«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2006-10-24 | #203, 2006-10-25 | #204, 2006-10-26


ԾՆՈՂՆԵՐԻՑ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԺԱՌԱՆԳԱԾ ԳԵՐԲՆԱԿԱՆ ՈՒԺՙ ԳՈՒՄԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Վախթանգի բնորոշմամբ սրանք են իր հաջողությունների գրավականը

Արդեն ավանդույթ է դառնում, որ հայ անվանի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF-ի եւ IBO-ի վարկածներով թեթեւագույն քաշում աշխարհի բազմակի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն ուժեղագույնի կոչումը հերթական անգամ նվաճելուց հետո այցելում է հայրենիք: Այդ ավանդույթն այս անգամ էլ չխախտվեց: Հոկտեմբերի 7-ին Լաս Վեգասում, 6-րդ ռաունդում ֆիլիպինցի Գլեն Դոներին հաղթելուց եւ աշխարհի չեմպիոնի տիտղոսը 5-րդ անգամ պաշտպանելուց հետո Վախթանգ Դարչինյանը կրկին այցելել է Հայաստան: Սակայն այս անգամ նա մենակ չէ: Նրա հետ Հայաստան են ժամանել հարսնացուն` Օլյան, ընկերը` Ջեյը եւ մեր անվանի ծանրորդ, աշխարհի 23 ռեկորդների հեղինակ, աշխարհի, Եվրոպայի եւ օլիմպիական խաղերի բազմակի մրցանակակիր Յուրի Սարգսյանը, որն արդեն երկար տարիներ բնակվում է Ավստրալիայում: Երեկ նրանք «Երեւան» հյուրանոցում հանդիպեցին լրագրողների հետ:

«Շատ ուրախ եմ կրկին Հայաստան այցելելու եւ հարազատներիս ու հայրենակիցներիս հանդիպելու: Խոստմանս հավատարիմ, այս անգամ էլ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո կրկին հայրենիքում եմ: Այս անգամ եկել եմ հարսնացուիս հետ, որին շատ է դուր եկել Հայաստանը: Մտադրվել էինք ամուսնանալ, սակայն որոշ խանգարիչ հանգամանքներ ծագեցին: Ամեն դեպքում, հարսանյաց հանդեսը Հայաստանում է կայանալու», իր ներածական խոսքում ասաց աշխարհի չեմպիոնը:

Նշենք, որ վերջերս Վախթանգը երրորդ գոտին է ստացել: Այն հանձնվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտում ունեցած աննախադեպ նվաճումների համար: Վախթանգն ընդամենը 7-րդ բռնցքամարտիկն է, որ արժանանում է նման բարձր պատվի, ինչը վկայում է հայ մարզիկի մարզական տաղանդի մասին: Նշենք, որ ժամանակին այդպիսի գոտիներ հանձնվել են Մուհամեդ Ալիին եւ Մայք Թայսոնին:

Ի դեպ, Վախթանգի գոտու վրա պատկերված էր հայկական եռագույնը: Պարզվում է, որ չեմպիոնական գոտիների պատրաստման իրավունքը 7 տարով տրվել է հայազգի վարպետ Արմեն Հակոբյանին, որը հաղթել է հատուկ մրցույթում: Եվ ահա նա տեղեկանալով, որ գոտին պետք է հանձնվի Վախթանգ Դարչինյանին, եռագույն դրոշը տեղադրել է գոտու վրա: Նշենք, որ թեեւ Վախթանգը, որն Ավստրալիայում ստացել է «Կատաղած ցուլ» մականունը, հանդես է գալիս այդ երկրի դրոշի ներքո, սակայն մրցումների ժամանակ ռինգ է դուրս գալիս Արա Գեւորգյանի երաժշտության ուղեկցությամբ եւ հայկական դրոշը ծածանելով: Վախթանգը նշեց, որ ֆիլիպինցուն կարող էր հաղթել ավելի շուտ: Սակայն մենամարտը ցուցադրող հեռուստաընկերությունը խնդրել էր որքան հնարավոր է երկարաձգել: Վախթանգը խոստացել էր մրցակցին հաղթել աջ բռունցքի հարվածով եւ խոստումը կատարեց` հուժկու հարվածով կոտրելով ֆիլիպինցու ծնոտը: Ինչպես հայտնի է, մենամարտը դադարեցվել էր 6-րդ ռաունդում` մրցակցին տեխնիկական պարտություն գրանցելով: Վախթանգի մենեջերները բողոքարկել էին այդ որոշումը, քանի որ մրցակիցը վնասվածք էր ստացել հայ բռնցքամարտիկի բռունցքի հարվածի պատճառով, ուստի պետք է հաղթանակ գրանցել տեխնիկական նոկաուտով: Դարչինյանը տեղեկացրեց, որ շուտով նման որոշում կկայացվի:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Դարչինյանը նշեց, որ հաջորդ մենամարտը նախատեսված է հունվարին, սակայն մրցակիցը դեռեւս հայտնի չէ: Վախթանգը մտադիր է տեղափոխվել ավելի բարձր քաշային կարգ, քանի որ քաշային իր կարգում WBC-ի վարկածով աշխարհի թաիլանդցի չեմպիոնը բազմիցս հրաժարվել է բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար իր հետ մենամարտելուց: Վախթանգ Դարչինյանը վաղուց օգնում է իր ծննդավայրում` Վանաձորում գործող բռնցքամարտի մարզադպրոցին, որը կրում է իր առաջին մարզիչ Վազգեն Բադալյանի անունը: Նա վաղուց էր երազում Վանաձորում հիմնել «Վախթանգ Դարչինյան» ակումբ: Եվ ահա դա իրականություն է դառնում: Վանաձորի քաղաքապետարանն այդ նպատակի համար տարածք է տրամադրել:

Այն հարցին, թե մեծ սպորտին հրաժեշտ տալուց հետո Վախթանգն արդյոք չի՞ պատրաստվում Հայաստան վերադառնալ, Դարչինյանը կես կատակ, կես լուրջ պատասխանեց, որ կես տարի կբնակվի Ավստրալիայում, կես տարի` Հայաստանում:

Վախթանգի մասին ջերմ խոսքեր ասաց մեր վաստակաշատ ծանրորդ Յուրի Սարգսյանը, որը վերջին տարիներին մշտապես նրա հետ է մրցումների ժամանակ: «Առաջին անգամը չէ, որ մենամարտի ժամանակ նրա կողքին եմ գտնվում: Ամեն անգամ ապրումներ եմ ունենում, թեեւ վստահ եմ, որ Վախթանգը հերթական հաղթանակը կտոնի: Վախթանգն այսօր հզոր ուժ է, միշտ ձգտում է առավելագույնին եւ իր խոսքի տերն է: Օրինակ, խոստացել էր ֆիլիպինցուն հաղթել աջ ձեռքի հարվածով եւ այդպես էլ տեղի ունեցավ: Ճիշտ է, բռնցքամարտում ես նրան չեմ կարող օգնել, սակայն իմ 30-ամյա մարզական փորձի շնորհիվ կարող եմ օգտակար խորհուրդներ տալ Վախթանգին մարզումների գործընթացի, քաշ գցելու, հոգեբանական պատրաստության հարցերում», նշեց Յուրի Սարգսյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ընդամենը չորս ամիս առաջ է հրաժեշտ տվել մեծ սպորտին եւ այժմ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի դոպինգ հսկման հանձնախմբի փոխնախագահն է: Հոր գործը շարունակում է որդին` Դավիթը, որը վերջերս ծնկի բարդ վիրահատության է ենթարկվել: Փառք Աստծո, վիրահատությունը հաջող է անցել եւ Դավիթը շուտով կսկսի մարզումները: Ըստ նախկին ծանրորդի, որդուն մեծ ապագա է սպասում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4