«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2006-10-25 | #204, 2006-10-26 | #205, 2006-10-27


Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. «ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԿՁԱԽՈՂՎԻ ԿՐԿԻՆ»

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով եւ փոխզիջումների միջոցով» Ռազմաքաղաքական եւ անվտանգության հարցերով ուսումասիրություններ կատարող «Ջեյնս» հետազոտական կենտրոնին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Սակայն, նրա կարծիքով, Ադրբեջանի քաղաքականությունը չի նպաստում նման լուծմանը. «Այսօր (Ադրբեջանի) պաշտոնյաները խոսում են պատերազմի վերսկսման մասին: Վերջին տարվա ընթացքում կրկնապատկել են իրենց ռազմական ծախսերը»: Այնուհետեւ Հայաստանի պաշտպանության նախարարը փաստում է, որ չեզոք փորձագետների գնահատմամբ, Ադրբեջանը դեռեւս անկարող է հարցը լուծել ռազմական ճանապարհով. «Եթե մարտերը վերսկսվեն, Հայաստանը կրկին առավելության կհասնի: Սակայն անկախ արդյունքից` պատերազմը հարված կլինի երկու կողմերի համար»: Սերժ Սարգսյանը վերոհիշյալ հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանի նավթային եկամուտներին եւ դրանք Ղարաբաղի հարցը լուծելու նպատակով օգտագործելու Ադրբեջանի ցանկությանըՙ հիշեցրել է 90-ականների սկզբներին թվաքանակի եւ Խորհրդային Միությունից ժառանգած սպառազինության Ադրբեջանի ունեցած մեծ առավելությունը. «1992-ին նրանք շրջապատեցին Ղարաբաղի հայերին, եւ քչերն էին հավատում, որ մենք կարող ենք հաջողության հասնել: Նավթային եկամուտների բոլոր կանխատեսումներով հանդերձ, ոչ հիմա, ոչ էլ նույնիսկ սրանից շատ տարիներ հետո նրանք չեն հասնի այն առավելությանը, որն ունեին 14-15 տարի առաջ: Ռազմական լուծման Ադրբեջանի տարբերակը ձախողվեց այն ժամանակ, կձախողվի կրկին: Հուսով եմ, վաղ թե ուշ Ադրբեջանի ղեկավարները կհրաժարվեն այդ մոտեցումից»:

Հայաստանի պաշտպանության նախարարն անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններինՙ խոսել է նաեւ Թուրքիայի մասին, ընդգծել, որ այդ երկրի քաղաքականությունը երկար ժամանակ վնաս է հասցրել ՆԱՏՕ-ի հեղինակությանը Հայաստանում: «Ռուսաստանի ռազմակայանը Հայաստանում ստեղծվել է Հայաստանի համար արտաքին սպառնալիքի առկայության պայմաններում, եւ ինչ-որ չափով այս հենակետը ծառայել է իբրեւ այդ սպառնալիքը զսպող ուժ: Դժբախտաբար, մինչ օրս այդ սպառնալիքը չի վերացել, քանի որ չի եղել շոշափելի բարելավում Թուրքիայի հետ մեր հարաբերություններում: Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակումը, ինչը, ըստ էության, թշնամական գործողություն է մեր դեմ: Թուրքիան նաեւ պաշտպանում է Ադրբեջանինՙ Ղարաբաղի հակամարտության հարցում, եւ մեր հարաբերությունների բարելավումը պայմանավորում է Ադրբեջանի քմահաճույքով», ռազմաքաղաքական եւ անվտանգության հարցերով ուսումասիրություններ կատարող «Ջեյնս» հետազոտական կենտրոնին տված հարցազրույցում ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4