«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2006-10-25 | #204, 2006-10-26 | #205, 2006-10-27


ԽՈՍՔԸ ՆԱԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է

ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի նախօրեին խորհրդարանում արած հայտարարությունը, որ Ադրբեջանի հետ բանակցություններում տարածքների հարցը կքննարկվի միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո եւ «միայն այդ դեպքում մենք մանրամասների մեջ կմտնենք տարածքների հարցում», արժանացել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թաղիզադեի դրական գնահատականին:

«Ադրբեջանի տարածքների վերադարձի անհրաժեշտությունը փաստ է հայկական կողմի համար», ասել է Թաղիզադեն ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում: «Հայաստանի արտաքին գործերի նախարարը հստակ եւ պարզ հասկացրեց, թե հայկական կողմը հասկանում է, որ Ադրբեջանական Հանրապետության բոլոր գրավյալ տարածքների վերադարձըՙ իրենց մշտական բնակության վայրերը տեղահանվածների վերադարձի հետ մեկտեղ, հակամարտության կարգավորման անքակտելի տարրն է», հավելել է նա: Թաղիզադեն, սակայն չի անդրադարձել Օսկանյանի այն պարզաբանմանը, որ խոսքը նաեւ հայկական տարածքների մասին է: «Տարածքներ ասելով` մենք հասկանում ենք բոլոր տարածքներըՙ նաեւ Ղարաբաղի հյուսիսային եւ արեւելյան շրջանները, Մարտակերտը եւ Մարտունին: Շահումյանը նույնպես փաթեթի մաս է կազմում», նախօրեին ընդգծել էր Օսկանյանըՙ շեշտելով, որ «այդ հարցերը տարբեր շերտերում, տարբեր հարթության վրա են գտնվում, բայց բոլորն էլ փաթեթի մաս են կազմում»:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4