«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2006-10-24 | #203, 2006-10-25 | #204, 2006-10-26


«ՄԵՆՔ ԽԱՂԵՐ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ, ԵՎ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԱՅՆՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆԵ՜Ր ԿԱՆ»

Ասում են Անդրանիկ Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Չորեքշաբթին խորհրդարանում վարչապետի օրն է, որովհետեւ լրագրողները սպասում են ԱԺ հարցուպատասխանից հետո նրան հարցեր ուղղելուն: Այս անգամ, հարցուպատասխանի ընթացքում ԱԺ նախասրահ ծխելու դուրս եկած պաշտպանության նախարարը ակամա թե մտածված, «խախտեց» օրինաչափությունը` ԶԼՄ-ների առանձնապես համառ ներկայացուցիչները կարողացան մի քանի հարցի պատասխան պոկել: Սովորաբար նման դեպքերում լրատվադաշտի ներկայացուցիչները կասկածներ են ունենում, որ Ս. Սարգսյանը պատահմամբ չի եկել ծխելու, այլ բան ունի ասելու: Ինչեւէ...

Իսկ վարչապետին ու նաեւ Սերժ Սարգսյանին սպասում էին հատկապես հարցնելու համար, թե ինչպե՞ս են վերաբերվում «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների կողմից իրենց հասցեին հնչեցված քննադատությանը:

Անդրանիկ Մարգարյանն այդ հարցին այսպես արձագանքեց. «Օրինաց երկիրը» երեկ իր հայտարարություններում, իմ կարծիքով, անհիմն մեղադրանքներ ներկայացրեց, եւ ես չեմ պատրաստվում այդ անհասցե հնչած մեղադրանքներին պատասխանել, որովհետեւ տեղյակ չեմ եւ ուղղակի անտրամաբանական կլիներ պատասխանելը: Իմ կուսակցական ընկերները պատասխանել են», ասաց եւ ուղերձ արեց երեւի երկու կողմին էլ, թե հարկավոր է մի քիչ պարկեշտ եւ իրար նկատմամբ կոռեկտ լինել:

ՕԵԿ-ը սովորություն ունի կանանց միջոցով բաներ ասել, ուղղորդել փորձեց լրագրողը. «Դա կուսակցության խնդիրն է, հանրապետականը ոչնչով օգնել չի կարող»:

100 տոկոս համամասնական ընտրակարգ նախատեսող օրինագծի առաջարկն իսկապե՞ս հանրապետականի խաղն էր. «Մենք խաղեր չենք տալիս, եթե ասելու բան ունենք` միանգամից ասում ենք»:

Վարդան Օսկանյանն էլ հարցազրույցներից մեկում քննադատել էր կառավարությանը (ասել էր, որ չի մասնակցում կառավարության նիստերին, կոռուպցիոներների անուն գիտի` չի ասում եւ այլն), նախարարի պահվածքն ինչպե՞ս է գնահատում. «Ես գտնում եմ, որ ինքը այն ձեւով չէր ուզում ասել, ինչպես մեկնաբանվում է, անկախ նրանից ինքը մասնակցում է կառավարության նիստին, թե՞ ոչ, ինքը պատասխանատու է կառավարության գործունեության համար, ու այդ մասին ինքն ասել էրՙ ըստ իս թյուրըմբռնում է եղել հարցի եւ պատասխանի միջեւ»:

Օսկանյանը գոհացնո՞ւմ է կառավարությանը. «Ի՞նչ հարցով», հումորի տվեց վարչապետն ավելացնելով. «Եթե դժգոհություն լիներ` ես կդիմեի հանրապետության նախագահին, որ նրան ազատեին»:

Երիտասարդ հանրապետական Արմեն Աշոտյանի հայտարարությունը Օսկանյանի զարմանքների մասին ինչո՞վ էր պայմանավորված. «Դե, եթե պարոն Օսկանյանը զարմանում է, Աշոտյանն էլ իրավունք ունի զարմանալու»:

Ջավախքից եկած երիտասարդի ձերբակալության փաստն ինչպե՞ս է գնահատում. «Շատ սովորական, դա քաղաքական խնդիր չէ, երկու պետությունների մեջ եղած խնդիր չէ, անհատի եւ մաքսային կետի կամ անձնագրային ռեժիմի խախտման դեպք է, ես գտնում եմ, որ այդտեղ քաղաքական խնդիր գոյություն չունի: Հարկավոր չէ, որ մենք Հայաստանի ներսում Ջավախքի եւ Վրաստանի ներքին գործերին խառնվենք»:

Իրան-Հայաստան գազամուղի հայկական հատվածը վաճառվո՞ւմ է, թե ոչ. այս մասին ռուսական կողմից հնչող տարաբնույթ լուրերին Անդրանիկ Մարգարյանն այսպես արձագանքեց. «Մենք ընդհանրապես վաճառքի մասին չենք խոսում, կարող է ընդամենը պատահել, որ Հայաստանն իր կողմից կանոնադիր կապիտալի մեջ ներդրում անի, կամ համատեղ ուժերով այդ ներդրումը կատարենք, որովհետեւ անտրամաբանական կլինի Հայաստանում պահել երկու բաշխիչ ցանց. առանձին ունենք ցանց կամ խողովակ, եւ կա «Հայռուսգազարդը»: Երբ գա ժամանակը, ու մենք կարողանանք ճնշման տակ դնել խողովակը եւ գազը ստանալ, քննարկումներն ավելի կոնկրետ կլինեն»:

Իսկ, օրինակ, Սերժ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ «Հայաստան-Իրան գազամուղը ոչ մեկին չենք տվել, դրա մասին շատ հանգամանորեն խոսել է «Հայռուսգազարդի» տնօրենը: ՕԵԿ խմբակցության քննադատություններին էլ այսպես հակադարձեց. «Ոչ միայն ՕԵԿ խմբակցությունը, այլեւ պատգամավորներից ոչ մեկը դատախազ չէ, որ ինձ եւ հանրապետության վարչապետին ինչ-որ բանում մեղադրի: Ինձ համար այս ամբողջը ծիծաղելի է, ուղղակի զավեշտական է: Ես շատ ավելի կարեւոր գործեր ունեմ, քան գնալու կամ մեկին հանձնարարելու, որ Գյումրիում կամ Վանաձորում հարցազրույցը չտպեն կամ եթեր չարձակեն: Այնքան կարեւոր բաներ կան այս երկրում»:

Հետաքրքրական էր Ս. Սարգսյանի` օրհներգի վերաբերյալ դիտարկումը. «Եթե հնարավոր լիներ Չարենցի բառերով եւ Խաչատրյանի երաժշտությամբ` կլինեի այդ հիմնի ամենամեծ երկրպագուն», ասաց բանասիրական կրթությամբ նախարարը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4