«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2006-10-25 | #204, 2006-10-26 | #205, 2006-10-27


ՊԵԼՈԶԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ՞ ՀԱՍՏԵՐՏԻՆ

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը սույն հոդվածով հույս է հայտնում, որ նոյեմբերի 7-ի ընտրությունների արդյունքում կփոխվի Մ. Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակը:

Նոյեմբերի 7-ին կայանալիք կոնգրեսական ընտրությունները կարող են շրջադարձային լինել բոլոր ամերիկացիների համար, հատկապես իրաքյան պատերազմի խնդրի առնչությամբ, եթե երբեւէ դեմոկրատներին հաջողվի մեծամասնություն կազմել ներկայացուցիչների պալատում եւ գուցե նաեւ Սենատում:

Ամերիկահայերի համար այդ ընտրությունները վերջապես կարող են հնարավորություն ստեղծել ազատվելու Բուշի վարչակարգի եւ հանրապետական ղեկավարների կողմից պաշտոնի կոչված «դժվարամարսելի» այն անձնավորությունից, որը տարիներ շարունակ խափանում է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Կոնգրեսի երկու պալատներն էլ միահամուռ հավանություն կտային ներկայացված բանաձեւերին, եթե հանրապետական ղեկավարությունը թույլ տար ժողովրդի ներկայացուցիչներին քվեարկելու իրենց խղճին անսալով:

Ներկայացուցիչների պալատի ընտրարշավում ամերիկահայերի շահերը պահանջում են, որ քվեարկեն այն թեկնածուների օգտին, ովքեր արդեն անդամ են հայկական հարցերի կոնգրեսական խմբավորման, կամ ովքեր խոստացել են անդամակցել դրան ընտրություններից հետո: Քվեարկողները կարող են դիմել Վաշինգտոնում հայկական քարոզչությամբ զբաղվող կազմակերպություններին` պարզելու համար իրենց տարածքի թեկնածուների հակվածությունները: Եթե հստակ չլինեն նրանց դիտավորությունները, նախընտրությունը պետք է տալ դեմոկրատ թեկնածուներին: Այդ դեպքում դեմոկրատները մեծամասնություն կկազմեն, եւ հայկական համայնքի երկարամյա բարեկամ կոնգրեսական Նենսի Պելոզին (Կալիֆոռնիայից) կդառնա ներկայացուցիչների պալատի խոսնակը` փոխարինելով այդ պաշտոնում Դենիս Հաստերտին, որը քանիցս դրժել է Հայոց ցեղասպանության առնչությամբ իր խոստումը:

Հազարավոր թեկնածուներին անդրադառնալու փոխարեն ես կանգ կառնեմ նրանցից մի քանիսի վրա: Ինքնըստինքյան հասկանալի է, որ ամերիկահայերը պետք է վերընտրեն Կոնգրեսի այն երկու անդամներին, ովքեր հայկական ծագում ունեն: Դրանք են Աննա Էշուն (դեմոկրատ` Կալիֆոռնիայից) եւ Ջոն Սուինին (հանրապետական` Նյու Յորքից): Նաեւ քվեարկեն հօգուտ հանրապետական սենատոր Չակ Փուչիկյանի, որը պատրաստվում է դառնալ Կալիֆոռնիա նահանգի գլխավոր դատախազ: Նրան դժվարին ճանապարհ է սպասում, քանի որ պայքարում է նախկին կառավարիչ Ջերի Բրաունի դեմ, որի անունը ավելի լայն զանգվածներին է հայտնի: Դեմոկրատ Պոլ Գրիգորյանը, մեր կարծիքով, հեշտությամբ տեղ կզբաղեցնի Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայում: Հայ համայնքի քվեներին արժանի է նաեւ Դենի Թարխանյանը, որդին բասկետբոլի լեգենդար մարզիչ Ջերի Թարխանյանի, որը հավակնում է Նեւադայի նահանգային քարտուղարի պաշտոնին: Ակնկալվում է, որ Նյու Ջերսիից դեմոկրատ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն առանց դժվարությունների կվերընտրվի: Սակայն հանրապետական Ջո Նոլենբերգի վիճակը բավական բարդ է: Նրան անպայման պետք է աջակցի հայկական համայնքը, անկախ այն հանգամանքից, որ նա դեմոկրատ չէ: Համայնքը չի կարող, չպետք է դավաճանի իր անխոնջ պաշտպանին, որը մինչեւ այժմ միշտ նեցուկ է կանգնել հայկական բոլոր հարցերին:

Հավատացած ենք, որ նախկինների վերընտրությամբ եւ նոր անդամների ընդգրկումով հայանպաստ քարոզչությամբ զբաղվող խմբակցությունը կունենա 218 անդամ Կոնգրեսում, որն էլ կկազմի մեծամասնություն:

Գալով Սենատին, առաջինը ում պետք է պաշտպանել ամեն գնով, Ռոբերտ Մենենդեզն է (դեմոկրատ` Նյու Ջերսիից), որն առաջինը դեմ արտահայտվեց Ռիչարդ Հոգլանդի թեկնածությանը որպես Հայաստանում Ամերիկայի հաջորդ դեսպանի: Նրան էլ ծանր պայքար է սպասում, քանի որ իր պաշտոնում նշանակված է ընդամենը 10 ամիս առաջ եւ այժմ էլ մրցում է հանրապետական Թոմաս Քին կրտսերի հետ: Պետքարտուղարությունը անշուշտ նրա պարտությունն է ցանկանում, քանի որ այդ դեպքում Հոգլանդի դեմ դրված արգելքը կվերանա:

Նոյեմբերի 7-ին ամերիկահայերը պետք է իրենց քվեները կենտրոնացնեն վերոնշյալ այս թեկնածուների վրա, որպեսզի հնարավոր լինի Նենսի Պելոզիին տեսնել Դենիս Հաստերտի փոխարեն:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4