«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2006-10-24 | #203, 2006-10-25 | #204, 2006-10-26


ՀԱՅԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԵՐԵԶՄԱՆ ՄԾԲԻՆ (ՆՈՒՍԱՅԲԻՆ) ԳԱՎԱՌԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ

Թուրքական ոստիկանությունը խստիվ արգելել է ելքն ու մուտքը գերեզմանոց

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Հոկտեմբերի 17-ին Մարտին վիլայեթի գավառներից Նուսայբինի (Մծբին) Կուրու գյուղում, որը եղել է հայկական, գերեզման փորելիս գյուղացիները հանկարծ հայտնաբերել են արդեն ստորգետնյա դարձած մի քարանձավ: Քանի որ քարանձավի մուտքը փակ է եղել, ուստի այնտեղ մուտք գործելը մեծ ջանքեր է պահանջել նրանցից: 3 մետր լայնությամբ այս քարանձավում գյուղացիները հանդիպել են շուրջ 40 կմախքի, ինչը նրանց պարզապես ցնցել է:

Զգալով, որ այդ քարանձավն իրականում 1915 թ. սպանված հայերի պատկանող ընդհանուր գերեզման է, նրանք իսկույն դիմել են հարեւան Աքարսու գյուղի ոստիկանական տեղամաս: Տեղամասի հրամանատարը գյուղացիներին կարգադրել է փակել քարանձավը եւ ոչ մի բանի ձեռք չտալ, պատճառաբանելով, թե Նուսայբինի դատախազությունը հետաքննություն է անցկացնելու:

Թեեւ գյուղացիները Ռագըփ Զարաքոլուի «Օզգյուր Գյունդեմ» թերթի թղթակից Բերգյուզար Օրուչին ասել են, որ տեղյակ չէին ընդհանուր գերեզմանից, սակայն քարանձավի հայտնաբերման հետ վերստին շրջանառության մեջ են դրվել1915 թ. այս գյուղում սպանված 300 հայերին համատեղ թաղելու պնդումները: Վերոհիշյալ քարանձավի մասին տեղեկությունը «Ընդհանուր գերեզման հայկական գյուղում» վերնագրով «Օզգյուր Գյունդեմը» հրապարակել էր հոկտեմբերի 19-ին համապատասխան լուսանկարներով, որին արձագանքել է Եվրոպայում հեռարձակվող քրդական Roj TV-ն: Ինչը գրավել է ոստիկանության վերոհիշյալ տեղամասի ուշադրությունը:

Տեղամասի պատասխանատուները մեկնելով գյուղ, ոչ միայն արգելել են մամուլի ներկայացուցիչների մուտքն այնտեղ, այլեւ հայտարարել, որ «Օզգյուր Գյունդեմի» հրապարակումը սուտ է, իսկ լուսանկարըՙ կեղծ: Նրանք միաժամանակ նախազգուշացրել են գյուղացիներին քարանձավի մասին որեւէ տեղեկություն չհայտնել մամուլին եւ ոչ մեկին ցույց չտալ դրա տեղը: Հոկտեմբերի 22-ին «Ընդհանուր գերեզմանը քողարկվում է» վերնագրով «Օզգյուր Գյունդեմը» մեկ անգամ եւս անդրադարձել է Նուսայբինի նախկին հայկական Կուրու գյուղի մերձակայքում գտնվող քարանձավին եւ նշել, որ ոստիկանությունը այնտեղ լուսանկարներ է արել, ապա արգելել է ելքն ու մուտքը, նախապես փակելով հայերի համար ընդհանուր գերեզմանի վերածված այս քարանձավը: Ինչ վերաբերում է Նուսայբինի դատախազությանը, ապա թերթը հիմք ընդունելով ոստիկանության վերոհիշյալ ձեռնարկումները, հանգում է հետեւյալ եզրակացության. «Քանի դեռ ընդհանուր գերեզմանը քողարկվում է, դատախազությունն այս քարանձավում հազիվ թե հետաքննություն անցկացնի»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4