«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2006-10-25 | #204, 2006-10-26 | #205, 2006-10-27


ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

Այսօր, ժամը 11-ին Ջավախքում կկազմակերպվի հանրահավաք` «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամ եւ Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միության (ՋԵՄՄ) կենտրոնական վարչության նախագահ Վահագն Չախալյանին ազատ արձակելու պահանջով: Այս մասին տեղեկացնում է ՋԵՄՄ-ի հայտարարությունը, ուր ասվում է, թե հանրահավաքի ժամանակ պետք է քննարկվեն նաեւ Չախալյանի դեմ հարձակման ու ձերբակալման հետ ուղղակի կապ ունեցող մի շարք հարցեր, ինչպիսիք են Կարս-Ախալքալաքի շինարարության խափանման հրամայականը, քրեական տարրերի կողմից քաղաքական պատվերի կատարումը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կեղծումը, հայ-վրացական սահմանի խստացումը եւ այլ խնդիրներ:

Հայտարարության մեջ համոզմունք է հայտնվում, թե Չախալյանի եւ նրա ընկեր Գուրգեն Շիրինյանցի դեմ իրականացված հարձակումը անմիջականորեն կապ ունի նրանց հասարակական-քաղաքական գործունեության հետ: «Այժմ մեզ համար ակնհայտ է, որ Ջավախքի փաստացի եւ ժողովրդականություն վայելող առաջնորդներից մեկի ազատազրկումը հայրենի իշխանությունների կողմից թիկունքից հասցված ծանր հարված է, որը կոտրում է ջավախահայության պայքարելու կամքը այնպիսի կարեւոր հարցերում, ինչպիսին է օրինակ Կարս-Ախալքալաք պանթուրքական երկաթգծի շինարարությունը խափանելու ազգային հրամայականը», ասվում է տեղեկատվության մեջ:

Միությունը հայտնում է, որ եթե Չախալյանն ազատ չարձակվի, իրենք դրան հասնելու են բոլոր հասու եւ կտրուկ միջոցներով:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4