսով կամ որեւէ այլ գործունեությամբ զբաղվող ՌԴ քաղաքացի վրացիների հանդեպ ամեն տեսակ կամայական գործողություններին:
Շատ կարեւոր է, որ Ռուսաստանի անդրենածին բնակչության համար շուկաներում սեփական արտադրանքի իրացման անհրաժեշտ պայմաններ ստեղծելու վերաբերյալ նախագահ Պուտինի խոսքերը տեղական իշխանությունների եւ իրավապահ կառույցների ներկայացուցիչների կողմից ընկալվեն անպայման այն իմաստով, որ բնիկ են ՌԴ բոլոր քաղաքացիները, անկախ մաշկի գույնից, կրոնական կամ էթնիկական պատկանելությունից:
Կարծում եմ, ստորին օղակի մեր չինովնիկները եւ տեղական իրավապահ կառույցների ներկայացուցիչները երբեմն իրոք չափն անցնում են: Իրոք, իրավապահ կառույցների ներկայացուցիչների եւ տեղական չինովնիկների մի մասի կաշառակերությունը, որի մասին վերջերս խոսեց նախագահը, հանգեցնում է չափազանցությունների, իսկ երբեմն էլ կամայականության, որոնք անհրաժեշտ է կտրականապես բացառել մեր կյանքից, այլապես այսօր Ռուսաստանում ապրող եւ իրենց օրինապահ քաղաքացիներ համարող ամենատարբեր ազգությունների տասնյակ միլիոնավոր մարդիկ սեփական երկրում իրենց կզգան շատ ճնշված եւ նվաստացած: Դա չի կարելի թույլ տալ ոչ մի դեպքում:
Ազգամիջյան հարաբերությունների խեղաթյուրումը կամ հասարակական կյանքի որեւէ ոլորտում ըստ ազգային պատկանելության խտրականության իրականացումը կարող են պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել հասարակության մեջ, ապակայունացնել երկրի կյանքը եւ միջազգային առումով լուրջ վնաս պատճառել Ռուսաստանի նկարագրին: Այս ոլորտը պահանջում է շատ նրբանկատ եւ թափանցիկ քաղաքականություն: Իշխանությունները պետք է համբերությամբ եւ բանիմաց կերպով պարզաբանեն իրենց քաղաքականության էությունը եւ հստակ պատկերացնեն ձեռնարկվող միջոցների հետեւանքները:
- Ի՞նչ եք կարծում, ռուս-վրացական հարաբերություններում ստեղծվող իրավիճակը կարո՞ղ է ինչ-որ ձեւով ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Կկատարվե՞ն արդյոք փոփոխություններ այդ հարաբերություններում:
- Արդեն ասացի, որ անկախության բոլոր տարիներին հայ-ռուսական հարաբերությունները զարգացել են առաջընթաց կերպով եւ դինամիկորեն, հենվելով պայմանավորվածությունների համակարգի վրա: Մի ամբողջ շարք արմատական հարցերում մեր պետությունների ու ժողովուրդների շահերը համընկնում են: Ուստի որեւէ հիմք չեմ տեսնում այդ հարաբերությունները փոփոխելու համար: Դրանք կարող են փոփոխվել միայն հետագա ամրապնդման եւ զարգացման առումով:
Իր կողմից Ռուսաստանի հայերի միությունն ամեն ինչ կանի, որպեսզի ՌԴ իշխանությունների հետ գործակցելով Ռուսաստանի հայ համայնքին պարզաբանի, որ ռուս-վրացական հարաբերություններում տեղի ունեցող գործընթացներն առհասարակ կիրառելի չեն վրաց համայնքի նկատմամբ, բնավ չեն նշանակում, թե խտրական արշավ է սկսվել ոչ ռուս համայնքների նկատմամբ: Եվ խուճապի որեւէ հիմք չկա, քանզի, ինչպես մենք ենք հասկանում, իշխանությունը մտադիր չէ ազգամիջյան երկպառակություն բորբոքել ամբողջ Ռուսաստանի մասշտաբներով եւ այդ շրջապտույտի մեջ առնել նորանոր էթնիկական խմբեր: Բազմազգ Ռուսաստանի համար դա հավասարազոր կլիներ ինքնասպանությանը:
- Եկող տարի Հայաստանում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, որոնց կհաջորդեն նախագահական ընտրությունները: Ձեր կարծիքով, ռուս-վրացական հարաբերություններում տեղի ունեցող իրադարձությունները կարո՞ղ են արդյոք ազդել Հայաստանի ընտրական գործընթացի վրա:
- Եթե Անդրկովկասը դառնա հակամարտության եւ շահերի հակադրության գոտի, ապա Արեւմուտքը կփորձի առավել ակտիվորեն ազդել Հայաստանի ընտրությունների արդյունքի վրա: Կարծում եմ, չնայած աշխարհում Արեւմուտքի անվիճելի տնտեսական ու ռազմաքաղաքական օգնությանը, Ռուսաստանն այնուամենայնիվ մեծ ազդեցություն ունի Հարավային Կովկասում եւ մանավանդ Հայաստանում: Պատահական չէ, որ Հայաստանի բոլոր քիչ թե շատ լուրջ քաղաքական գործիչները եւ քաղաքական ուժերը հանդես են գալիս Ռուսաստանի հետ քաղաքական ու տնտեսական սերտ հարաբերությունների պահպանման օգտին: Ինչպես Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը միաժամանակ Ռուս-հայկական տնտեսական հանձնաժողովի համանախագահն է, իրենց դրսեւորել են որպես հուսալի դաշնակիցներ, որոնք Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության հետագա ամրապնդման կողմնակիցներ են: Իհարկե, Արեւմուտքը կփորձի առավել ակտիվորեն ազդել Հայաստանի ընտրությունների ընթացքի եւ արդյունքի վրա, բայց շատ բան կախված կլինի նրանից, թե որքան երկար եւ ինչպիսի ձեւերով կզարգանա ռուս-վրացական դիմակայությունը եւ ինչ արդյունք կունենա:
Միանգամայն ակնհայտ է, որ Վրաստանի իշխանությունների միակողմանի արեւմտամետ կողմնորոշումն առայժմ երկրին բերում է ավելի շատ վնաս, քան օգուտ: Եվ սա կարող է լուրջ նախազգուշացում դառնալ Հայաստանի քաղաքական այն գործիչների համար, որոնք դեմ չեն արմատական հակառուսական եւ արեւմտամետ դիրք գրավելուն: Բայց նրանք ստիպված կլինեն հաշվի առնել Ռուսաստանում գրեթե կես միլիոն ՀՀ քաղաքացիների բնակությունը, որոնք Ռուսաստանում աշխատելովՙ տնտեսական օգնություն են ցույց տալիս Հայաստանում ապրող իրենց ազգականներին: ՌԴ հայ համայնքի դիրքորոշումը եւ երկու պետությունների ու ժողովուրդների զուգադիպող շահերը հաստատուն երաշխիքն են այն բանի, որ տեսանելի ապագայում հայ-ռուսական հարաբերություններում բացասական փոփոխություններ չեն լինի: