Թվում է բրեժնեւյան եւ առհասարակ կոմունիստական դարաշրջանից հետո դրա յուրօրինակ կենսագիր-նկարիչը մոռացության կմատնվի: Սակայն բոլորովին հակառակը. նորաթուխ կապիտալիզմի պայմաններում Նալբանդյանի ստեղծագործությունն իրոք վերածնունդ է ապրում: Բանն այն է, որ առաջնորդներին պատկերելուց բացի նա ստեղծել է նաեւ բազմաթիվ լիրիկական գեղանկարներ, բնապատկերներ, նատյուրմորտներ եւ այլն: Եվ մոսկովյան Մանեժից սկսած մինչեւ հեղինակավոր մասնավոր պատկերասրահները վերջին ամիսներին լայնորեն ցուցադրված նրա նկարաշարերի առաջացրած մեծ հետաքրքրությունը վկայեց, որ Նալբանդյանը ներկայիս գեղարվեստական շուկայի կարեւոր դեմքերից մեկն է, որ նրա կտավները շարունակում են արժեքավորել շատ թանգարաններ ու դառնալ աչքի ընկնող աճուրդների առարկա:
Չնայած Նալբանդյանը կյանքի մեծ մասն ապրել է Մոսկվայում (պատերազմի տարիներին` Երեւանում), սակայն նրան խորթ չի եղել ազգային թեմատիկան: Նկարել է հայոց մեծերին, հայաստանյան բնապատկերներ եւ այլն: Այդուհանդերձ այս իմաստով նրա ամենատպավորիչ աշխատանքը, թերեւս, հայ մտավորականներին նվիրված «Վերնատուն» կտավն է, որ մտնում է Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի մեջ:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա