Հոկտեմբերի 24-ին Փարիզում տեղի ունեցած Օսկանյան-Մամեդյարով հանդիպումից հետո որոշվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: Այցելության կոնկրետ ժամկետները կհստակեցվեն Եվրոմիության համագործակցության խորհրդի հերթական նիստի շրջանակներում նոյեմբերի 14-ինՙ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման ժամանակ: Համանախագահների մատուցմամբ, տարածաշրջան այցի նպատակը կլինի այս տարի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների 3-րդ հանդիպման կազմակերպման հնարավորության քննարկումը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հռչակագիր են ընդունել Փարիզում Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման առնչությամբ, որ տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող համանախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի ներկայությամբ: «Նախարարների հանդիպումն անցավ կառուցողական, բաց եւ անկեղծ միջավայրում: Դա կողմերի համար պայմաններ կստեղծի «շարունակելու հիմնական սկզբունքների» փաստաթղթի քննարկումը: Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները քննարկել են հոկտեմբերի 6-ին Մոսկվայում միջնորդների առաջ քաշած սկզբունքների լրացուցիչ տարրեր», նշված է հռչակագրում:
Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համաձայն, Վարդան Օսկանյանն առայժմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման հիմքեր չի տեսնում: Հանդիպման հավանականությունը պարզ կդառնա նոյեմբերի 14-ից հետո: Ըստ ՀՀ ԱԳ նախարարի, առայժմ վերջնական արդյունքներ չկան, բայց այս հանդիպումը շարունակությունն էր Մոսկվայի հանդիպման, որտեղ նոր մտքեր էին առաջ քաշվելՙ տարաձայնություններ ունեցող հարցերի կապակցությամբ:
Օսկանյանը տեղեկացրել է, որ ներկայումս քննարկվող փաստաթղթին ղարաբաղյան իշխանությունները տեղյակ են, ինչը, սակայն, չի նշանակում համաձայնություն յուրաքանչյուր հարցին: «Սկզբունքներին մենք մեր համաձայնությունը տվել ենք, բայց փաստաթուղթն ավելին է, քան սկզբունքները: Եվ այդ մանրամասների մեջ մենք տարաձայնություններ ունենք փաստաթղթի եւ համանախագահների հետ», նշել է Վարդան Օսկանյանը:
Փաստացի ստացվում է, որ ցայսօր հայտարարությունները, թե փաստաթուղթը վերաբերում է միայն սկզբունքներին, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Մյուս կողմից մինչեւ տարեվերջ եղած ժամանակահատվածը հնարավորինս արդյունավետ օգտագործելու ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի ջանքերը վկայում են, որ փաստաթուղթը համաձայնեցվելու որոշակի փուլ անցել է, իսկ մանրամասները դարձել են առավել բարդ, քան սկզբունքները:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ