Անտառների կառավարման քաղաքականությունը պետք է փոխել»
Պաշտոնական տվյալներով հանրապետության տարածքի ընդամենը 10 տոկոսն են կազմում անտառները (մեր հարեւան Վրաստանի ու Ադրբեջանի 25-30 տոկոսի տեղակ), իսկ ամեն անձի բաժին է ընկնում 0,1 հա անտառային զանգված: Անկախ փորձագիտական հաշվարկներով 1991 թվականի 341 հզ հա-ի փոխարեն այսօր ունենք 273 հզ հա անտառային տարածք:
Անկախ տնտեսական աճից ու չքավորության նվազեցման բազմազան ծրագրերից, մարդկանց մի մեծ շերտ այսօր էլ ընտանիքը կերակրում ու տաքացնում է անտառի օգնությամբ: Եվ ինչքան էլ շարունակվեն անտառահատումների դեմ հասարակական ու պետական կառույցների հավերժական քննարկումները, ինչպիսին էր երեկ, այսօր էլ անտառամերձ բնակավայրերի բնակչությունը անտառից դուրս չի գալիս: Անտառների հոշոտման մեղքը սովորաբար փորձում են բարդել հենց նրանց վրա, այնուամենայնիվ, խնդրին մոտ կանգնած յուրաքանչյուր ոք գիտի, որ ամենեւին այդպես չէ: Սանիտարական հատումների անվան տակ պետական կազմակերպություններն իրականացնում են ապօրինի հատումներ, գործարարների մի խումբ երկար տարիներ հեշտ հարստանալու աղբյուր է դարձրել անտառը, եւ հատումներն, ի դեպ, կատարում է հենց տեղական բնակչության աշխատուժն օգտագործելու ճանապարհով: ՀՀ դատախազության կողմից կառավարությանն ուղղված 2003 թվականի մի գրության մեջ բառացի նշվում է մի այդպիսի փաստ. «Խոշոր ծավալի շինափայտի ստացման պլանավորումը, շինանյութի մատակարարման պայմանագրի կնքումը եւ հատման ենթակա ծառերի ընտրությունը կատարվել են օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներով»: Ըստ այդ տեղեկատվության, 28 հզ խմ իբր սանիտարական հատումներից ստացվել է 7 հզ 280 խմ շինափայտ: Սակայն մասնագիտական քննությունը հետո պարզել է, որ այդքան սանիտարական հատումից այդ քանակի շինափայտ չէր ստացվի:
Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանն առաջ է քաշում անտառների կառավարման ճշտման խնդիրը: Նա առաջարկում է ստեղծել հատուկ անտառների հարցով անտառային նախարարություն, որն, ի դեպ, զբաղվելու է նաեւ Ղարաբաղի անտառներով, որպես տարածաշրջանի միասնական օրգանիզմի մի հատվածի:
2004 թվականի հունվարին կառավարական որոշմամբ, անտառների շահագործումն ու պահպանումը հանձնվեց գյուղնախարարությանը` բնապահպանության նախարարությանը թողնելով դրանց մասնակի վերահսկողության իրավասությունը: Բնապահպանները մտավախություն ունեն, որ 2 տիրոջ ծառա դարձած անտառներին միանգամայն իրական վտանգ է սպառնում: Գյուղնախարարությունը, անկախ այն բանից, որ նրա տնօրինության տարիներին բավական կրճատվեցին վայրագ անտառահատումները, իր սեփական շահերն ունի, որոնք հակադրվում են անտառապահպանության խնդրին. վարելահողերի ընդլայնման նպատակով փոխվում է անտառային հողերի կարգավիճակը, եւ երբեմն գրեթե ձրի օտարվում են անտառային հողերը: Անցած տարի ընդունված անտառային նոր օրենսգիրքը սպառնալիքների դուռ է բացել անտառի համար: Օրենքում ամրագրվել է անտառի մասնավորեցման եւ սեփականաշնորհման դրույթը: Ըստ այդմ, մասնավորեցում թույլատրելի է, եթե տվյալ հողերը ժամանակին անտառային տարածքներ են եղել, բայց այսօր այստեղ ոչինչ չկա: Սեփականատերը կարող է գայթակղվել եւ հսկայական տարածքներ վերցնել: Իսկ թե ինչպես կտնօրինի դրանք, բազմաթիվ օրինակներ արդեն աչքի առաջ են:
Գերմանիայում, մեր քաղաքականությանը հակառակ, պետությունը մասնավորից շատ թանկ գներով գնում է անտառային հատվածները:
Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը բերում է իր ելույթներին հատկանշական հերթական արտառոց օրինակը: Արմավիրի մարզի Նորավանք գյուղում անտառային հողերից կարգավիճակը փոխվելու ճանապարհով, 123 հա օտարվել է եւ բաժան-բաժան արվել: 4 հա տրվել է գյուղի գերեզմանատանը, 1 հա մի մեծահարուստի, եւ 39 հա` ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի զոքանչին:
***
Սակայն նկատենք, որ եւս մեկ նախարարություն ստեղծելու ճանապարհով կառավարման միասնականացումն ի սկզբանե բացասական հակազդեցություններ է առաջացնելու, քանի որ մեր ճստլիկ Հայաստանում առանց այդ էլ խիստ ուռճացած են նախարարություններն ու գերատեսչությունները: Նույնիսկ 2 տիրոջ առկայության պայմաններում ցանկության ու անհրաժեշտ կամքի դեպքում հեշտությամբ կարելի է լուծել նույնիսկ անլուծելի խնդիրներ, ի դեպ, ինչպես եւ ցանկացած խնդիր:
Պատմական Հայաստանի 35-40 տոկոս անտառապատվածության ցուցանիշի փոխարեն այսօր փշրանքների հույսին մնացած մեր բնապահպան կառույցները 18-20 տոկոս անտառապատվածության նշաձող են երազում: «Լինսիի հիմնադրամը ասֆալտի վրա դրվեց, բայց մեր պապերը քարերի վրա են քայլել, մեզ անտառն ավելի շատ է պետք», ասում է Ա. Զիրոյանը եւ անհավանական առաջարկ անում` փոխել Լինսի ռազմավարությունը անտառների ուղղությամբ:
Այսօր հանրապետությունում ամենից անտառապատը Հյուսիսային Հայաստանն է` 29-30 տոկոս, հարավայինում անտառները 13 տոկոս են կազմում, կենտրոնականում` 2 տոկոս: Անտառվերականգնման նոր նախագծերի համաձայն պետք է սկսել կենտրոնական ծառազուրկ Հայաստանից, որի մեջ նաեւ Արարատյան դաշտավայրն է: Այստեղ է կառուցված ԱԷԿ-ը, եւ բնապահպանները խելամիտ առաջարկ են անում` ռադիացիոն թափոնների ու աղտոտումների դեմ անտառն ամենահուսալի պաշտպանն ու զսպիչ ուժն է, ինչն, ի դեպ, ապացուցվեց Չեռնոբիլի վթարից հետո:
Մեր ԱԷԿ-ի եւ կողքի գյուղի միջեւ 52 հա-անոց մի անտառաշերտ կա, որի կարգավիճակը եւս փոխվել է, այսինքն, ոչնչացման սպառնալիքն իրական է նաեւ նրա համար:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ