«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2006-10-24 | #203, 2006-10-25 | #204, 2006-10-26


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԱՌԱՋ ՊԵՏՔ Է ՋԱՎԱԽՔ ԶՈՐՔ ՄՏՑՆԻ

Համոզված է Լեւոն Մելիք-Շահնազարյանը

Հայկական մամուլում ռուս-վրացական հարաբերությունները ծայրահեղՙ սեւ կամ սպիտակ գույներով են ներկայացվում, համոզված է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա գնահատմամբ, Հայաստանը ներկա իրավիճակում պետք է փորձի մեղմել իրավիճակը եւ գործի զուտ մեր հայրենակիցների շահերը պաշտպանելով: Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող քաղաքական գործընթացները երեկ «Փաստարկ» ակումբում մեկնաբանում էր քաղաքագետը:

Նրա գնահատմամբ, Ջավախքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո Հայաստանը պետք է շատ ուշադիր հետեւի, թե ով է դրանց փոխարինելու, եւ «եթե դա ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի բանակը լինի, ուրեմն դրանից ավելի շուտ պետք է Հայաստանի բանակն այնտեղ լինի», հակառակ դեպքում, եթե մեր պետությունը չի կարողանալու պաշտպանել ջավախահայերին, ուրեմն կորչում է իբրեւ սուվերեն պետություն դրա գոյության իմաստը: Նա ավելացրեց, որ այդպիսով ինքը պատերազմի կոչ չի անում, առաջարկում է բանակցություններով, փոխպայմանագրերով հարցը լուծեն, իսկ եթե ոչ, ուրեմն պետք է պաշտպանվեն մեր հայրենակիցները: «Եթե պետություններ կան, որ իրենց մեկ կամ մի քանի քաղաքացիների համար պատրաստ են պատերազմ սկսել, ապա մենք ջավախահայերին պաշտպանելու ավելի մեծ առիթ ունենք»: Նրա խոսքով, այսօր նույն քաղաքականությունն է վարում Ադրբեջանըՙ մասնակցելով Քվեմո Քարթլիի ադրբեջանցիների քաղաքական եւ տնտեսական կյանքին:

Քաղաքագետը խոսեց նաեւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակիՙ Հայաստան կատարած այցի մասին, որի ընթացքում նախագահն այստեղ աննախադեպ ընդունելություն գտավ: Նա նշեց, որ 1878 թ-ին բեռլինյան կոնգրեսում Ֆրանսիան Արեւմտյան Հայաստանի բնակչության անվտանգության երաշխավորներից մեկն էր: «Բնականաբար, Ֆրանսիան բարոյական պատասխանատվություն է զգում տեղի ունեցածի համար, եւ Հայոց ցեղասպանությունը դատապարտելուն ուղղված Ֆրանսիայի գործունեությունը պատիվ է բերում այդ երկրին: Դա մեղքերը քավելու տարբերակ է», համոզված է Մելիք-Շահնազարյանը: Նա համոզված է, որ Վերին պալատը կընդունի, եւ նախագահը կստորագրի Հայոց ցեղասպանությունը հերքողներին քրեական պատիժ սահմանող նախագիծը, ինչից հետո Հայաստանն Արեւմուտքի ռազմական ոտնձգություններից կարող է իրեն ապահով զգալ:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4