Ռոբերտ Աղասարյանն ու Մանվել Պետրոսյանը շարունակեցին հաղթարշավը Բաթումում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում: 7-րդ տուրում Ռոբերտը պարտության մատնեց հնդիկ շախմատիստ Շահ Ֆենիլին եւ վաստակեց 6 միավորՙ տանելով 4-րդ անընդմեջ հաղթանակը: Այդ հաղթանակի շնորհիվ հայ շախմատիստը մինչեւ 12 տարեկանների մրցաշարում հնդիկ Սրինաթ Նարայանանի եւ ուկրաինացի Իլյա Նիզնիկի հետ գլխավորում է աղյուսակը:
Մանվելը, որ հանդես է գալիս տարիքային ամենակրտսեր խմբում, 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավՙ պարտության մատնելով թուրք Ալի Մարանդիին: Նա 6 միավորով այժմ 2-4-րդ տեղերն է զբաղեցնում: Իսկ աղյուսակը 7 միավորով գլխավորում է հնդիկ Մոհինեշը:
Հաջող է հանդես գալիս նաեւ Հովիկ Հայրապետյանը: Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում Հովիկը 5,5 միավորով բաժանում է 3-5-րդ տեղերը: 7-րդ տուրում նա հաղթեց իրանցի Ասքար Գոլիզադեին: Առաջատարների խմբում են նաեւ Հրանտ Մելքումյանը (18 տ.), Սամվել Տեր-Սահակյանը (14 տ.), Գրիգորի Կոստանյանը (8 տ.):
Աղջիկների մրցաշարում Հայաստանի շախմատիստուհիներից լավագույն արդյունքի է հասել Նունե Դարբինյանը, որը մինչեւ 16 տարեկանների մրցաշարում վաստակել է 4,5 միավոր: Նա այժմ 13-րդ տեղում է: Իսկ աղյուսակը 6 միավորով գլխավորում է ադրբեջանցի Գուլնար Մամադովան: 4 միավոր է վաստակել Սուսաննա Գաբոյանը (10 տ.), 3-ական միավոր ունեն Լիա Մարտիրոսյանը (18 տ.), Անի Խանամիրյանը (16 տ.), Աստղիկ Մեսելջյանը (14 տ.), Սվետլանա Միրզաբեկյանը (12 տ.) եւ Սիրանուշ Ղուկասյանը (8 տ.):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ