Ինչպես տեղեկացրել էինք նախորդ համարում, Թենգիզի նավթահանքերում շինարարական աշխատանքներ կատարող թուրքական ENKA ֆիրման երեկ հատուկ ինքնաթիռով Ստամբուլ է տեղափոխել նաեւ 156 թուրք բանվորի: Այսպիսով, ղազախ բանվորների հետ բախումների պատճառով Ղազախստանից Թուրքիա տեղափոխվածների թիվը հասել է 800-ի: Այդ ընթացքում թուրքական վերոհիշյալ ֆիրմայի ներկայացուցիչը հայտարարել է, որ թուրք բանվորներն աշխատանքի դուրս չեն գա քանի դեռ ապահոված չէ նրանց անվտանգությունը:
Ղազախստանում Թուրքիայի դեսպան Թաներ Սեբենը, պատասխանելով թուրքական հանրային հեռուստատեսության հարցերին, ասել է, որ Թենգիզի շինհրապարակում աշխատող թուրք բանվորների թիվը 2 հազար էր, որից 800-ն արդեն վերադարձել է հայրենիք, նախատեսվում է եւս 160 բանվորի վերադարձը:
Դեսպանը միաժամանակ նշել է, որ թուրք բանվորների անվտանգությունն ապահովում էր ամերիկյան ծառայությունը, ելնելով ստեղծված իրավիճակիցՙ դեսպանատունը դիմել էր երկրի իշխանություններին, որ անվտանգության ապահովման պարտականությունն ստանձնեն ղազախական իրավապահ մարմինները: Այնուհետեւ նա ընդգծել է. «Հակառակ Ղազախստանից Թուրքիա վերադարձած բանվորների պնդումներին, ղազախների հետ բախումներում մահացու դեպքեր չեն եղել, ոչ էլ կան անհայտ կորածներ»:
Ղազախստանում ENKA-ի պատասխանատուն հավելել է դեսպանին, նշելով, որ մնացած թուրք բանվորները Թենգիզի շինհրապարակից 30 քմ հեռու գտնվող ճամբարում են ապաստանել, իսկ նրանց պաշտպանության տակ են վերցրել ղազախական անվտանգության ուժերը:
Հ. Չ.