Դժվար է հասկանալ, թե Ստամբուլի հայոց պատրիարք, Մեսրոպ արք. Մութաֆյանը վախենո՞ւմ է թուրքերից, որոնց նա բացահայտորեն համակրում է, թե պարզապես դեմ է այն ամենին, ինչ նպաստավոր է Հայաստանին եւ հայերին:
Զայրացուցիչն այն պատիվն է, որ որոշ թերթեր նրան տալիս են որպես թուրքահայերի «առաջնորդի»: Առաջնորդը, մեր կարծիքով, չի վարկաբեկի հայկական համայնքի ղեկավարներին, հայոց պատմությունը եւ կամ Հայաստանի բարեկամներին: Թուրքերին հաճոյացող Մութաֆյանը չի հասկանում, որ իր խոսքերն ազդում են ինչպես աշխարհով մեկ սփռված հայերին, այնպես էլ օտարներին: Թուրքերը չեն տատանվում նրա խոսքերն ու մեկնաբանությունները հասցնել միջազգային մամուլի օրգաններին, որովհետեւ Մութաֆյանը դարձել է նրանց խոսնակն աշխարհում: Դժբախտաբար, շնորհիվ նրա տիտղոսի, այդ գրությունները ուշադրության են արժանանում, որովհետեւ Թուրքիայից դուրս ապրողների մեծամասնությունը չգիտի նրան եւ կարծում է, թե նա իրոք մտահոգված է Հայաստանով եւ հայ ժողովրդի ճակատագրով: Հայկական ազգանվան պատճառով ենթադրվում է, որ նա ապրում է հայերի ցավով, հույսերով եւ երազներով:
Բայց այժմ արդեն ակնհայտ է, որ նա դարձել է ի նպաստ թուրք կառավարության քարոզչություն ծավալող մի անձնավորություն: Նա բազմիցս նշել է, որ 1915 թվին ցեղասպանության զոհ գնացած 1,5 մլն հայերը նույնքան պատասխանատու են իրենց մահվան համար, որքան իրենց դահիճները:
Նախագահ Ժակ Շիրակի Հայաստանից մեկնելու առիթով նա ասել էր, մի անգամ եւս քծնելով թուրքերին. «Եթե հայերը անջատողական գործողությունների չդիմեին... ամենաքիչը 10 միլիոն հայ կունենայինք այսօր Թուրքիայում», եւ ավելացրել, որ Թուրքիան մեծապես կշահեր նրանցից:
Հետաքրքրական է, որ ցեղասպանությանը զոհ գնացած հայերի համար ցավելու փոխարեն նա խոսում է Թուրքիայի շահերի մասին: Դժվար է պատկերացնել, որ որեւէ ազնիվ մարդ, առավել եւս մի հայ կղերական, կարող է այդքան լկտի լինել հայտարարելու, որ կոտորված հայ կանայք, մանուկները, ծերունիներն ու մյուս բոլորը հավասարապես պատասխանատու էին (որքան Թալեաթը, Էնվերը, Ջեմալը եւ Նազիմը) 1915-ի ցեղասպանության համար:
Մութաֆյանը խիզախություն չունի, ոչ էլ երեւի հավատ նշելու, որ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն էին: Չմոռանանք, որ նա խստորեն քննադատեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին Թուրքիայում այդ մասին ակնարկելու համար: Մութաֆյանը նաեւ առարկում է ցեղասպանության ընդունումը նախապայման դարձնելու (ԵՄ անդամակցության) Ժակ Շիրակի պնդումներին: Բայց եթե նա նույնիսկ դա է ցանկանում, ապա «չպետք է մոռանանք, որ Բելգիայի արտգործնախարար Լուի Միշելը որոշակիորեն ասաց, որ Թուրքիայի առաջ չպետք է նոր քաղաքական պահանջներ դնենք»:
Հարց է ծագում, պրն Մութաֆյանը հոգեւոր առաջնո՞րդ է, թե՞ Թուրքիայի քարոզիչը: Հաշվի առնելով, որ նա Եվրոպայում շրջագայեց համոզելով քաղաքագետներին, որ իր տերերին ընդունեն Եվրոմիություն, նրան քաղաքական քարոզիչ (լոբիիստ) անվանելը, կարծում ենք, տեղին է:
Թուրքական մամուլին տված իր մեկնաբանություններում Մութաֆյանն իրեն ներկայացնում է որպես Թուրքիայում հայերի խոսնակ: Ցանկանում ենք իմանալ, թե ո՞վ կամ ի՞նչն է նրան իրավունք տալիս ասելու, որ նախընտրելի կլիներ, եթե Ֆրանսիայի նախագահը փորձեր երկխոսություն ծավալել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Ամերիկայում ապրող նախկին ստամբուլահայերը, որոնց հետ զրուցել եմ, շփոթված են, հավանություն չեն տալիս կամ փորձում են ինչ-որ բացատրություններ որոնել Մութաֆյանի մեկնաբանությունների համար: Բացատրությունները հիմնականում պտտվում են այն խնդրի շուրջը, որ նա երեւի վախենում է Թուրքիայի ռեպրեսիվ կառավարությունից եւ նման խոսքերով փորձում է պաշտպանել հայկական իր հոտին: Սրան ես պատասխանում եմ, ասելով, որ եթե դա իրոք այդպես է, ապա Մութաֆյանը ոչինչ չպետք է ասի իր հոգեւորականի ոլորտից այն կողմ: Հոգեւորականը չի սեւացնում արդեն ապացուցված պատմական ճշմարտությունները: Երբ ասում է, որ կոտորված հայերը նույնպես պատասխանատու էին իրենց մահվան համար, դա ուղղակի նողկալի է, անպատվություն: Նա դարձել է Հայոց ցեղասպանության Դեյվիդ Իրվինգը (որը հրեական ողջակիզումը ժխտողներից է):
Մութաֆյանի դիրքորոշումն ու արտասանած բառերը նույնիսկ ավելի զարհուրելի ազդեցություն են ունենում, քան Դեյվիդ Իրվինգի գրքերը, որովհետեւ անգլերենով, թուրքերենով եւ գերմաներենով տարածվում են ամբողջ աշխարհով մեկ, հեռարձակվում հեռուստատեսությամբ եւ տպագրվում մամուլի էջերում:
Ես չեմ մեղադրում Մութաֆյանին Եվրոմիության շարքերում Թուրքիային տեսնելու ցանկության համար: Գուցե նա հավատում է, որ ԵՄ-ն իր պահանջներին հավատարիմ մնալով կստիպի Թուրքիային դառնալ առավել ժողովրդավարական: Իսկ եթե Թուրքիան իրոք դառնա ժողովրդավարական եւ ի վերջո անդամակցի ԵՄ-ին, ապա այդ երկրի բոլոր քաղաքացիները, ներառյալ հայերը, կօգտվեն դրանից: Բայց դրա համար Մութաֆյանը բոլորովին կարիք չունի միանալու ուրացողների «ակումբին»:
Մութաֆյանը ցանկանում է, որ Թուրքիան փոխանակ պարտավորվի կատարել իրենից պահանջված պայմանները, ինքը թելադրի ԵՄ-ին անդամակցելու իր պահանջները: Թուրքերը դեմ են իրենց առաջադրված պայմաններին: Եթե Եվրոպայի առաջնորդներից մեկը (Ժակ Շիրակը) ցանկանում է բավարարել 400 հազար ֆրանսահայերի եւ Ֆրանսիայում ու Եվրոպայում ապրող անթիվ-անհամար ոչ-հայերի ցանկությունը, ապա Մութաֆյանի նման ինքնակոչ «թուրք հերոսներին» վայել չէ առարկել:
Իսկ ինչո՞ւ են որոշակի պայմաններ անհրաժեշտ Թուրքիայի անդամակցության համար: Ցույց տվեք ԵՄ-ին անդամակցել ցանկացող մի ուրիշ երկիր, որի մարդու իրավունքների պատմությունը նույնքան վատթար վիճակում է, որքան Թուրքիայինը: Անդամակցության թեկնածու երկրներից ո՞ր մեկն է սպառնում գրավել Հյուսիսային Իրաքը, տիրանալու համար այնտեղի նավթին:
Եկեք անտեսենք Հյուսիսային Իրաք ներխուժելու Թուրքիայի արտգործնախարար Գյուլի սպառնալի խոսքերը:
Գուցե Մութաֆյանն այնքան երկար է ապրել Թուրքիայում, որ կառավարության ճնշումների ներքո ամբողջովին մոռացել է «ճշմարտություն» եւ «մարդու իրավունքներ» արժեքների նշանակությունը: Բայց դրանց իմաստը հասկանալու համար պարտադիր չէ հայ լինել: Եվ այդ իմաստով առավել ամոթալի է Մութաֆյանի կեցվածքը որպես Ստամբուլի ներկա պատրիարքի:
ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ, «Արմինյն միրոր սփեքթեյթր», (հոկտ. 14-ի խմբագրական)