Մեր երկրի գյուղական համայնքների աղքատության վերացման համար որոշել են ջանքերն ու հնարավորությունները համատեղել ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Երեկ կողմերի միջեւ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Նաիրա Մելքումյանն ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը ծրագրի արդյունավետության համար կարեւորեցին գյուղական համայնքների եւ տեղական իշխանությունների համագործակցությունը: Համայնքները, նրանց խոսքերով, ընտրվելու են մի քանի չափանիշներով` աղքատության, գործազրկության մակարդակով, ինչպես նաեւ ընդգրկվելու են սահմանամերձ գյուղեր: Կոնսուելո Վիդալը հայտնեց, որ արտգործնախարարության հիշյալ խնդրով զբաղվող խումբը կառավարության աջակցությամբ ՄԱԿ-ի հետ արդեն իսկ ունի մշակված ծրագիր: ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգողն ընդգծեց նաեւ, որ գյուղական համայնքների խնդիրների ուսումնասիրման ժամանակ մարդիկ իրենք են վեր հանում իրենց կարիքներն ու առաջնահերթությունները, որոնց առանցքում կան նաեւ սոցիալական խնդիրներ:
«Ես վստահ եմ, որ այս համագործակցության արդյունքը շատ վճռորոշ կլինի աղքատության կրճատման առումով», ասաց Նաիրա Մելքումյանը` հավելելով, որ իրենց հեռահար նպատակը գյուղացուն հարստանալու հնարավորություն տալն է:
Գ. Գ.