2006 թ. մարտ ամսին Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում «Կովկասյան հարեւաններ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ժողովուրդները միմյանց աչքերով» թեմայով կլոր սեղանի ընթացքում ծագեց մի գաղափարՙ Հայաստանից եւ Թուրքիայից 5-ական լուսանկարիչներ մեկ շաբաթվա ընթացքում պետք է կադրեր լուսանկարեն Երեւանում եւ Ստամբուլում: Չորեքշաբթի օրը «Մոսկվա» կինոթատրոնի 2-րդ հարկում բացվեց 130 լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կրում էր «մերհաբա» եւ հայերեն «բարեւ» բառերը: «Մերհաբարեւ»-ը միմյանց կծանոթացնի 2 երկրները, որոնք լինելով անմիջական հարեւաններ, իրարից մեկուսացված են փակ սահմաններով եւ չունեն դիվանագիտական հարաբերություններ: Երեկ ցուցահանդեսի բացման առիթով իրենց տպավորությունների մասին պատմեցին մեր լուսանկարիչները` Գերման Ավագյանը, Ռուբեն Մանգասարյանը եւ Անահիտ Հայրապետյանը, որոնք շուրջ 2000 կադրերից ցուցադրության էին ներկայացրել 130-ը: Ներկա էր նաեւ Թուրքիայից լուսանկարիչ Օսջան Յուրդալանը, որ նշեց. «Նմանատիպ ակցիաները, հատկապես եթե լրագրողներն էլ իրենց հրապարակումներով աջակցեն մեզ, կարող են շատ դրական ազդեցություն ունենալ մեր երկրների համագործակցության ու փակ ուղիների բացման համար: Երեւանում մենք շատ լավ օրեր անցկացրինք (Կերեմ Ուզել, Մեհմետ Կաչմազ, Սերրա Ակչան, Թոլգա Սեզգին) եւ մեր գործընկերների հետ շփվում էինք միջազգային լեզվով` լուսանկարչական լեզվով ու միմյանց վստահելով մեկ ընդհանուր գործ արեցինք, ապագային մի կարեւոր մեսիջ ուղարկելով` մեր աչքերի տեսածը անմահացնելով...»:
«Ազգի» այն հարցին, թե մասնակցելու է պրն Յուրդալան Աղթամար եկեղեցու բացմանը, եւ ինչո՞ւ է հետաձգվում այն, թուրք լուսանկարիչը ասաց. «Սիրով կմասնակցեմ, եթե իմ Երեւանի այցը չխանգարի, իսկ բացումը հետաձգվում է մեր վարչապետի վատառողջ լինելու պատճառով միայն»: Իսկ թե ցեղասպանության փաստը ինչպե՞ս են ընդունում երիտասարդները, պրն Յորդալան անկեղծացավ. «Շատերն են ընդունում, սակայն կան նաեւ շատերը, ովքեր խառնում ու խոչընդոտում են, այնպես որ պետք է համբերենք ու հենց նման ակցիաներով մեր երկու երկրների միջեւ, գուցե չնչին, բայց փորձենք գոնե մշակույթի բնագավառում համագործակցել»:
Ցուցահանդեսը կանցկացվի Գյումրիում եւ Ստամբուլում, որի աջակիցն է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատունը: Ծրագրի շրջանակներում կտպագրվի եռալեզու ֆոտոալբոմ: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ նոյեմբերի 2-ը, որի ընթացքում Երեւանի տարբեր բուհերի լրագրության ֆակուլտետի ուսանողների համար կկազմակերպվեն բաց դասեր:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ