Հայաստանի անկախացումը, բացելով մեր հանրապետության առջեւ միջազգային հանրության լիիրավ անդամը դառնալու հեռանկարը, արմատական փոփոխությունների ենթարկեց երկրի հասարակական, քաղաքական եւ տնտեսական կյանքի բոլոր ոլորտները: Դրանց նկատմամբ մոտեցումների փոփոխության հրամայականը բոլորովին նոր խնդիրներ առաջադրեց հայ լրագրողներին:
Խնդիրների հաղթահարումը տրամաբանականորեն ենթադրում էր, որ արմատապես վերանայվի լրատվության ուսուցման մեթոդիկան, իսկ դա անհրաժեշտ էր դարձնում ուսումնական նոր ձեռնարկների պատրաստումը: Հայաստանի հասարակական, քաղաքական եւ տնտեսական կյանքի նկատմամբ նոր մոտեցումների, ինչպես նաեւ լրատվության ուսուցման մեթոդիկայի վերանայման առումով չափազանց լուրջ ներդրում է Ռաֆիկ Հովհաննիսյանի «Լրագրություն. մասնագիտական տեխնոլոգիաներ եւ էթիկա» ուշագրավ աշխատությունը:
Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի երաշխավորությամբ 2005 թ. Երեւանում լույս տեսած այս աշխատությունն ուսանողների համար ուսումնական ձեռնարկ է նաեւ: Աշխատությունը խմբագրել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆ. Ս. Ս. Հայրապետյանը: Աշխատությունը 152 էջ է, բաղկացած 5 առանձին գլուխներից:
Ռաֆիկ Հովհաննիսյանի «Լրագրություն» աշխատության առաջին գլուխը նվիրված է ԶԼՄ-ների գլխավոր առաքելությանը, որտեղ խոսքի ազատության հետ մանրամասն տրվում է լրատվամիջոցի անկախության եւ պատասխանատվության սահմանումը: Աշխատության երկրորդ գլուխը նվիրված է լրագրության տեղեկատվական, երրորդըՙ հրապարակախոսական ժանրերին:
Հեղինակն այս գլուխներում օրինակներով շարադրում է հարցազրույցի վարման ձեւերը, իբրեւ հարցազրույցի տեսակ բնութագրում է երկխոսությունը, մամուլի ասուլիսն ու ճեպազրույցը եւ անդրադառնում «կլոր սեղանին», հոդվածին, հուշագրությանը, ակնարկին եւ հրապարակախոսական մյուս ժանրերին:
«Լրատվամիջոցը եւ հասարակությունը» ենթավերնագրով չորրորդ գլխում Ռաֆիկ Հովհաննիսյանը երեւան է հանում հասարակության վրա մամուլի ազդեցությունը, նրանց փոխադարձ կապը եւ ընդգծում է ԶԼՄ-ների լեզվի մաքրության անհրաժեշտությունը:
ՀՀ ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր, Ռուս-հայկական պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, հայտնի քաղաքական մեկնաբան եւ հրապարակախոս Ռաֆիկ Հովհաննիսյանի աշխատության մեջ գուցե նկատվեն թերություններ: Սակայն չի կարելի չնկատել աշխատությունում արտացոլվող նրա անձնական հարուստ փորձն ու լրատվամիջոցի պատասխանատվության եւ լրագրողի բարոյականության հարցերում օրինակելի սկզբունքայնությունն ու անկեղծությունը:
Ռաֆիկ Հովհաննիսյանի բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին, լրագրության ոլորտի աշխատողներին եւ ընթերցողների լայն շրջանակին հասցեագրված աշխատությունն առանձնահատուկ նշանակություն ունի հայ լրագրության հետագա զարգացման համար: Դրա լույս ընծայումը ողջունելի է հատկապես մեր թերթի համար, որովհետեւ հեղինակը որպես քաղաքական մեկնաբան երկար տարիներ աշխատել է «Ազգում»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ