«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2006-10-25 | #204, 2006-10-26 | #205, 2006-10-27


ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԸ` ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Թուրքիայի քաղաքական կյանքում անժխտելի է բանակի դերը: Ազգային անվտանգության խորհրդի միջոցով բանակը վերահսկում էր երկրի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանությունների գործունեությունը: Թեեւ Եվրոմիության համառ պահանջների շնորհիվ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը հաջողվել է խորհրդի կազմում կրճատել զինվորական իշխանության ներկայացուցիչների թիվը եւ գլխավոր քարտուղարի պաշտոնը հանձնել քաղաքացիական գործչին, այնուամենայնիվ բանակի դիրքերը բավականին ուժեղ են երկրում, իսկ Ազգային անվտանգության խորհուրդը դեռեւս շարունակում է ազդել Թուրքիայի ազգային մեծ ժողովի` Մեջլիսի եւ կառավարության որոշումների վրա:

Դա հատկապես նկատելի է դառնում, երբ խոսքը վերաբերում է ազգային խնդիրներին, որոնցից հայկականին առանձնակի նշանակություն են հաղորդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը, ճանաչումը որպես ԵՄ-ին անդամակցության նախապայման Թուրքիային առաջադրելու Ֆրանսիայի ձեռնարկումներն ու Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման առումով Անկարայի վրա գործադրվող ամերիկյան ճնշումների համադրումը եվրոպական ճնշումներով:

Թերեւս այդ ամենի առումով պատահական չէ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յիղիթ Ալփոգանի փոխարեն Էջվեթ Թեզջանի առաջադրումը: Այդ մասին հոկտեմբերի 26-ի համարում տեղեկացնում է «Հուրիեթը», ընդգծելով, որ արտակարգ եւ լիազոր դեսպան Թեզջանը մասնագիտացված է հետախուզության, Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի հարցերում:

Ըստ թուրքական թերթի, ներկայումս Լեհաստանում Թուրքիայի դեսպանի պաշտոնը վարող Թեզջանին Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար առաջադրելու կառավարական որոշումը հաստատման համար ներկայացվել է նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերին:

Թուրքական թերթը հիշեցման կարգով նշում է նաեւ, որ 2003 թ., երբ Թեզջանը Թուրքիայի արտգործնախարարության հետախուզության վարչության պետն էր, պաշտոնական Անկարան որոշեց նրան գործուղել ԱՄՆ, հանդիպելու հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Նա հանդիպումներում պահանջել է հրաժարվել ցեղասպանության պնդումներից, մատնանշելով, որ սփյուռքի հակաթուրքական դիրքորոշման հետեւանքով առավելապես տուժում է հենց Հայաստանը:

«Հուրիեթի» վերոհիշյալ տեղեկությունը հրապարակվել է «Հայկական խնդիրներում մասնագիտացած գլխավոր քարտուղար` Ազգային անվտանգության խորհրդին» վերնագրով: Ի դեպ, Թեզջանը ամուսնացած է, երկու երեխաների հայր է, տիրապետում է ֆրանսերենին եւ անգլերենին:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4