Թուրք հաքերները ավերներ են գործում
Ստամբուլի զբոսաշրջության պաշտոնական կայքէջի ֆրանսերեն տարբերակում օրերս հայտնվել է տպատառերով գրված մի վերնագիր, որով բողոքարկվում է Ֆրանսիայի ազգային ժողովի հոկտեմբերի 12-ին ընդունած օրենքը: Ահավոր սխալներով գրված տեքստը հայտարարում է, որ «Թուրքիան իր պատմության մեջ երբեք ցեղասպանություն չի գործել», որ «ֆրանսիացիները մեր եվրոպական մայրցամաքի մասին չնչին գաղափար անգամ չունեն» եւ վերջապես, որ «Թուրքիան ծնունդ է առել 1923-ին, հետեւաբար ոչ թուրք, ոչ էլ թուրքական բանակ է եղել 1915-ին»: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:
Այս մասին խմբագրությանը տեղեկացրել է Ֆրանսիայից Ժան Էսքիյանը, ավելացնելով, որ 900-ից ավելի ֆրանսիական կայքէջեր թուրք հաքերների թիրախ են դարձել հոկտեմբերի 12-ից հետո: Դրանց թվում են քաղաքապետարանների, համալսարանների, խոշոր կազմակերպությունների եւ ֆրանսահայ համայնքի կայքէջերը:
Հոկտեմբերի 23-ի դրությամբ այդ կայքէջերից օգտվել դեռեւս հնարավոր չի եղել: Հաքերներին, որոնք հատուկ դասընթացներ են անցել 2003 թվից, խմբավորում են մեկ ընդհանուր` RSF (Rooting Sabotage Forced) անվան տակ:
Հ. Ծ.