Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ընթացքում խորհրդարանականները մոռացել էին Ազգային ժողովի օրենսդիր մարմին լինելը եւ գերակատարեցին քաղաքական նկատառումներից բխող հայտարարությունների, ձեւակերպումների անհրաժեշտությունըՙ սկսելով 1991 թվականի ընտրություններից հասան մինչ գալիք խորհրդարանականն ու նախագահականը: ԱԺ ընթացիկ համարյա ողջ քառօրյան զբաղեցրած քննարկումներում ընտրական օրենսգրքի փոփոխություններին ընդամենը հաշված բովանդակային անդրադարձեր եղան: Մնացյալը միայն քաղաքական գնահատականներ էին, որոնցում ընդդիմությունն առիթը բաց չթողեց եւս մեկ անգամ բարձրաձայնելու իշխանությունների հասցեին արդեն տարիներով հնչեցվող մեղադրանքների շարքը, իշխանությունն էլ անփոփոխ հակադարձումները չուշացրեց:
Տարաձայնություններն ընդգրկում են ոչ միայն համամասնական, մեծամասնական ընտրակարգերի համամասնության եւ հանձնաժողովների ձեւավորման հարցերը, այլեւ ընտրական օրենսգրքի որակի բարելավման անհրաժեշտության հարցը: Ընդդիմադիր թեւի պատգամավորներից շատերը, նկատի ունենալով նախորդած համապետական ընտրություններում առկա ակնբախ խախտումները, փաստում են, որ անկախ օրենսգրքի բարեփոխումների մակարդակից ցանկության դեպքում կարելի է կազմակերպել լավ կամ վատ ընտրություններ: Հակադարձումը եղավ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի արտահերթ ելույթում, որում ընդգծվեց հնարավորինս մշակված օրենսգրքի անհրաժեշտությունը, բայց ոչ բավարար պայման լինելը ազնիվ ու արդար ընտրությունների համար: Վերջինն ապահովելուն, ԱԺ նախագահի կարծիքով, խանգարում է լավ ու վատ ընտրությունը սեփական անձի ձեռք բերած իշխանության չափով որոշելը:
Համակարծության շրջանակ էլ ցուցադրվեց քննարկումների ընթացքումՙ պարզվում է խիստ կարեւորվում է ժողովրդի դերը ընտրություններում եւ դրանում ժողովրդին հավատացնելն ու լավատեսությունը վերականգնելը: Ուրախալի է, որ գոնե որպես բարձրաձայնված փաստ կա արդար ու անարդար ընտրություններից ժողովրդի ձանձրացած լինելու մասին գիտակցումը: Բայց դրա չեզոքացման եղանակներ էլ են տեսնում խորհրդարանում, օրինակՙ «Արդարության» քարտուղար Գրիգոր Հարությունյանի իշխանություններին ուղղած մեղադրանքների շարքին հաջորդեց ընտրակեղծիքներով անցած պատգամավորներին ուղղված պաթետիկ կոչ. «Ներողություն խնդրեք, ասեքՙ ժողովուրդ, կեղծել ենք ընտրությունները, սխալվել ենք, էլ չենք անի: Ժողովուրդը կների, կասի` լուրջ մարդիկ են, որ ներողություն են խնդրում, եւ վստահության դեֆիցիտը կվերանա»: Հակադարձումը, բնականաբար, ներկաների ծիծաղը եղավ. կամ կոչն էր միամիտ, կամ ... Նույն կերպ ընդունվեց նաեւ «Գործարարի» քարտուղար Մեխակ Մխիթարյանի «իշխանության վերարտադրվելու ցանկությունը սովորական բան է, չէ՞ որ ընդդիմությունն ու անգամ արտախորհրդարանական ուժերը եւս ցանկանում են վերարտադրվել» հայտարարությունը: Պատգամավորն ամենայն հանգստությամբ նաեւ վստահեցրեց, որ առաջիկա տասը տարիներին էլ, անկախ ամեն տեսակ փոփոխություններից ու գիտակցումից, միամտություն է Հայաստանում ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ ակնկալելը:
Մեծամասնական ընտրակարգը «Ազգային միաբանության» քարտուղար Ալեքսան Կարապետյանի համոզմամբ ոչ այլ ինչ է, քան «լեզվի, հռետորական արվեստի, կաշառքների բաժանման ու ծեծի դրսեւորում», որը հանուն Ռոբերտ Քոչարյանի իշխանության կբերի Հակոբ Հակոբյանի ճակատագիրը կրկնող պատգամավորների շարքՙ նախ տվյալ մարդը կապահովի Քոչարյանի ընտրությունը, դրա դիմաց պատգամավորական մանդատ կստանա, ապա հարկ եղած դեպքում կդառնա քավության նոխազ: Մինչդեռ 100 տոկոսով համամասնական ընտրությունները ԱՄ դիտարկմամբ կնպաստեն կուսակցությունների կայացմանը, ընտրակաշառքների ու ընտրակեղծիքների կրճատմանը:
Միավորված աշխատանքային կուսակցությունն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը կրկին անգամ փաստելով 100 տոկոսով համամասնական ընտրությունների իրենց ջատագով լինելը, այնուամենայնիվ նախընտրեցին քաղաքական համաձայնությունը հարգելն ու այս փուլում կուսակցության ծրագրային դրույթի ստորադասումը քաղաքական նպատակահարմարությանը:
Ամեն դեպքում ձեռք բերված համաձայնությունը չի խախտվի, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու «Գործարարը», ՄԱԿ-ը, գուցե նաեւ «Ժողպատգամավորը» կողմ կքվեարկեն եկող տարի խորհրդարանական ընտրություններում 90 համամասնական եւ 41 մեծամասնական պատգամավորական տեղ առաջարկող ընտրական օրենսգրքի տարբերակին: «Ազգային միաբանությունը» դեմ լինել չի կարող, քանի որ իր ներկայացրած տասնյակ առաջարկություններն ընդունվել են, բայց եւ կողմ չիՙ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի կողմնակից է, հետեւաբար չի մասնակցելու քվեարկությանը: «Արդարություն» խմբակցությունը կամ դեմ կլինի, կամ չի մասնակցի:
Քվեարկությունը, քվորումի առկայության դեպքում, տեղի կունենա այսօր կեսօրին: Ինչպես իրավամբ փաստեց ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը, օրենսգիրքն իր կենսունակությունը ցույց կտա միայն ընտրություններից հետո:
Ն. Պ.