«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2006-10-24 | #203, 2006-10-25 | #204, 2006-10-26


ՊԻՈՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՊԱՏԳԱՄՆ ԷՐՙ «ԻՄԱՑԻՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ»

Էջմիածնի հոգեւոր խորհրդի անդամ, գրականագետ, պրոֆեսոր Պիոն Հակոբյանը գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ չէր, ոչ էլ ակադեմիկոս, սակայն իր թողած գրականագիտական ահռելի ժառանգությամբ վեր է գիտական այդ կոչմանը արժանացածներից: Նա հայտնի էր որպես հրաշալի աբովյանագետ, նրա գիտական ուսումնասիրությունները չեն սահմանափակվել միայն Խաչատուր Աբովյանի կյանքի ու ստեղծագործության խորունկ շերտերը բացահայտելով, ընդգրկել են նաեւ Միքայել Նալբանդյանից մինչեւ Ակսել Բակունց ու անդրադարձել այլ ժողովուրդների հետ գրական առնչություններին: Նրա պրպտուն միտքը երբեք հանգիստ չի ունեցել, իր փայլուն հիշողությամբ կարողացել է կատարել զարմանք առաջացնող գրական բազմաթիվ հետազոտություններ, որոնցից շատերը երեկ ներկայացված էին ազգային գրադարանում բացված ցուցահանդեսում: Առիթը Պիոն Հակոբյանի 80-ամյակն էր, որը նշելու էին եկել նրան գնահատող ու մեծարող բարեկամները, ազգականները, ընթերցողները, որոնց համար որքան պատվաբեր, նույնքան էլ դժվար էր խոսելը: Ասվեցին սրտահույզ խոսքեր հայագիտության մեջ Հակոբյանի ունեցած ավանդի, նրա խորագիտության ու անսովոր համեստության, աշխատասիրության, պատվասիրության ու անդրդվելի սկզբունքայնության մասին:

Պիոն Հակոբյանի որդինՙ պատմական գիտությունների թեկնածու, հնագետ Հայկ Հակոբյանը հիշեց, թե ինչպես էր ցուրտ ու մութ տարիներին մեքենագրում հայ կաթոլիկների մասին հոր գիրքը: «Նա հիշում էր աղբյուրների բոլոր էջերը: Հազվագյուտ հիշողություն ուներ ու գրական չափազանց սուր զգացողություն:

Մոսկվայում ուսանելուս տարիներին երբեմն գալիս էր ինձ մոտ: Մի անգամ միասին գրախանութ մտանք, ձեռքն առավ 600 էջանոց մի գիրքՙ «Ամերիկյան արձակը ռուսերեն թարգմանություններում», պատահական մի էջ բացեց, կարդաց ու ասացՙ «սա լեհահայերի բանաստեղծություններից էՙ «Վեչերնի զվոն» (երեկոյան ղողանջներ)»:

Խոսքը «Վեչերնի զվոն» ռուսական հայտնի ռոմանսի տեքստի մասին է, որը թարգմանվել է անգլերենից, հեղինակն է Թոմաս Մուրը: «Այդ երեկոյան զանգերը» 8 տողանոց բանաստեղծությունը հայկական ժողովրդական երգի անգլերեն վերաշարադրություն է: Թոմաս Մուրն այդ մասին նշել է, իսկ Պիոն Հակոբյանը պարզեց, որ դա հայ պանդուխտի երգ է: Պատահական չէ, որ Ուրարտուից սկսած հայերն ունեցել են զանգի պաշտամունքՙ ձիերի զանգեր եւ այլն: Լեհահայերի համար զանգի ձայները խորհրդանշել են հայրենիքի կարոտը: Պիոն Հակոբյանի հոդվածից հետո միայն մեզանում հայտնի դարձավ, որ «Վեչերնի զվոնը» հայկական ժողովրդական ստեղծագործություն է նաեւ ռուսական նշանավոր ռոմանս: Այսինքն կամուրջ է հայ եւ ռուս ժողովուրդների միջեւՙ անգլիացիների միջոցով», ասաց Հայկ Հակոբյանը:

Անվանի գրականագետին Պիոն է անվանել հոգեւորական պապը, որովհետեւ պիոն հունարեն նշանակում է բարեպաշտ: Իր ծագման մասին Պիոն Հակոբյանը չի սիրել խոսել, բայց մի անգամ ասել է, որ իրենց շառավիղը գալիս է գյուղագիր Հակոբ Կարնեցուց, իրենց նախնիները մոտ 300 տարի հոգեւորականներ են եղել:

Հայկ Հակոբյանի համար հայրը ողջ է, որովհետեւ «մարդը ողջ է, եթե պայքարում է խավարի ու մահվան դեմ»: Պիոն Հակոբյանի գրական- գիտական ժառանգությունը դեռ ավարտված չէ: Ներկա պահին պատրաստվում են նոր աշխատություններՙ Ախալցխայի պատմությունն ու Խաչատուր Աբովյանի կենսամատենագիտությունը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4