Ապագայում Իրաքը կարող է տրոհվել առանձին պետական կազմավորումների: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Մարգարետ Բեքեթը նման հայտարարություն է արել Լոնդոնում Իրաքի փոխվարչապետ Բահրամ Սալեհի հետ երեկ ունեցած հանդիպումից հետո:
Նշելով, որ սահմանագծումը զգալի չափով հենց իրաքցիների գործն է, Բեքեթը չի բացառել ապագայում Իրաքի ներքին սահմանների եւ սահմանադրության փոփոխման հնարավորությունը:
Ներկայումս Իրաքը ըստ էության արդեն բաժանված է 3 մեծ տարածքների. քրդաբնակ հյուսիս, սուննիաբնակ կենտրոն եւ առավելապես շիաներով բնակեցված հարավ: Հոկտեմբերի 17-ին «Ազգը» գրեց, որ սուննի իրաքցիների արմատական խմբավորումներից մեկը Իրաքի կենտրոնական ու արեւմտյան նահանգները հռչակել է «իսլամական պետություն»:
Չնայած դրան, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, թե իրաքցի քաղաքական գործիչներից որեւէ մեկը երկրի մասնատման հարցում շահագրգռություն չի դրսեւորել:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության տեղեկությունների համաձայն, 2003 թ. կոալիցիոն ուժերի Իրաք ներխուժելուց դեռ կես տարի առաջ Արեւմուտքում քննարկվել է երկրի մասնատման ծրագիր: ԱՄՆ միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնում մշակված այդ ծրագրով նախատեսվում է Իրաքի կենտրոնական մասը միացնել Հորդանանին: Դրանից հետո Հորդանանը կոչվելու է Միացյալ Հաշեմիության Թագավորություն: Ամմանը մնալու է երկրի մայրաքաղաքը:
Իրաքի հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան քրդաբնակ շրջանները դառնալու են ինքնուրույն պետություն: Առավելապես շիաներով բնակեցված հարավային շրջանները միացվելու են Քուվեյթին:
Արդեն 2002 թ. շատ հավանական էր համարվում տվյալ ծրագրի իրագործումը պատերազմում Սադդամ Հուսեյնի վարչակարգի տապալման դեպքում:
Ի դեպ, ամերիկյան «Վաշինգտոն թայմս» թերթը օրերս գրեց, որ Ջորջ Բուշի վարչակազմը պատրաստվում է առաջիկա ամիսներին Իրաքում «փոխել» ռազմավարությունը: Նախատեսվող տարբերակներից մեկը ամերիկյան զորքերի աստիճանական դուրսբերումն է հարեւան երկրներ եւ Իրաքի մասնատումը 3 շրջանի` ըստ էթնիկական եւ կրոնական սկզբունքների:
Մեկ ուրիշ տարբերակ է Բաղդադում հեղաշրջման կազմակերպումը եւ վարչապետ Նուրի ալ Մալիքիի փոխարինումը ուժեղ անձնավորությամբ, որը կկարողանա Իրաքում վերականգնել կարգուկանոնը:
Պ. Ք