«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2006-10-24 | #203, 2006-10-25 | #204, 2006-10-26


ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, ԲՐՅՈՒՍԵԼ. ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻՐ

Երեկ կառավարության հետ Ազգային ժողովի պատգամավորների հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով Արամ Գ. Սարգսյանի հարցին, արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների օրակարգում տարածքների վերադարձի հարց, իրոք, առկա է սակայն փաթեթում առաջնայինը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման եւ կարգավիճակի հարցն է, որին փուլ առ փուլ հաջորդելու են մյուս հարցերը: Բանակցության թեմա է նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական Մարտակերտի եւ Մարտունու շրջանների տարածքների մի մասը, թեեւ վերջիններս Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքների հետ նույն հարթության վրա չեն դիտարկվում: Մի խոսքով, ըստ Օսկանյանի, կարգավորման փաթեթը միգուցե իրականացվի փուլային եղանակով, բայց դա ընդունվելու է որպես մի ամբողջ փաթեթ:

Վերը բերված տեսակետը Վարդան Օսկանյանն արտահայտեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած նոր մտքերի առումով, որոնք մատուցվել են դեռեւս հոկտեմբերի 6-ին, նրա եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման ընթացքում, իսկ արդեն հոկտեմբերի 24-ին, Փարիզում, համանախագահների եւ երկու նախարարների հանդիպման ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց դիրքորոշումն այդ նոր մտքերի վերաբերյալ: Ընդ որում` հայկական կողմը նաեւ Ղարաբաղի տեսակետն է ներկայացրել: Նոր մտքերի վերաբերյալ համաձայնության եզրեր չկան, ասաց Վարդան Օսկանյանը, բայց համանախագահներն ու նախարարները նոյեմբերի 14-ին, Բրյուսելում նորից են փորձելու այդ եզրերը գտնել, իսկ Բրյուսելի հանդիպումից հետո համանախագահները կայցելեն տարածաշրջան:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4