ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հոկտեմբերի 11-ի հայտնի հայտարարությունից հետո կարծես թե տեսակետների շրջանառությունները, մասնավորապես երրորդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ, դադարել են, թեպետ որոշ կասկածանքներ այս առնչությամբ դեռեւս հնչեցվում են: Ամբողջ խնդիրն այն է, որ այսօրվա դրությամբ երեւակված չէ ԼՂՀ հաջորդ նախագահի հնարավոր թեկնածուն: Այն անունները, որոնք հոլովվում են առայժմ նեղ շրջանակներում, մեղմ ասած, վստահություն չեն ներշնչում: Կարելի է ենթադրել, իհարկե, որ վարչական ռեսուրսների լիարժեք օգտագործմամբՙ իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուն 2007-ի նախագահական ընտրապայքարում կհաղթի: Բայց չեն բացառվում նաեւ անակնկալները, ինչպես օրինակՙ 2004 թվականին, երբ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում ընդդիմության թեկնածուն անսպասելի հաղթանակ տարավ, որը համագնահատվեց իբրեւ ժողովրդավարության հաղթանակ:
Կա նաեւ մեկ այլ հանգամանքՙ ղարաբաղյան կարգավորման գործընթացի նրբություններին անիրազեկ անձի հայտնվելը պետության ղեկին, արտաքին քաղաքականության վարման առումով, արդյոք չի՞ թուլացնի ԼՂՀ-ի դիրքերը: Միեւնույն ժամանակ ներքաղաքական ազդեցության համամասնությունները վերջին տասնամյակում ուժերի այնպիսի դասավորություն են ստեղծել Ղարաբաղում, որ դրա սասանումը կարող է անդրադառնալ ներքին կայունության վրա, ինչը վճռորոշ պայման է ԼՂՀ-ի վարկանիշը գոնե մինչ այժմ եղած նշաձողի վրա պահելու համար: 1999-ի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելուց հետո Արկադի Ղուկասյանին հաջողվել է երկրում ներքին կայունություն ապահովել, եւ այդ ընթացքում անվերապահորեն ընդունվել է նրա առաջնորդությունը:
Թերեւս այս հանգամանքն է երկրի հեռանկարի նկատմամբ զգոնություն ցուցաբերող որոշ քաղաքական գործիչների այսօր ստիպում ափսոսալ նախագահի ժամկետային հեռացման առթիվ: Արցախի կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանն, օրինակ, գտնում է, որ Արկադի Ղուկասյանը երրորդ ժամկետից հրաժարվելուց առաջ գուցե թե պետք է խորհրդակցեր բոլոր քաղաքական ուժերի հետ: Առհասարակ, նրա համոզմամբ, ԼՂՀ ներկայիս խորհրդարանը շատ թույլ է, եւ այդ թուլության պարագայում Ղուկասյանի հեռանալը սխալ կլիներ: Միեւնույն ժամանակ, ըստ Հ. Մելքումյանի, ընդդիմությունը երբեք սուր կերպով չի դրել Ա. Ղուկասյանի հեռանալու հարցը, եւ կարիք չկա ինչ-որ մարդկանց վրա չարանալովՙ կանխապես որոշում ընդունել: Ղարաբաղի համար այսօր արտաքին քաղաքականությունն ավելի կարեւոր է, քան ներքինը, իսկ Արկադի Ղուկասյանին համահավասար մեկ ուրիշ գործիչ արտաքին քաղաքականության մեջ չունենք. մասնավորապես այս համոզմունքն է հայտնել նա «Karabakhopen» էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում:
Նկատենք, որ ԼՂՀ-ում առկա կուսակցություններից կոմկուսն առաջինն է նման մտահոգություն արտահայտում, ու չի բացառվում, որ մոտ ապագայում նրան կհետեւեն այլ կուսակցություններ: Այդ դեպքում նախագահն արդյոք կանսա՞ նման կարգի մտահոգություններին, մանավանդ որ ինչպես նշված է հայտարարության մեջՙ երրորդ ժամկետով մնալու առաջարկով հանդես են եկել ԱԺ մի շարք պատգամավորներ, որոնց ինքը փաստացի մերժել է:
Նախագահական թեման, թերեւս, ավելի կթեժանա սահմանադրության ընդունումից հետո, որը նախատեսվում է անցկացնել այս տարվա դեկտեմբերի 10-ին: Հավանական թեկնածուներն էլ այդժամ կսկսեն ակտիվանալ, որովհետեւ մինչեւ նախագահական ընտրությունները 7-8 ամիս է մնում, ինչը քաղաքական ուժերի կողմնորոշումների համար բավականին սեղմ ժամկետ է: Այլ հարց է, թե ում ակնկալումն ավելի իրատեսական կլինի, ինչու չէ, նաեւ սեփական կարիերայի պատկերացումներում:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ