«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2006-10-25 | #204, 2006-10-26 | #205, 2006-10-27


ՀՀ-ՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԱՆՑԱՎ ԳՈՐԾԻ

Երեկ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին իր հավատարմագիրը հանձնեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Յասուո Սայիտոն, որը նաեւ դեսպան է Բելառուսում, Թուրքմենիայում եւ ՌԴ-ում (նստավայրը Մոսկվա): Պարոն դեսպանը Երեւանում իր պաշտոնավարության օրը սկսեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին ճապոնական կառավարության 2 տարի առաջ սկսված գրանտային ծրագրի շրջանակներում` ձայնային սարքավորումների նվիրատվության արարողությունով: 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ձայնային սարքավորումները շարժական են եւ կարող են օգտագործվել երկու բեմերի համար: Դեսպան Յասուոն կտրելով սարքավորումների կարմիր ժապավենը նշեց. «Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին ցուցաբերում է տարբեր տնտեսական աջակցություն, եւ այս ձայնային սարքավորումների նվիրատվությունը իրականացնում ենք մշակութային անհատույց ծրագրի շրջանակներում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային կենտրոնին»: «Ազգի» այն հարցին, թե տեղյա՞կ են, որ համալիրն այլեւս պետական չէ, դեսպանը շեշտեց. «Մեզ համար կարեւոր է, որ այն ծառայի իր նպատակին ու աջակցի մշակույթի զարգացմանը»: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ երկու տարի առաջ Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ-ին հատկացված գրանտային ծրագրի շրջանակում իրականացվել է Մատենադարանին, ՀՊՖ-նվագախմբին երաժշտական գործիքներ, համերգասրահին` սարքավորումներ են տրվել եւ ահա այստեղ կարեւորելով նման ծրագրերի իրականացումը նախարարը կարծիք հայտնեց, որ «ապագայում նման համագործակցությունը պետք է շարունակվի, քանի որ այդ գրանտների շնորհիվ հնարավոր է լինում արդիականացնել մեր մշակութային դաշտն ու գործընթացը»: Իսկ ինչո՞ւ սեփականատիրոջ կառույցին «Ազգի» հարցին, եղավ պատասխան. «Մշակույթի նախարարությունը սեփականատիրոջ հետ ունի պայմանագիր, որ պետական միջոցառումները անվճար պետք է կայանան համալիրում ու այս սարքավորումներն էլ պիտի ծառայեն մշակույթին»: Եթե կա նման պայմանագիր, ապա ինչու Հայաստան-սփյուռք 3-րդ համաժողովի համար պետությունն ահռելի գումարներ է վճարել, որի մասին հաշվետվության մեջ նշել էր արտգործնախարարությունը: Այ սա պարզապես անհասկանալի է... Իհարկե շատ լավ է, որ նման աջակցությունները իրականանում են, սակայն շնորհակալության փոխարեն լավ կլիներ, որ համալիրի տնօրենությունը գոնե իր աշխատակիցներով դահլիճը լցներ, այլ ոչ թե դատարկ դահլիճով դեսպանին բեմ հրավիրեր խոսք ասելու: Տխրեցին ու հրաժարվեցին նաեւ այն երգիչները, որոնք պատրաստվում էին ելույթ ունենալ, միայն մեկ համար նվագեց ջութակահարը եւ վերջ... Ահա, թե ինչպես ենք շնորհակալ լինում...

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4