Վրաց-ռուսական հարաբերությունների սրվելու պատճառով Ռուսաստանում գտնվող եւ աշխատող Վրաստանի բոլոր քաղաքացիները ռուսական իշխանությունների կարգադրությամբ դուրս են հանվում երկրից:
Արդեն Ջավախք է վերադարձել Ռուսաստանում աշխատող հայերի մեծ մասը: Նրանք` Բեժանոյից Վահանը, Գարիկը, Աբասթումանից Վարդանը, Պետրոսը, Իտիլայից ուստա Արտուշը պատմում են, որ տեղի ոստիկանները շրջում են տարբեր աշխատավայրեր եւ Վրաստանի քաղաքացիություն ունեցող անձանց ստիպում են թողնել աշխատանքն ու հեռանալ իրենց երկրից: Վերադարձողներից շատերը նշում են նաեւ, որ հայերի (հատկապես ջավախահայերի) նկատմամբ ավելի մեղմ են, քան` վրացիների: Եթե հայերին երկրից դուրս են հանում առանց որեւէ բռնությունների, ապա վրացիների հետ լրիվ այլ կերպ են վարվում. նրանց տանում են ոստիկանություն, մի 5-6 օր պահում, ծեծում ու նոր միայն «դուրս» հրավիրում:
Իսկ դա, նրանց ասելով, արվում է միայն այն նպատակով, որ վրաց ժողովուրդը դանակը ոսկորին հասած, դեմ դուրս գա սեփական կառավարությանը:
Ջավախահայերը համոզված են, որ եթե Ռուսաստանը շարունակի տնտեսական շրջափակման իր քաղաքականությունը, Վրաստանն էլ համառի եւ իրենը պնդի, ապա իրենց սոցիալական վիճակը անտանելի կդառնա: Նրանց ասելով, դա տրամաբանական է. ռուսական գազը թանկացել է, որոշ սննդամթերքների մուտքը արգելվել է, իրենց ապրանքի արտահանումը Ռուսաստան չի թույլատրվում, թույլատրվածն էլ արժեզրկվել է, չհաշված, որ նրանք իրենց եկամտի մեծ մասը վաստակում էին Ռուսաստանում տարբեր աշխատանքներ կատարելով, նաեւ Ախալքալաքում տեղակայված ռուսական ռազմակայանում աշխատելով, որը հանել են...
Այսպես անվերջ կարող ենք նշել ջավախահայերի դժգոհություններն ու բողոքները...
Նրանց կարծիքով, հնարավորության դեպքում կթողնեն իրենց բնակավայրերն ու կգան Հայաստան կամ այնտեղ, որտեղ պայմանները մի փոքր ավելի լավ են եւ իրենց երեխաների ապագան փոքր-ինչ հուսալի կթվա...
ՎԱՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ